Գնում եմ Ամերիկա: Չնայած մեզ այստեղ էլ վատ չեն կերակրում, բայց դե, մեկ-մեկ սիրտդ քաղցր ա ուզում, իսկ Թաիթի՜, հայ, Թաիթի՜ ասելուց բերանդ չի քաղցրանում, պիտի գնաս մեղրի կարասի գլխին կանգնես, հետդ էլ մի հատ բաբաթ մոլիբդենե շերեփ վերցնես: Էնպես որ, good bye, հայություն, bye-bye, Արարատ, մերի սիրուն Արարատ, լայ, լայ, լայ, լա-լա-լի-լայ, լայ, լայ, լայ•••
Ես իմ անուշ Հայաստանի բարն էլ եմ սիրում, բառն էլ, բարը էկոլոգիապես դեռ ահագին մաքուր ա, բառն էլ հաց վաստակելուս միջոցը, աշխատանքային գործիքս ա, որ Արմանը համոզում ա' պիտի աշխատավորին պատկանի, բայց ես բարի բուրժուա եմ, էժան վարձով տալիս եմ, որ ուրիշներն էլ օգտագործեն, անլեզու չմնան: Իսկ «կապուտաչյա սիրուհին», վսյո տկի, չի կարա արդեն օրինականացված քաղաքացիական կապով պասպորտդ պեչատած պետությունը լինի, սիրուհին, էն էլ' կապուտաչյա, կամ Ռուսաստանը պիտի լինի, կամ' Ամերիկան, դաննի մամենտ' Ամերիկան,
Ամերիկա, I’m coming, I love u, babe, օու, օու, օու•••
Գնում եմ մի հատ պուպու՜շ առիթով' մասնակցելու Այովայի hամալսարանի միջազգային գրական ծրագրին (International Writing Program), որ քառսուն տարվա պատմություն ունի արդեն: Աշխարհի տարբեր երկրներից գրողների են հրավիրում, որ երկուսուկես ամիս ապրեն ու աշխատեն համալսարան-քաղաքիկում: Ոնց որ երկնային պարգեւ լինի, որ հիշեցնում ա' գրող եմ, կարամ ուզածս գրեմ, ոչ թե խմբագիրների զակազներով հարցազրույց անեմ, թերթի ընթերցողի յանիմ հետաքրքրությունները հաշվի առնեմ: Չնայած որ դուզը խոսանք, բոլոր թերթերում էլ խմբագիրներս ինձ առանձնապես զակազ չեն տվել, ես եմ ընտրել' ինչ գրեմ, բայց, մեկ ա, թերթի համար գրածդ աղջիկդ չի, խալխի հարսն ա: Խեղճ թերթի ընթերցող, Սովետի վախտ ուշքը գնում էր ԲԱՄ-ի կառուցման մանրամասներն ու Բրեժնեւի ելույթները կարդալու համար, հիմա էլ գիշերն անքուն սպասում ' երբ լույսը կբացվի, որ վազի, թերթ առնի ու իմանա, թե մինչեւ ինքը էրեխեքի, ծնողների, չինովնիկների, զակազչիկի ու գործատուի կապրիզներն էր տանում, փողի համար քյալլա տալիս, խանութ, շուկա ու ատամնաբույժի մոտ վազվզում ու սեփական կապրիզները անկապ մարդկանց վրա նաղդում, ինչ «կարեւոր» լեզվակռիվ են տվել Գալուստ Սահակյանն ու «Ժառանգության» Ստեփան Սաֆարյանը:
Հիմա Գալուստ Սահակյանի ու Ստեփան Սաֆարյանի ու բոլոր մնացած Հայաստանյայց բանավեճերից գլուխս ազատում ու թռնում եմ գրողություն անելու, բա ո՞նց չուրախանամ: Իհարկե, էս երկնային պարգեւը հնարավոր եղավ միայն երկու մարդու' ամերիկյան դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանի ու մշակութային ծրագրերի պատասխանատու Հասմիկ Միքայելյանի շնորհիվ: Հենց մենակ էն փաստից, որ ինչ-որ մեկը, ում ոչ հոր կողմից ես բարեկամ, ոչ' մոր, այսինքն' Ներսեսը, քեզ զանգում, առաջարկում, քեզ էդ պուպուշ ծրագրին մասնակցելու արժանի ա պատկերացնում, արդեն կարաս լավ զգաս: Բայց էս մարդիկ էնքան ջանք թափեցին, լրացուցիչ միջոցներ ու ֆոնդեր գտան' իմ ճամփորդությունը հնարավոր դարձնելու, որ քիչ ա մնում մտածեմ' իսկական գրողն իրանք են, իհարկե' ֆանտաստ գրող, որ անհնարինությունից կորզեցին մի հնարավոր աշխարհ, ուր հայաստանցի խեղճուկրակ գրողն էլ կարող է մասնակցել միջազգային նման լուրջ ծրագրի:
Բայց հլա պիտի ինտերվյուն էլ անցնեի, իսկ էդ պրոցեդուրայի մասին էնքան սարսափելի բաներ են պատմում, էնքան տարբեր ու հակասական, ոնց որ աստծու դատաստանի, ում գործերն անքննելի են մահկանացուներիս համար: Ինտերվյուի մտնողները նախապես ծանոթանում են բոլոր եղած փորձերի հետ, ըստ ամեն տպավորության, թե խի չեն անցել, դաստեքով թուղթ են հավաքում, տեքստ են անգիր անում, դեմքի արտահայտություն, ժպիտ ու միմիկա փորձարկում, բայց, մեկ ա, հիմնականում «աստծու աջը» դրախտի պեչատը չի դնում անձնագրերում:
Վիոլետ Գրիգորյան