Հիպնոս հասկացությունն առաջացել է հին հունական դիցարանի քնի աստված Հիպնոսի անունից:

Այն հատուկ քնանման վիճակ է, որն առաջ է գալիս ֆիզիկական թույլ ու միօրինակ գրգռիչների և խոսքային ներշնչումների ազդեցության տակ: Հիպնոսի վիճակի խորացման հետ զուգընթաց ուժեղանում է մարդու ներշնչվողականությունն ու տեղի են ունենում հոգեբանական խոր փոփոխություններ:

Հիպնոսը դեռևս շատ վաղուց օգտագործվում է որպես մարդու առողջական վիճակի բարելավման և ներքին ուժերի ակտիվացման միջոց: Մարդիկ դեռևս հնագույն ժամանակներից հայտնվում էին հիպնոտիկ վիճակների մեջ: Շատ կրոնական մշակույթներում կարևոր դեր էր խաղում մեդիտացիան' հիպնոսի տարատեսակներից մեկը: Սակայն գիտությունը սկսեց հետաքրքրվել հիպնոսով միայն 1700 - ական թվականների վերջին:

 

Հիպնոսացնողն այցելուին ներշնչանքի միջոցով կարող է մղել տարբեր գործողությունների, գցել նրան տարբեր հոգեվիճակների մեջ, ուժեղացնել կամ թուլացնել նրա իմացական գործընթացները:

Ժամանակակից հիպնոսի հիմանդիրն է ավստրիացի հոգեբույժ Ֆրանց Մեսմերը, ով ենթադրում էր, որ հիպնոսը մի միստիկ ուժ է, որը փոխանցվում է հիպնոսացնողից հիպնոսացվողին: Քննադատները միանգամից ժխտեցին միստիկ ուժի մասին տեսությունը, սակայն գիտնականները դեռ երկար տարիներ շարունակեցին քննել Մեսսերի այն գաղափարը, որ հիպնոտիկ էներգիան բխում է հենց հիպնոսացնողից և էական ազդեցություն թողնում հիպնոսացվողի վրա:

Ի սկզբանե հիպնոսը կոչում էին Մեսմերի անունով' մեսմերիզմ, և նույնիսկ այսօր այս երկու տերմինները համարվում են հոմանիշներ:

 

Հիպնոսն իրենից ներկայացնում է տրանսի վիճակ: Տրանսպերսոնալ վիճակում մարդու գիտակցությունը խորքային փոփոխության է ենթարկվում, սակայն պրոֆեսիոնալ իրականացման դեպքում այն երբեք չի վնասում: Տրանսպերսոնալ վիճակում գտնվող մարդը շարունակում է լսել հիպնոսացնոսին և ենթարկվել նրա ներշնչանքների ազդեցությանը:

Հիպնոսացնողը այն մասնագետն է, ով այցելուին գցում է հիպնոտիկ վիճակի մեջ, իսկ հիպնոթերապևտը բժիշկ է, ով բուժում է հիպնոսի միջոցով:

Հոգեբույժները պնդում են, որ ռելաքսացիան և հիպնոսն օգնում են մարդուն հանգստանալ, ներքուստ թուլանալ, քանի որ գիտակցությունը կարծես թե "անջատվում է" և սկսում ավելի քիչ մասնակցություն ունենալ մտածողական գործընթացում:

 

Այդ վիճակում գտնվող մարդը գիտակցում է, թե ինչ է կատարվում իրականում, սակայն ամեն ինչ կարծես մթնշաղով պատված է լինում, քանի որ այդ ժամանակ ակտիվանում է ենթագիտակցականի աշխատանքը, որն էլ մարդուն դարձնում է ավելի ազատ, անկաշկանդ և զգայուն: Սրվում են բոլոր զգայությունները և հիպնոթերապևտը սեանսի ընթացքում կարող է բազմաթիվ համային, հոտառական և այլ զգայություններ առաջացնել:

Հիպնոսի միջոցով ակտիվանում է նաև հիշողությունը. մարդ կարող է հիշել այնպիսի երևույթներ, որոնց մասին առհասարակ մոռացել էր:

Հիպնոսի միջոցով բուժում են այն մարդկանց, ովքեր մանկության տարիներին հոգեկան տրավմա են ստացել և դա այսօր իրենց խանգարում է առօրյա կյանքում:

Հիպնոսի միջոցով հնարավոր է նաև "մտացածին հիշողություններ" առաջացնել, սակայն հիպնոթերապևտը պետք է շատ զգույշ լինի, որպեսզի սխալմամբ «օտար» հիշողություններ չառաջացնի այցելուի մոտ և նրան չենթարկի իր կամքին:

Հիպնոսը պետք է անցկացնել հոգեթերապևտիկ հատուկ սենյակում, ուր այցելուն գտնվելով մասնագետի ուշադրության կենտրոնում, կարող է իրեն զգալ հանգիստ, պաշտպանված ու վստահ:

Հիպնոս անցկացնելու համար պարտադիր չէ մարդուն քնեցնել, հրահանգները կարելի է տալ գիտակցության համար նաև աննկատ ձևով' քողարկելով դրանք որոշ միջոցների օգնությամբ: Հիպնոզը կապված է հիպնոսացվողի էմոցիոնալ վիճակի հետ, և հիպնոսացնողը անմիջականորեն ազդում է ոչ թե մարդու ֆիզիոլոգիայի, այլ նրա հույզերի և նյարդերի վրա:

 

Հիպնոսի միջոցով կարելի է մարդկանց բուժել տարբեր հոգեկան և ֆիզիկական հիվանդություններից, օրինակ' նևրոզը: Քանի որ նևրոզն առաջանում է այն պատկերներից, որոնք մարդ ինքն է ստեղծում, ուստի կարելի է այդ պատկերներն անէացնել' դրանք փոխարինելով նորերով:

Այսինքն' գտնելով և վերացնելով նևրոզի առաջացման սկզբնաղբյուրը' հնարավոր է լիովին բուժվել դրանից:

Հոգեթերապևտի կողմից առաջացրած կարծրատիպը, որպես կանոն, ավելի թույլ է, քան մարդու անցյալում ունեցածը և այն, որպես կանոն, որոշ ժամանակ անց անհետանում է:

 

Դրա փոխարեն հայտնվում է նախկինը և հիվանդությունը կարող է նորից ի հայտ գալ: Եթե պատկերը ձևավորվել է տարիների ընթացքում, ապա այն շատ դժվար է վերացնել մի քանի րոպեում: Որքան մարդ շուտ դիմի մասնագետի, այնքան բուժումն ավելի արագ և արդյունավետ կլինի:

Հիպնոս կարող են իրականացնել միայն շատ բարձր էթիկա ունեցող բժշկական, հոգեբուժական և հոգեբանական կրթություն ու վերապատրաստում ստացած մասնագետները:

Այն նշանակվում է բժշկի կողմից և միայն այցելուի ցանկությամբ չի կարող իրականացվել: