Եթե դուք մեկնել եք արտերկիր և չգիտեք տվյալ երկրի լեզուն, ապա ձեզ օգնության կհասնի ժեստերի լեզուն: Սակայն կան շարժումներ, որոնք որոշ երկրներում նորմալ են ընդունվում, իսկ որոշ երկրներում էլ ընկալվում են որպես վիրավորանք: Այս նյութը ձեզ կօգնի հասկանալ, թե որ երկրում չպետք է ցույց տալ ձեռքերի ամենահայտնի շարուժումները:

Ձեռքի բութ մատը վեր
Այս ժեստը համարվում է համաձայնության և հավանության նշան: Ավտոսպորտով զբաղվողները, նույնպես բավականին հաճախ են օգտագործում այս շարժումը, թե ճանապարհին ավտոմեքենա կանգնեցնելիս և թե որպես «կանգառ»: Սակայն, Թայլանդում ձեռքի այս ժեստը դատապարտման և մեղադրանքի նշան է համարվում: Իրանում ձեռքի այս շարժումը կիրառելիս, դաժան հաշվեհարդար կստանաք: Այստեղ այդ շարժումը համարվում է խիստ վիրավորական ակնարկ, որը մոտավորապես հավասարազոր է միջնամատ ցույց տալուն:

 

Երկու մատի շարժում՝ «Հաղթանակ»
Ժեստ «Վիկտորիան» ձեռքի ցուցամատի և միջնամատի օգնությամբ V տառի ստեղծումն է, որը շատ երկրներում խորհրդանշում է հաղթանակ կամ խաղաղություն: Սակայն Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում և Ավստրալիայում, եթե Ձեր ձեռքի ափը V նշանով թեքված լինի դեպի զրուցակիցը, ապա այն կունենա «հեռու մնա ինձանից, քանի հարցերդ չեմ լուծել» նշանակությունը:

 

Ձեռքի ափով շարժում՝ «մունցա»
Առաջ պարզած ձեռքի ափը, հաճախ օգտագործվում է «կանգնիր» արտահայտության փոխարեն, բայց Հունաստանում այս ժեստն այլ իմաստ ունի: Խոսակցին ուղղված առաջ պարզված ափերն օգտագործում են, երբ ցանկանում են արտահայտել ծայրահեղ վրդովվածությունը կամ «գրողի ծոցը գնա» արտահայտությունը: Այդ ժեստի նշանակությունն սկսվել է կիրառվել դեռ բյուզանդական ժամանակաշրջանից, երբ հանցագործի վրա ցեխ էին քսում, նրան ծիծաղի առարկա դարձնելու համար:

 

Ցուցամատով կանչող շարժում
Ցուցամատով կանչող ժեստն ունի «արի ինձ մոտ» նշանակությունը: Ֆիլիպիններում այդ ժեստի կիրառումը տեղին է միայն շների հետ շփման ժամանակ և խոսում է այն մասին, որ դուք ձեր զրուցակցին ավելի ցածր եք գնահատում: Ֆիլիպիններում ձեռքի այս ժեստի ոչ տեղին օգտագործումը կարող է հանգեցնել ձերբակալման:

 

Գլուխը շոյել
Մարդու գլուխը շոյելը հիմնականում ընկերասիրության, սիրո, քնքշանքի և նրբության դրսևորման ձև է: Ըստ բուդդայական կրոնի' մարդկանց գլխի վերին հատվածը համարվում է ամենազգայուն կետը, որտեղ ապրում է անհատի հոգին: Այդ հատվածին դիպչելը համարվում է մարդու ենթագիտակցության և հոգեկան ներաշխարհի մեջ ագրեսիվ երանգների ներթափանցում:

 

«Օկ» ժեստը
«ՕԿ» ձեռքի շարժումը կազմված է բութ մատից և ցուցամատից, որը նշանակում է ամեն ինչ կարգին է կամ ճիշտ է: Ֆրանսիայում նշանակում է «զրո» կամ «անտեղի է»: Հունաստանում և Թուրքիայում այդ նշանը համարվում է շատ գռեհիկ, որը մատնանշում է մարդու մարմնի ինտիմ մասերը կամ համասեռամոլ լինելու ակնարկ է: Միջին Արևելքի երկրներում, օրինակ՝ Քուվեյթում, «ՕԿ» նշանակում է չար աչք:

 

Երեք մատի համակցումը
Երեք մատի համակցումը այդքան էլ «անմեղ» ժեստ չի համարվում և հաճախ օգտագործվում է մերժման կամ անհամաձայնության դեպքում: Բրազիլիայում այն ավելի լավ նշանակություն ունի, կիրառվում է հաջողություն մաղթելիս և չար աչքից պաշտպանվելու համար:

 

Ձախ ձեռքով շարժում
Բազմաթիվ երկրներում մարդիկ ուշադրություն չեն դարձնում, թե որ ձեռքով են ինչ-որ բան առաջարկում ուրիշներին: Սակայն, Հնդկաստանում, Շրի-Լանկայում, Աֆրիկայում և Միջին Արևելքում ձախ ձեռքը համարվում է «կեղտոտ» և նախատեսված զուգարանում սրբվելու համար: Նույնիսկ ձախլիկը պետք է հաց ուտի աջ ձեռքով: Նույնը վերաբերում է ձեռքսեղմումներին և իրեր փոխանցելուն: Ճապոնիայում սիրալիր է համարվում երկու ձեռքով իրերի փոխանցումը, այն ժամանակ, երբ մեկ ձեռքով շարժումը կարող է համարվել արհամարհանք:

 

Մատների խաչում
Արևմտյան շատ երկրներում մարդիկ խաչում են ցուցամատը և միջնամատը հաջողության և չար աչքից պաշտպանվելու համար: Վիետնամում այն վիրավորանք է, հատկապես, երբ դուք նայում եք կամ ուղղում եք այն ուրիշին: Խաչված մատերի ժեստն իրենից ներկայացնում է կանացի սեռական օրգաններ:

 

«Այծ» ժեստը
«Այծ» կամ «եղջյուրներ» ժեստը հաճախ օգտագործվում է երաժիշտների կամ նրանց երկրպագուների կողմից: Սակայն չարժե այն ցույց տալ Իտալիայում՝ հատկապես տղամարդկանց, քանի որ այն ակնարկում է կնոջ անհավատարմությունը:

 

«Միջնամատ» անվայել ժեստը
Այն ամբողջ աշխարհում ամենահայտնի անվայել ժեստն է: Բացի այդ այն ամենահին նշաններից մեկն է, որն օգտագործվել է դեռ հին հույների և հռոմեացիների, ինչպես նաև կապիկների կողմից: Այն ներկայացնում է տղամարդու սեռական օրգաններ: Սակայն, ի հակադրություն այս ժեստի տարածված բացասական նշանակությանը, ասիական երկրներում միջնամատը հաճախ օգտագործվում է ինչ-որ բան ցույց տալու համար: