Այսօր հեռուստասերիալները մեր առօրյայի անբաժան մասն են կազմում… Ինչո՞վ է դա լավ կամ վատ՝ մեծ ու առանձին թեմա է, որին առաջիկայում կանդրադառնանք մասնագետների միջոցով… Սակայն մի բան հստակ է. շատ երիտասարդ ու շնորհալի դերասանների, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն հաստատվել այս կամ այն թատրոնում, հանդիպում ու գնահատում ենք հենց այս ժամանցային ժանրում… Այստեղ նրանց որակումն ու ապագա գործունեությունը երբեմն որոշում է հենց հեռուստադիտողը՝ սիրելով կամ անտեսելով…
Գևորգ Մանուկյանը, ով «Շանթ» հեռուստաընկերության «Քաղաքում» սերիալում կերպարարավորում է Մելոյին, առաջին իսկ օրից գրավեց քննադատ-հեռուստադիտողի ուշադրությունն ու իր հմայքով, գյումրեցուն հատուկ կոլորիտով ու հայ տղամարդուն բնորոշ կոպտությամբ: Life.Panorama.am-ի զրուցակիցը Մելոյից շատ-շատ տարբերվող, բայց նաև որոշ գծերով նման երիտասարդ դերասան Գևորգ Մանուկյանն է:
- Գևորգ, ծնունդով Գյումրիից եք չէ՞:
- Դե իհարկե, իսանը ուրիշ ուրդո՞ւց պիտի լինի Արմատներս Կարսից են, բայց պապս, հայրս և ես Գյումրիում ենք ծնվել:
- Իսկ ինչո՞ւ որոշեցիք Երևանում աշխատել:
- Երբ ավարտեցի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղի ռեժիսորական բաժինը, աշխատում էի Գյումրիում, փոքրիկ ֆիլմ նկարեցի… Հետո իմացա, որ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գրասենյակը Երևանում դասընթացներ է կազմակերպում, որտեղ դասավանդում են աշխարհահռչակ վարպետներ… Որոշեցի մասնակցել: Այնուհետև մասնակցեցի «Շանթ» հեռուստաընկերության կողմից հայտարարված քասթինգին… Կոլորիտով կերպար էր, դուրս եկավ, ես էլ մի քիչ աշխատասեր տղա գտնվեցի ու ստացվեց այն, ինչ կա…Թեև, այնպես չի, որ Երևանում մնալուս միակ առիթը աշխատանքն էր, նաև քույրերս էին այստեղ սովորում:
- Քանի՞ քույրիկ ունեք:
- Երկու, ես միակ տղան եմ…
- Ձեր ծնողներն է՞լ են այստեղ ապրում:
- Ոչ, նրանք հարազատ քաղաքում են…
- Որպես ռեժիսոր չե՞ք ուզում հանդես գալ:
- Այս պահին շատ «վազվզոցներ» ունեմ…Մտքեր շատ կան, բայց դեռևս կատարողական փուլին մոտ չեն, այդ պատճառով լռում եմ այս հարցում…
- Չորս տարի նույն կերպարում եք խաղում: Չե՞ք հոգնել: Նմանվե՞լ եք Մելոյին:
- Համաձայն եմ, որ անընդհատ նույն կերպարում խաղալը դերասանի համար անբանության պես մի բան է դառնում, բայց իմ կերպարը դեռ զարգացումներ, ասելիք ունի… Գիտեք, լինել 4 տարի նույն կերպարում ու իրարից ինչ-որ բան չվերցնել կամ չտալ՝ հնարավոր չէ… Բնական է, որ Գևորգն ինչ-որ առումով կնմանվի Մելոյին, Մելոն էլ Գևորգից է «սնվում»: Տաքարյունությամբ ենք շատ նման, բայց հիմնականում տարբեր ենք…
- Կերպարի ո՞ր գծերը ձեզ դուր չեն գալիս:
- Վայ, ես այդքան վայրենի չեմ, որքան երևում է…
- Ընտանեկա՞ն հարաբերություններում… Սերիալին հետևողները երբեմն ասում են՝ չգիտենք Մելոյի՞ն, թե՞ Սուսիկին խղճանք…
- Ես ընդհանրապես՝ մարդկային հարաբերություններում վայրենի չեմ (ծիծաղելով)… Իսկ խղճալ պետք է Մելոյին, որովհետև շատ է չարչարվում «Սուսիկի» ձեռքին…
- Գևորգ, բացի սերիալից այլ աշխատանքով զբաղվո՞ւմ եք:
- Այո, մի ընկերությունում ցանցային մենեջեր եմ…
- Իսկ թատրոնում չե՞ք խաղում:
- Ոչ, միայն ուսանող տարիներին եմ խաղացել… Ժամանակս չի բավականացնում, իսկ թատրոնին չի կարելի սուղ ժամանակ տրամադրել… Թատրոնը շատ նուրբ է, զբաղվել «մեկ ոտքով»՝ դեմ եմ…
- Հիմա երկու տարբեր աշխատանքներով եք զբաղվում: Ի՞նչ կանեք, եթե երբևիցե ընտրության առջև կանգնեք…
- Չեմ ցանկանա նման ընտրություն իմ առջև դրված լինի… Հնարավորության սահմաններում աշխատում եմ պայքարել այդ ընտրության առջև… Բայց, ամեն դեպքում, իմ մասնագիտությունն ինձ համար ավելի կարևոր ու առաջնային է…
Շարունակությունը՝ այստեղ: