Այսօրվանից Մոսկվայում եւ Ռուսաստանի մի քանի այլ հայաշատ քաղաքներում վաճառքի դուրս կգա ճանաչված արձակագիր Էդգար Կոստանդյանի մեծ հնչեղություն ստացած «Որբանոց» վեպի ռուսերեն տարբերակը: Ստեղծագործության ռուսերեն թարգմանության հեղինակն է Ռիմա Բարսեղյանը, ով գրքի առաջաբանում գրել է.
«Կոստանդյանի «Որբանոցը» սովորական գիրք չէ, այն կյանքի ու մահվան, լինելու եւ չլինելու կռիվ է: Խաղասեղանին դրված են ճակատագրեր, երիտասարդ կյանքեր, երազանքներ, որ հազիվ են շնչում: Գայթակղություններ, որոնց չտրվելն անհնար է թվում մինչեւ ընկերոջ մեկնած ձեռքը նկատելը»...
Մի քանի համակուրսեցիների մասին պատմող «Որբանոց» վեպը երեւանյան գրախանութներում վաճառքի է դուրս եկել մեկ ամիս առաջ, բայց համարվում է վերջին տարիներին ամենավաճառված գրքերից մեկը: Գրքում բաց տեքստով խոսվում է այնպիսի խնդիրների մասին, ինչպիսիք են արտագաղթը, անպատժելիությունը, կաշառակերությունը եւ այլն: Գրքի հերոսները մեր կողքին ապրող մարդիկ են, մերօրյա երիտասարդներ, որոնց ապրած երկիրը հեղինակն անվանում է «եվրոռեմոնտ արած որբանոց»: Հատկապես ազդեցիկ է գրքի առաջին տեսարաններից մեկը, երբ գլխավոր հերոսներից մեկին՝ Գուգոյին, զինծառայության ժամանակ հրամանատարը դաժան ծեծի է ենթարկում, ինչի արդյունքում երիտասարդ զինծառայողը գամվում է անվասայլակին:
Ի դեպ, նոյեմբերի 11-ին Գյումրի քաղաքում նշանակած գրքի շնորհանդեսի չկայանալը ֆեյսբուքյան հասարակությունը կապում էր վեպի՝ իշխանական օղակների մոտ դժգոհություն առաջացնելու հետ: