Նովոսիբիրսկի շրջանային կլինիկական պետական հիվանդանոցի (ՆՇԿՊՀ) վիրաբույժներին հաջողվեց առաջին անգամ Ուրալում կատարել ալվեոկոկով ախտահարված հիվանդի լյարդի մեծ մասի հեռացման արտառոց վիրահատություն՝ պահպանելով այդ օրգանի չախտահարված մասը և խուսափելով փոխպատվաստումից:

Նովոսիբիրսկի շրջանային կլինիկական պետական հիվանդանոցի կայքում հաղորդվում է, որ վիրահատությունը կատարվել է մի մեթոդով, որը 2005 թ. նկարագրվել է ֆրանսիացի վիրաբույժների կողմից:

 

Սեպտեմբերին հիվանդանոց ընդունված 55-ամյա հիվանդի հետազոտության ընթացքում բժիշկները գրանցել էին լյարդի ութ սեգմենտներից հինգի ախտահարումը: Բացի այդ, մակաբույծը, աճելով, հասել էր լեղածորանին, ստորին սիներակին, ստոծանուն և մագիստրալ երակներին: Սակայն համակարգչային տոմոգրաֆիայի ընթացքում ստացված պատկերի համակարգչային արտապատկերումը թույլ տվեց բժիշկներին լյարդի առողջ հատվածի պահպանման մասին եզրակացության գալ:

 

Ըստ հիվանդանոցի՝ 18 ժամ տևած վիրահատության ընթացքում վիրաբույժները հեռացրել են լյարդի ախտահարված մասը՝ ստորին սիներակի և ստոծանու մի հատվածի հետ միասին, փոխարինել են ստորին սիներակը սինթետիկ պրոթեզով, վերակառուցել են դռներակը և ձախ լյարդային երակը: Այնուհետև վիրաբույժները վերականգնել են լյարդի մնացած հատվածի արյունամատակարարումը և կատարել լեղու հոսքի կանոնավորում:

Վիրահատության շնորհիվ, որի արդյունքում պահպանվեցին հիվանդի լյարդի առողջ սեգմենտները, բժիշկները կարողացան խուսափել տրանսպլանտացիայից և արդյունքում՝ ամբողջ կյանքի ընթացքում իմունիտետը ճնշող դեղորայքի ընդունման անհրաժեշտությունից:

"Ըստ վիրահատական առաջատար ամսագրերից մեկում 2011թ. հրապարակված ակնարկի՝ ըստ միջազգային տվյալների, մարդու օրգանիզմից առանց օրգանի հեռացման, երակային վերակառուցմամբ պահպանված լյարդի ռեզեկցիայի մինչև 80 դեպք է գրանցվել" - նշվում է հաղորդագրության մեջ: