Նոյեմբերի 5-ին Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի ցուցասրահների դահլիճում կայացավ Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված երեկո:

Միջոցառմանը, որը կազմակերպել էր Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ «Կովկասյան տուն» մշակութային կապերի կենտրոնի հետ համագործակցությամբ, ներկա էին «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, խորհրդարանի պատգամավորներ, Վիրահայոց թեմի հայ հոգեւոր դասի ներկայացուցիչներ, Թբիլիսիի հայազգի, հրեա, քուրդ, գերմանական, լատվիական, էստոնական եւ այլ համայնքների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ վրաց մտավորական եւ հասարակական գործիչներ,:

Միջոցառմանը հանդես եկան Սայաթ-Նովայի ստեղծագործությունների թարգմանիչ, թբիլիսահայ ճանաչված գրող Գիվի Շահնազարին, անվանի հայագետ, թարգմանիչ Զեզվա Մեդուլաշվիլին, Վրաստանի հանրային հեռուստատեսության նախկին գլխավոր խմբագիր Էմին Մահմուդովը, ովքեր իրենց խոսքում անդրադարձան տարածաշրջանի ժողովուրդների գրականության մեջ անպարտելի երգասացի կոչմանն արժանացած եռալեզու եւ քառալեզու բանաստեղծ-աշուղի ստեղծագործական հմտություններին, իսկ պատմաբան Ենոք Թադեվոսյանը ուշագրավ տեղեկություններ ներկայացրեց Սայաթ-Նովայի կենսագրական տվյալների մասին:

Ի շնորհիվ Հայաստանի հետ հաստատված տեսակամուրջի' միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան հաղորդակցվել «Սայաթ-Նովա» համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի հետ:

Միջոցառման համերգային մասում հանդես եկան «Հայարտուն» մշակութային կենտրոնի «Ջեյրան» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Սվետլանա Երիցյանը եւ իր սաները, երիտասարդ վրացի կատարողների լարային քառյակը, ինչպես նաեւ միջազգային մրցույթների հաղթող ճանաչված երաժիշտ եւ երգչուհիներ Եսայի Աբովյանը, Նադյա Զախարյանը, Էմմա եւ Աննա Պողոսովաները: Երեկոյին ցուցադրված էին նկարիչ Ալլա Անտոնյանի թեմատիկ ստեղծագործությունները:

Ասմունքեցին Լիզա Թորոսյանը եւ արեւելագետ Քերիմ Անկոսին:
***
Նոյեմբերի 5-ին Վրաստանում ՀՀ դեսպանության, ՀՀ սփյուռքի նախարարության ու Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարության աջակցությամբ Թբիլիսիի «Հայարտուն» մշակութային կենտրոնում կայացավ «Թբիլիսիի ստվերներ» խորագրով Հայաստանի եւ Վրաստանի մի խումբ երիտասարդ նկարիչների համատեղ պլեների արդյունքում ստեղծված աշխատանքների ցուցահանդեսը:

Միջոցառման շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից ժամանած տասնմեկ երիտասարդ արվեստագետներ իրենց համախոհ վրացի վեց նկարիչների հետ միասին միջոցառման 5 օրերի ընթացքում հնարավորություն են ունեցել գտնվել Վրաստանի գեղատեսիլ շրջաններում եւ կտավին հանձնել աշնանային գունագեղ պատկերները, որոնք ներկայացված էին եզրափակիչ ցուցահանդես-վաճառքում:

Նախաձեռնության հեղինակների' թբիլիսահայ երիտասարդ ստեղծագործողներ Լանա Բաբայանի եւ Գայանե Մանասյանի մտահղացմամբ ստեղծված «InterArtBridge» հասարակական կազմակերպության նպատակներից մեկը մշակույթի միջոցով տարբեր երկրների երիտասարդ ստեղծագործողների մերձեցումն ու համագործակցությունն է:

Ցուցահանդես-վաճառքի հասույթը բարեգործական նպատակներով փոխանցվեց Թբիլիսիի Գլդանի շրջանի մանկատան օգնության հիմնադրամին: