Cosmo.am-ը գրում է.

 

Երբեմն լսում եսպատմություններ, որոնց չես հավատում. համենայն դեպս, չես ուզում հավատալ, որ դրանք իրական են:

 

Չես ուզում հավատալ, որ մարդիկ՝ իրար սեր ու հոգատարություն խոստացած, կարող են մոռանալ բոլոր խոստումները, կարող են գազանաբար վարվել ժամանակին սիրելի եղած մարդու հետ՝ դժոխքի վերածելով միաժամանակ մի քանի հոգու կյանք: Այնինչ մեծագույն երջանկություն պիտի լիներ հենց այդ մարդկանց սիրով շրջապատված լինելը: Անժելայի պատմությանն արժե ծանոթանալ։ 28 տարեկան երիտասարդ կին, ով մինչև օրս հաղթահարում է տարիներով կուտակված իր վախերը, վերականգնում վստահությունն իր ուժերի հանդեպ և սովորում դառնալ մեկը, ով փոխում է իր կյանքն առանց ափսոսանքի ու առանց հետ նայելու:

 

Վերջին երկու ամիսն Անժելան գտնվում է Ապահով տանը, որտեղ բազմաթիվ կանայք իսկապես փրկություն են ստանում, նաև՝ հավատ նոր կյանքի հանդեպ:

 

Անցյալի արձագանքը

Անժելայի ձայնում դեռ կարելի է լսել ոչ վաղ անցյալում ապրած տառապանքի արձագանքը, բայց որոշումը կայացված է ու փոփոխման ենթակա չէ:

 

Ընդամենը 18 տարեկանում Անժելան ամուսնացել էր համագյուղացի մի տղայի հետ, ու սկսվել էր նրա «չափահաս» կյանքը:

 

-Առաջին տարին ամեն ինչ լավ էր մեր կյանքում: Չնայած Վահանը միշտ էլ խիստ ամուսին է եղել, բայց սկզբում ամեն ինչ չափի մեջ էր: Ուշադիր էր իմ նկատմամբ: Եթե տրամադրությունը տեղն էր լինում, կարող էր երեկոյան տուն գալ ու ինձ ասել՝ հագնվիր, տեղ ենք գնում։ Գնում էին հյուր կամ զբոսնելու: Ինձ տանում էր վարսավիրանոց, մի քանի անգամ միասին խանութ ենք գնացել: Չնայած միշտ էլ ինքն է որոշել՝ ես ինչ հագուստ պիտի կրեմ, բայց խանութում հարցնում էր՝ այս կամ այն շորն ինձ դուր գալիս է, թե ոչ:

Եթե հավանում էի, առանց գնին նայելու, գնում էր ինձ համար շորը: Ուրիշ հարց է, որ հետո չէր թողնում այդ նույն շորը հագնեմ, ասում էր՝ կիպ է կամ խոր բացվածքով, սակայն այդ պահին ուզածս անում էր: Վահանը չէր աշխատում: Մենք ապրում էինք նրա ծնողների հետ, վերջիններիս միջոցներով: Վահանի ընտանիքը ֆինանսապես ապահովված էր, և նրանք մի տուն էլ Երևանում ունեին: Ճիշտ է, ես ծնվել ու ապրել եմ գյուղում, բայց միշտ ապագաս պատկերացրել եմ գյուղից դուրս. գյուղի կյանքն իր տեղն ունի, բայց ես ցանկացել եմ մասնագիտություն ունենալ, աշխատել ու պիտանի մարդ լինել, իսկ մեր գյուղում դա պարզապես անհնար էր: Ու հետո, ես հույս ունեի, որ եթե մենք առանձնանայինք ու ապրեինք Երևանում, Վահանն ինքն էլ կփոխվեր:

 

Շատ էի ուզում, որ նա սկսեր աշխատել ու ընտանիքն ինքը պահեր: Մեծ դժվարությամբ կարողացա Վահանին համոզել, որ տեղափոխվենք Երևան: Ավելի երկար ժամանակ պահանջվեց՝ նրան համոզելու, որ թույլ տար ինձ սովորել: Միշտ օրինակ էի բերում նրա երկու քույրերին, ովքեր սովորել ու ավարտել էին ինստիտուտը: Նա ասում էր, որ միևնույն է՝ չի թողնելու, որ աշխատեմ, բայց ես կարծում էի, որ եթե սովորեմ, ժամանակի ընթացքում նա կփոխի իր տեսակետը: Ինքնուրույն պարապելով՝ կարողացա ընդունվել համալսարան: Ամեն ինչ սկսվեց դասերն սկսվելուն պես: Զգում էի, որ Վահանին դուր չի գալիս իմ ինստիտուտ գնալը, բայց մտքովս անգամ չէր անցնում, որ կարող էր նման բան տեղի ունենալ, և այդքան կարճ ժամանակահատվածում մեր կյանքը կարող էր այդպես փոխվել:

 

Կինը՝ որպես քավության նոխազ

Ես գրեթե չէի շփվում համակուրսեցիներիս հետ, քանի որ բավական ինքնամփոփ մարդ եմ, և Վահանն էլ կողմ չէր: Մի օր համակուրսեցիներիցս մեկն ինձ մի հարց տվեց, ու մենք խոսելով դուրս եկանք համալսարանից: Վահանն ինձ էր սպասում: Ես հրաժեշտ տվեցի կուրսեցուս ու մոտեցա Վահանին: Երբեք չեմ մոռանա նրա հայացքը: Աչքերն ասես ապակուց լինեին: Առանց մի բառ ասելու, նա այնպիսի ուժով ապտակեց ինձ, որ ես հազիվ կանգնած մնացի ոտքերիս վրա: Համալսարանի դիմաց հավաքված մարդիկ մեզ էին նայում. ես արագ նստեցի մեքենա, և մենք գնացինք: Ամոթից գետինն էի մտել: Համալսարան այլևս չվերադարձա:

 

Վահանը գնալով ավելի ու ավելի անտանելի էր դառնում: Նախկինում նա երբեմն-երբեմն ալկոհոլ էր օգտագործում, սակայն եկավ մի ժամանակ, երբ ամեն օր սկսեց գինովցած տուն վերադառնալ: Նա գալիս էր տուն, չնչին բանից բորբոքվում, իսկ վերջաբանը միշտ նույնն էր լինում:
Ցավոք սրտի վերջին տարիներին հաճախ եմ խոսել ամուսինների կողմից բռնության ենթարկվող կանանց հետ: Եվ գրեթե միշտ նույն սցենարն է գործում. անսպասելին ու դժվարը առաջին անգամն է լինում, իսկ հետո կնոջը ծեծելը նրանց համար դառնում է ընդունելի ու նորմալ: Իսկ կանայք հակված են հավատալու իրենց ամուսիններին, երբ նրանք խոստանում կամ նույնիսկ երդվում են, որ նման բան այլևս չի կրկնվի:

 

-Երբ ես իմացա, որ հղի եմ, մեր կյանքում արդեն շատ բան էր փոխվել: Այլևս չէի շփվում ծնողներիս ու քույրերիս հետ, քանի որ Վահանը կարծում էր, որ նրանք ինձ տրամադրում են իր դեմ: Ասում էր՝ բերանդ լեզու են դնում: Իսկ ծնողներս համաձայնել էին նույնիսկ ինձ հետ չշփվել, որպեսզի ես խնդիրներ չունենայի ամուսնուս հետ: Ես նրանց չէի ասում, որ Վահանն ինձ ծեծում է, ուղղակի ասում էի, որ չի ուզում այդքան շփվենք: Մի օր Վահանը եկավ տուն ու ասաց, որ պիտի վերադառնանք գյուղ: Մենք վերադարձանք, իսկ երեկոյան ասաց, որ ինքը հետ է գնում Երևան: Երկու շաբաթ անց իմացա, որ նա Երևանում մի կնոջ հետ է ապրում:

 

Առաջին ցանկությունս թողնել ու հեռանալն էր, բայց գյուղում այնպես չէ, ինչպես քաղաքում: Մեզ մոտ, եթե ծնողները բաժանված են, երեխային մատով են ցույց տալիս: Ու հետո, ինչպես պիտի պահեի երեխայիս... Երկու տարի ապրեցի նրա ծնողների հետ, իսկ ինքը գալիս էր միայն, երբ փողն էր վերջանում: Մի քանի անգամ ասացի, որ կբաժանվեմ իրենից։ Պատասխանեց, որ թույլ չի տա: Նույնիսկ նրա ծնողներն էին կշտամբում նրան, բայց նա ոչ ոքի չէր լսում. անում էր այնպես, ինչպես իրեն էր հարմար:

 

 

Շարունակությունը՝ այստեղ: