Mediamall.am-ը ձեզ է ներկայացնում նոր երգչի, ում տեսահոլովակի պրեմիերան կկայանա շուտով, իսկ մինչ այդ Ռոբ Ավալյանը պատմեց նոր տեսահոլովակի և իր երաժշտական նախասիրությունների մասին:
- Ինչպե՞ս առաջացավ տեսահոլովակի գաղափարը, ո՞վ է ռեժիսորը: Ե՞րբ է լինելու հոլովակի պրեմիերան:
- Տեսահոլովակի գաղափարն առաջացավ այն ժամանակ, երբ ընտրեցի «Առանց քեզ» երգը: Երգը շատ հուզառատ է և գեղեցիկ են թե' բառերը, թե' երաժշտությունը: Որոշեցի փորձել ինձ նաև որպես ռեժիսյոր. բնականաբար, ինձ օգնեց իմ թիմը: Թե ինչպես է ստացվել, շուտով կդատեք ինքներդ:
- Կնշե՞ք հետաքրքիր և ոչ ստանդարտ դեպքեր, որոնք կատարվել են հոլովակի նկարահանման ընթացքում:
- Նկարահանման ժամանակ ամենահիշարժան պահերից այն էր, որ եղանակը կտրուկ փոխվեց և ուժեղ քամի ու անձրև սկսվեց, և նկարահանումները շարունակելու համար մենք ստիպված էինք սփռոցը կապել սեղանի ոտերից, որպեսզի քամին չտանի ամբողջ դեկորացիան:
- Երգո՞ւմ եք կոմերցիոն միջոցառումների ժամանակ, և եթե այո, ի՞նչ արժեք ունի Ձեր մեկ երգը:
- Դեռ չեմ ունեցել կոմերցիոն տարբերակով համերգներ, բայց շատ անգամ եմ հրավերներ ստացել բարեգործական համերգների, որոնց մեծ սիրով մասնակցում եմ:
- Ասում են, որ հայկական շոու բիզնես մուտք գործելու համար միայն թիկունք և գումար է անհրաժեշտ, կիսո՞ւմ եք այդ դիրքորոշումը:
- Բա ո՞ւր մնաց տաղանդը: Առաջին հերթին հույսս դնում եմ ինքս ինձ վրա, թեև այսօր հովանավոր ունենալը նույնպես դրական եմ գնահատում:
- Ի՞նչ եք կարծում, Հայաստանում կա՞ շոու բիզնես, և կնշե՞ք դրա թերություններն ու առավելությունները:
- Ինչպես ամեն ոլորտում այնպես էլ այստեղ կան, թե թերություններ, թե առավելություններ: Այսօր մեր ազգի առավելությունն այն է, որ ունի շատ հարուստ մշակույթ: Մենք, առհասարակ, տաղանդավոր ազգ ենք: Կարծում եմ' թերությունը անհրաժեշտ տեխնիկայի բացակայությունն է: Համաշխարհային աստղերին լսելիս մեզ թվում է' նրանք կատարյալ են, բայց արի ու տես, որ դա տեխնիկայի գործած հրաշքներն են: Եթե մենք էլ ունենանք տեխնիկական այն հնարավորությունները, որոնք ունեն համաշխարհային աստղերը, մենք կկարողանան շատ բարձունքների հասնել, հատկապես, որ բազմիցս ենք ապացուցել մեր տաղանդավոր լինելը:
- Ինչպե՞ս եք վերաբերվում աղանդավորական շարժումներին և համասեռամոլությանը, հատկապես' վերջին քննարկումների ֆոնին:
- Ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ և դեմ եմ նմանատիպ երևույթներին:
- Ո՞ւմ հետ կցանկանայիք համագործակցել, ինչու ոչ, նաև հանդես գալ զուգերգով:
- Ինձ համար կա մի երգչուհի, որ վեր է ամեն ինչից, որից կարելի է սովորել անվերջ' և' լսելով, և' տեսնելով: Դա իմ շատ սիրելի Բեյոնսեն է, ում հետ դուետ երգելը իմ համար իսկապես երազանք է: Սակայն մենք նույնպես ունենք այդպիսի տաղանդավոր մարդիկ, ում հետ ես շատ կցանկանայի երգել և որոնց հետ ինձ համար մեծ պատիվ կլիներ համագործակցել: Նրանք են' Սիրուշո, Տաթևիկ Հովհաննիսյան, Արթուր Գրիգորյան, Շուշան Պետրոսյան և այլք. նրանց փորձը, մասնագիտական հմտությունները սկսնակ երգչի համար շատ կարևոր են: