Cosmo.am-ը գրում է.

 

Քոլեջն ավարտելուց հետո տեղափոխվեցի Ֆիլադելֆիա՝ Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանում պրակտիկա անցնելու։ Գումար վաստակելու համար աշխատում էի որպես դայակ: Մի օր իմ խնամքի տակ գտնվող երեխաներից մեկի մայրը՝ Սյուզանը, ասաց, որ ցանկանում է ծանոթացնել ինձ մի երիտասարդի հետ: Ըստ Սյուզանի՝ մենք շատ էինք համապատասխանում միմյանց: Ես այնքան էլ ոգևորված չէի այդ մտքից, սակայն չէի ցանկանում վիրավորել Սյուզանին, ուստի համաձայնեցի:

 

Չարլզը (այդպես էր այն երիտասարդի անունը, որի հետ պետք է ծանոթանայի) Սյուզանին ասել էր, թե ամաչում է ինձ ճաշի հրավիրել հենց առաջին ժամադրությանը, ուստի առաջարկել էր հանդիպել արվեստի ցուցահանդեսում: Ցուցահանդեսը կայանալու էր ուրբաթ օրը, և Սյուզանը նույնպես հրավիրված էր: Անկեղծ ասած՝ դա ինձ փոքր-ինչ տարօրինակ թվաց, սակայն փորձեցի չկենտրոնանալ այդ փաստի վրա: Ցուցահանդես ժամանելուն պես Սյուզանն ինձ ծանոթացրեց Չարլզի հետ և մեզ մենակ թողեց:
Նա բարձրահասակ էր, սևահեր, կլոր ակնոցով, կրում էր ջինս և գեղեցիկ վերնաշապիկ. հաճելի երիտասարդ էր: Ժամանակը շատ աննկատ անցավ. խոսում էինք արվեստից: Արդեն գրեթե երեկո էր, և Չարլզն առաջարկեց միասին ընթրել: «Իսկ ինչու ոչ,- մտածեցի ես,- շատ հաճելի երիտասարդ է»:

 

Մենք դուրս եկանք և երբ քայլում էինք դեպի ռեստորան, Չարլզը միացավ վեցհոգանոց մի խմբի, որն անցնում էր մեր կողքով: Սկզբում ինձ թվաց, թե նրանք պարզապես ծանոթներ են, մինչև այն պահը, երբ Չարլզն ասաց. «Սամա՛նթա, ծանոթացիր, սա իմ մորաքույրն է»: Ես շփոթվեցի. մի՞թե սա նրա ընտանիքն է: Իսկ վայրկյաններ անց հասկացա, որ նրանք բոլորը գալիս էին մեզ հետ ճաշելու: Ես փորձում էի ելք գտնել իրավիճակից, բայց այնքան շփոթված էի, որ ոչինչ չկարողացա ձեռնարկել: Հավատս չէր գալիս, որ Չարլզը կարող էր նման բան անել՝ առանց ինձ զգուշացնելու. չէ՞ որ դա մեր առաջին ժամադրությունն էր:

 

Մի քանի թաղամաս անցնելուց հետո հասանք ռեստորան: Մատուցողուհին առաջարկեց նստել մեծ ուղղանկյուն սեղանի շուրջ, որը նախատեսված էր ութ հոգու համար: Երբ արդեն տեղավորվել էինք, Չարլզի ընտանիքի անդամները սկսեցին ներկայանալ, ասես՝ հենց այդպես էլ պետք է լիներ, և ոչ մի արտասովոր բան չկար: Եվ այսպես, իմ առաջին ժամադրությանը ես ընթրում էր նրա մոր, մորաքրոջ, քեռու և երկու եղբայրների հետ: Երբ ծանոթության «փուլն» ավարտվեց, Չարլզը փորձեց խոսել ուտեստներից: Այո՛, միայն փորձեց, քանի որ նրա մորաքույրն անմիջապես ղեկն իր ձեռքն առավ՝ պատմելով իրենց վերջին ընտանեկան ուղևորությունից դեպի Իտալիա: Բնականաբար, ընտանիքի բոլոր անդամները միացան զրույցին: Հետո սկսվեց հարցերի տեղատարափը՝ որտե՞ղ եմ դպրոց գնացել, ինչո՞ւ եմ տեղափոխվել Ֆիլադելֆիա... Հարցերն, իհարկե, ընդմիջվում էին անվերջանալի ընտանեկան պատմություններով: Այնպիսի տպավորություն էր, ասես ես խանգարում էի նրանց ընթրիքը, և ոչ թե նրանք՝ իմ ժամադրությունը...

 

Շարունակությունը՝ այստեղ: