Cosmo.am-ը գրում է.

 

Վիճակագրությունը անողոք է. շատերի համար օրինական հանգստի ավարտի հետ միաժամանակ ավարտվում է և բուն աշխատանքը: Ի՞նչ է սա' հետարձակուրդային սինդրո՞մ, թե՞ աշխատանքային ուղին փոխելու իրական անհրաժեշտություն:

Ահա այն հինգ ցուցիչները, որոնք կհուշեն, որ հաջորդ արձակուրդին ավելի լավ կլինի մեկնել այդ գրասենյակից:

 

Օտարները

Դու գործընկերներիդ չես հարգում, որովհետև... նրանք դրա առիթը չեն տալիս: Մի՞թե կարելի է փայլուն արդյունքներ ակնկալել քո գործունեությունից, երբ քեզ անընդհատ շեղում են դատարկ հարցերով, նստում սեղանիդ՝ բամբասելու՝ մշտապես թեյը շրջելով ստեղնաշարին, գրասենյակով մեկ բղավում են հեռախոսով' քննարկելով իրենց ընտանեկան հարցերը, նյարդայնացնում, երբեմն էլ պարզապես ճնշում: Ոչ մի սարսափելի բան չկա նրանում, որ հենց տվյալ կոլեկտիվը քոնը չի դարձել: Եվ հետո յուրաքանչյուր աշխատողի հիմնական խնդիրներից մեկը' գործի ընթացքում հմտանալը, անիրագործելի է դառնում շրջապատում հեղինակությունների բացակայության պայմաններում:

 

Նորից եկավ երկուշաբթին

Դու ունեցե՞լ ես այնպիսի մի աշխատանք, երբ երկուշաբթի առավոտից սկսած անհամբեր սպասել ես, թե երբ է գալու ուրբաթ երեկոն: Եթե ոչ, դու բացառություն ես: Երբ աշխատում ես շաբաթական քառասուն ժամ, ամենից քիչ ցանկանում ես ատել գրասենյակում անցկացրած յուրաքանչյուր վայրկյանդ: Արժե՞ արդյոք վատնել կյանքը հավերժական դիմադրության վրա:

 

Պարապություն

Որքան էլ դա զարմանալի թվա, մարդկանց մեծ մասն աշխատավայրում սիրում է ...աշխատել: Եթե գործդ չափազանց հեշտ է կամ ձանձրալի, ուրեմն քեզ անհրաժեշտ է ստանձնել ավելի շատ պարտավորություններ կամ փոխել գործունեության ոլորտը: Բայց կարևոր է հստակ տարբերակել' կա՛մ դիտում ես տեսահոլովակներ YouTube-ով, մինչ չկատարված աշխատանքը կուտակվում է ու կուտակվում, կա՛մ քեզ զվարճանքներ ես թույլ տալիս արդեն այն բանից հետո, երբ աշխատանքային բոլոր հարցերը լուծել ես դեռ օրվա կեսին և պարզապես անելիք չունես:

 

Իրական վտանգ

Քո ձեռնարկությունը կամ պաշտոնն ակնհայտորեն վտանգված են: Շատերի համար, չնայած համընդհանուր լավատեսությանը, ճգնաժամը, այնուամենայնիվ, շարունակվում է բյուջեի և հաստիքների կրճատման տեսքով: Իհարկե պետք չէ խուճապի մատնվել և հրաժարական տալ' առանց իմանալու, թե ուր ես գնում. ավելի լավ է ուշադիր հետևել, թե ինչ է կատարվում շուրջդ: Իսկ եթե կասկածներ ունես ապագայիդ վերաբերյալ, զրուցի՛ր քո անմիջական ղեկավարի հետ:

 

Տան պես չէ

Անկեղծ լինենք. բոլորի հետ էլ լինում են աշխատանքային իրարանցումներ, մեկ ուրիշի աշխատանքային պարտականությունների կատարում, աշխատանք մինչ վերջին շունչը: Բայց երբ նման իրավիճակի ծայրը չի երևում, և հրատապ, կարևոր ու անհետաձգելի գործերը բազմանում են վիշապի գլուխների պես, երբ ձեռնարկության քաղաքականությունը հակասում է քո սկզբունքներին, իսկ ղեկավարությունը նույնիսկ չի մտահոգվում աշխատավայրում տարրական հարմարություններ ապահովելու մասին, պետք չէ հույսեր փայփայել, որ ամեն ինչ ինքնիրեն կհարթվի: Աշխատանքը քո կյանքի ընդամենը մի մասն է և ոչ թե հակառակը: Եվ կան ձեռնարկություններ, որտեղ դա հասկանում են ու զգում: Չես հավատա, բայց դրանք բավականին շատ են: Պետք է միայն որոնել: Հաջողություն: