Բազմաթիվ գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ բուսակերների արյան մեջ խոլեսթերինի և այլ աթերոգեն լիպիդների քանակությունը նվազագույն մակարդակի է, ինչը նրանց հնարավորություն է տալիս խուսափել մի շարք սրտանոթային հիվանդություններից և դրանց բարդացումներից, այդ թվում նաև սրտամկանի ինֆարկտից։ Վիճակագրական տվյալների համաձայն' մսակեր տղամարդկանց շրջանում սրտամկանի ինֆարկտի հավանականությունը 5 անգամ ավելի մեծ է, քան բուսակեր տղամարդկանց մոտ։
Բջջանյութով հարուստ բուսական սնունդ օգտագործելը նպաստում է մարսողական համակարգի օրգանների օպտիմալ գործունեությանը և խոչընդոտում փորկապությունների առաջացմանը։ Խառը սնունդ ընդունող տղամարդկանց մոտ լյարդի, լեղապարկի, լեղուղիների և ենթաստամոքսային գեղձի հիվանդությունները 2 անգամ ավելի շատ են գրանցվում, քան բուսակեր տղամարդկանց մոտ։
Բժշկական գրականությունը ևս պնդում է, որ չարորակ նորագոյացությունների առաջացումը ինչ-որ չափով պայմանավորված է մսի, ձվի, պանրի և կենդանական ծագում ունեցող ճարպերի ու սպիտակուցների չարաշահմամբ։ Որոշ տվյալների համաձայն' շաբաթական մեկ անգամ տավարի, խոզի կամ ոչխարի միս ուտելը աղիների քաղցկեղով հիվանդանալու հավանականությունն ավելացնում է 40%-ով, իսկ շաբաթական 5-6 անգամ ուտելու պարագայում այդ հավանականությունն ավելանում է 80%-ով։
Վերոնշյալ տվյալները բուսակերներին հիմք են տալիս կարծելու, որ իրենց սնվելու կարգն ավելի ռացիոնալ է, և այն թույլ է տալիս երկարացնել կյանքի տևողությունն ու կանխել մի շարք հիվանդությունների զարգացումը։ Եթե ժամանակակից սննդաբանները որոշակի վերապահությամբ են մոտենում վեգանների սնվելու կարգին, ապա լակտոբուսակերների կողմից առաջարկվող սնվելու մեթոդները ֆիզիոլոգիական տեսանկյունից կատարելապես ընդունելի են, քանի որ դրանք ամբողջությամբ բավարարում են օրգանիզմի բնականոն գործունեության համար անհրաժեշտ սննդի պաշարները։ Ի դեպ, մսամթերքից հրաժարվելու անվտանգությունը պաշտոնապես հաստատվել է նաև ամերիկյան սննդաբանների ասոցիացիայի կողմից։