Իր համեստությամբ ու երգարվեստին տված հարուստ ժառանգությամբ մշտապես առանձնացող բոլոր ժամանակների սիրված երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի Ռաիսա Մկրտչյանն այսօր էլ շարունակում է իր փառապանծ ազգին ներկայանալ մաքուր ու անարատ էստրադային կատարումներով, իր ապրած կյանքով ու ստեղծագործական ուղիով ապացուցելով, որ անաղարտ երգի կատարումը կարող է հարատևել, փառքդ թռչել, երգդ կանչել ու հողդ դարձնել ծով գանձ: Մեծատաղանդ երգչուհու հետ AAD.AM-ը պատիվ ունեցավ հանդիպել ու զրուցել հայ էստրադայի սկզբնավորման, կայացման ու իր վաստակի մասին:

 

Ինչպե՞ս սկսվեց Ռաիսա Մկրտչյանի ստեղծագործական ուղին:


Նախ պետք է ասեմ, որ իմ երազած ճանապարհը դաշնակահարուհու կարիերան էր: Այն ժամանակ էստրադային երգչուհի լինելը շատ պատվաբեր չէր, որովհետև թեթև ժանր էր համարվում: Սովետական շրջանում շատ ավելի տեղ էին տալիս դասական երաժշտությանն ու դասական երգիչներին: Բայց հենց այդ տարիներին սկսեց ձևավորվել մեր հայկական էստրադան, որի հիմքը դրեց Արտեմի Այվազյանը: Նա 30-ական թվականներին ստեղծեց առաջին նվագախումբը, որը հետագայում Կոնստանտին Օրբելյանի ձեռքն անցավ: Այդ շրջանում հիմնականում հրավիրվում էին երգիչներ դրսից (Ժակ Դուվալյան, Լարիսա Մոնդռուս, Մայա Կրիստալինսկայա): Իսկ ես շատ սիրել եմ ջազ այդ տարիներին և ռադիոհաղորդումներում հնչած համաշխարահային ջազի հիթերը ինքս լինելով դաշնակարուհի' փորձում էի վերարտադրել: Երբ արդեն սովորում էի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժնում, ընդմիջումների ժամանակ երգում էի: Ուսանողներով հավաքվում էին իմ շուրջն ու նվագում, երգում: Ուսումնական տարիներին կազմակերպվում էին ուսանողական «կապուստնիկներ», դրանք հետաքրքիր համերգային, սրամտության, ինտելեկտուալ հարցադրումներով միջոցառումներ էին, որի ժամանակ տարբեր ինստիտուտներից հրավիրում էին ուսանողության վառ ներկայացուցիչներին, որոնք կարող էին մասնակցել և անգամ մրցանակ շահել: Ես այդ «կապուստնիկներից» մեկի ժամանակ' կիթառ շահեցի, որը տվեցի եղբորս, և հետագայում նա Կ. Օրբելյանի նվագախմբում դարձավ բաս կիթառահար, չնայած որ ուներ այլ մասնագիտություն: Այդ ուսանողական փառատոնների ժամանակ, քանի որ Ռոբերտ Ամիրխանյանը, Մարտին Վարդազարյանն ու Մելիք Մավիսակալյանն էլ բարձր կուրսերում էին սովորում ու միմյանց լավ ճանաչում էինք, սկսեցին իրենց առաջին երգերի կատարումները վստահել ինձ և այդպես սկսվեց մեր ստեղծագործական համագործակցությունը: Դա եղավ հիմնական պատճառը, որ սկսեցի երգել: Դրան զուգահեռ լինելով բարձր կուրսի ուսանողուհի' դաշնամուրի դասեր էի տալիս Հրապարակի մոտ գտնվող զինվորական կենտրոնում, որտեղ զինվորականների համար նախատեսված 7-ամյա երաժշտական դպրոց կար:

 

Իսկ հետո ուսանողական ձեռքբերումներին հաջորդեցին ստեղծագործական հաջողությունները…


Այո, այդ ժամանակ արդեն Ռոբերտ Ամիրխանյանը գրել էր «Сто шагов» շատ գեղեցիկ երգը, որը ես էի երգում, նաև Ալեքսանդր Աճեմյանի «Երեկոն է, երբ իջնում…» երգն էինք գեղեցիկ կվարտետով ներկայացրել ու այդ երգերը հեռուստատեսությամբ հաղորդում էին: Մեր տան կողքին երրորդ կուլտուրայի տունն էր, որտեղ մեր ազգականն էր տնօրենը ու հենց այդտեղ էլ կազմավորվեց մեր երաժիշտների ինքնագործ խումբը (Սիմոն Տերյան, Ռոբերտ Ամիրխանյան, Ստեփան Շաքարյան, Ալիկ Զաքարյան, երգիչներից Սյոման էր, Մարգոն էր համալսարանի իսպանական բաժնից): Եվ թեպետ երիտասարդական ինքնագործ խումբ էր համարվում, բայց իրականում բոլորը պրոֆեսիոնալ երաժիշտներ էին, շատ լավ ծրագիր էր կազմված' և՛ արտասահմանյան երաժշտություն էր ընդգրկված, և՛ Ռ. Ամիրխանյանի, Մ. Վարդազարյանի, Մ. Մավիսակալյանի երգերը, որոնք հետագայում մեծ հաջողություն բերեցին: Կենտկոմին կից գործում էր ԿՄՕ-ն, որը մեր խումբը վերցրեց իր հովանավորության տակ, որովհետև արդեն սկսեցինք արտասահմանյան հյուրախաղեր ունենալ (Ֆրանսիա, Միջին Ասիա, Չեխոսլովակիա, Սլովենիա և այլ երկրներ): Եվ այդ ժամանակ բավական երիտասարդ տարիքում ունեցա հաջողություն ու ինձ շատ էին սիրում: Իսկ մինչ Կոնսերվատորիա ընդունվելը ինձ լսել էր Առնո Բաբաջանյանը ու այդ օրվանից սկսվել էր մեր համագործակցությունը: Ինքն ապրելով Մոսկվայում և ունենալով իր ձեռքի տակ ռուսական աստղերի, որոնք հրաշալի էին երգում, անչափ կապված էր Հայաստանի հետ: Չկար մի այդպես տարի, որ նա մի 2-3 անգամ չգար հայրենիք: Ու այդպես մեր ստեղծագործական համագործակցությունը շարունակվեց մինչև իր մահը: Նա շատ կարևոր ստեղծագործական դեր խաղաց իմ կյանքում:

Հետաքրքիր է, ինչպե՞ս Ձեր ընտանիքը համակերպվեց Ձեր ընտրած ուղու հետ, հատկապես, որ անընդհատ հյուրախաղերի պետք է մեկնեիք:

Հիշում եմ, երբ սկսեցի երգել տնային «ժողով» եղավ ազգականների հետ, թե արդյոք արժե, որ իրենց աղջիկը բեմ դուրս գա էստրադային երգերով' ունենալով այդպիսի «սոլիտ», ազնվական մասնագիտություն, ինչպիսին դաշնակահարուհի լինելն է: Բայց Մարտին Վարդազարյանը եկավ, խոսեց ընտանիքիս հետ, ասաց, որ ռադիոյում նոր է ստեղծվում խումբը, այդտեղ պետք է ձայնագրվեն մեր հայ կոմպոզիտորների երգերը ու իրենց համար պատիվ է միայն, որ ես այդքան պրոֆեսիոնալ ձևով կատարեմ դրանք: Հավատացրեց նաև, որ որևէ խնդիր չկա, քանի որ իրենք շատ ճամփորդություններ չունեն: Բայց այդ ժամանակ ինձ Կ. Օրբելյանը մեկ ամսով հրավիրեց իր մոտ, քանի որ այնտեղ ինչ-որ խնդիր էր ունեցել երգչուհու հետ ու մնացել էր առանց մեներգչուհու: Զանգահարեց, թե. «Райичка, довай сабирись и преизжай»: Այդ ժամանակ Բելլա Դարբինյանն էր իր միակ երգչուհին ու ինչ-ինչ պատճառներով վերադարձել էր Երևան, իսկ Մոսկվայում պետք է Հայաստանի օրեր լինեին ու Կալոնի դահլիճում պետք է ելույթ ունենար նաև Օրբելյանի նվագախումբը: Եվ այսպես, Օրբելյանը խնդրեց , որ մեկնեմ ու ներկայացնեմ Հայաստանը' կատարելով Բելլայի երգերը: Իսկ Բելլան երգում էր «Հավատում եմ քեզ և չեմ հավատում» երգը լրիվ ուրիշ տոնայնության մեջ' չհամընկնող իմ ձայնին: Մի խոսքով, կատարեցի երեք երգ: Հետո, երբ հյուրախաղերից վերադարձանք, ես արդեն Կոնսերվատորիայի առաջին կուրսում էի սովորում ու գիտեի, որ իրենք տարվա մեջ 9-10 ամիս հյուրախաղերի են լինում: Դրա համար էլ ասացի, որ պետք է սովորեմ, քանի որ ծնողներս թույլ չեն տալիս հյուրախաղերի մեկնել:

 

Շարունակությունը՝ այստեղ: