Մի շարք հետազոտությունների հիման վրա հոգեբանները եկել են այն եզրակացության, որ երկու ձեռքով գրել կարողացող մարդիկ ավելի արագ են կենտրոնանում և տրամադրվում, քան աջլիկները: Նյու-Ջերսիի Մոնկլերի համալսարանի մասնագետ Ռուտ Պրոպերի գլխավորությամբ անց է կացվել հետազոտություն: Մարդկանց բաժանել են երկու խմբի: Առաջին խմբում տեղ են գտել նրանք, ովքեր հանգիստ կարողանում են գրել և աջ, և ձախ ձեռքով, իսկ երկրորդ խումբը' միայն աջլիկներ:

Հետազոտության բոլոր մասնակիցներին տրվել է առաջադրանք:

Երկու ձեռքով գրելուն ընդունակ մարդիկ ավելի արագ են տրամադրվել և կատարել գիտնականների առաջադրանքը, քան աջլիկները: Բացի այդ, այս մարդիկ աջլիկներին գերազանցում են հիմնականում այն գործերում, որտեղ արագ ռեակցիա կամ մեծ քանակությամբ տեղեկատվության օգտագործում է պահանջվում:

Գիտնականները սա բացատրել են նրանով, որ երկու ձեռքով գրող մարդկանց գլխուղեղի երկու կիսագնդերն էլ ավելի լավ են զարգացած: Այդ իսկ պատճառով բարդ հանձնարարություններ կատարելիս վերջիններն ավելի լավ արդյունքներ են ցույց տալիս: