Լավ ծնող համարվելու համար ի՞նչ է պետք իմանալ ժառանգականության մասին: Ոչինչ, պարզապես ոչինչ։ Ավելի լավ է մոռանալ նույնիսկ այն, ինչ մեզ արդեն հայտնի է, որովհետև, նախ՝ ժառանգականությունը փոխելու հույսով ոչ մի օգտակար բան անել հնարավոր չէ։ Երկրորդ, ընդհակառակը' որևէ վնաս տալը շատ ավելի հեշտ է։ Երրորդ' երեխայի անձն ու վարքը ոչ մի կապ չունեն ժառանգականության հետ։
Ժառանգականությունը, ինչպես գիտենք, մաքուր կենսաբանական գործընթաց է, որի հետևանքով, կրկնության շնորհիվ, ֆիզիկական գծերը ծնողներից անցնում են երեխաներին: Եվ տղամարդը, և կինը իրենց ապագա երեխային են փոխանցում իրենց մի փոքրիկ մասնիկը՝ միայն մեկ բջիջ կամ, այսպես ասած, կենդանի նյութի մեկ միավոր։ Հասկանալի է, որ երբ այդ բջիջները միավորվում են, դրանց զուգորդման «արդյունքը» նման է լինում նրանց, ովքեր նվիրել են այդ բջիջները։
Եվ ահա մենք բոլորս գիտենք, որ բջիջների վերարտադրության գործընթացը տեղի է ունենում միայն առանձնահատուկ բջիջների առկայության դեպքում։ Դեռևս ոչ ոք արյան պարզ ներարկման միջոցով կյանք չի ստեղծել, թեև այս դեպքում նույնպես տարբեր տեսակի բջիջների միացում է կատարվում։ Կյանքը ծնվում է միայն հատուկ տեսակի բջիջներում, տղամարդու սպերմատոզոիդների և կանացի ձվաբջիջների միաձուլումից, որոնք պարբերաբար վերարտադրվում են մարդու սերնդածին օրգաններում։ Այդ երկու տեսակի բջիջներն էլ ունեն հատուկ ակտիվ տարրեր, որոնք կանխորոշում են սկզբնավորվող մարդու մաշկի, աչքերի և մազերի գույնը և բազմաթիվ այլ ֆիզիկական բնութագրեր։
Այդ գործընթացում ժառանգականության հետ կապ ունեն միայն երեք հանգամանքներ:
1. Սաղմնային բջիջների ակտիվ տարրերը, որոնք պարբերաբար վերարտադրվում են մեր օրգանիզմի կողմից, նույնական չեն, այդ պատճառով էլ նույն ծնողները մեկ աղջիկ են ունենում, մեկ՝ տղա։ ճիշտ այնպես, ինչպես մենք նախապես չենք կարող իմանալ, թե ինչ երեխա է ծնվելու, հնարավոր չէ նաև որոշել, թե բեղնավորման ժամանակ ժառանգական ինչ գործոններ են առկա եղել: Կարճ ասած՝ մենք չենք կարող կանխագուշակել, թե երեխան ինչ ժառանգականություն է ունենալու։ ճիշտ է, գոյություն ունի մի փոքրիկ բացառություն, սաղմնային բջիջներում առկա որոշ ժառանգական տարրեր ուժեղ են, որ մշտապես տիրապետող են լինում։ Այղ դեպքում մոր սև մազերն ու սև աչքերը նրա աղջկա մեջ ճշտությամբ կրկնվում են նույնիսկ այն դեպքում, երբ հայրը կապուտաչյա է և խարտյաշ մազեր ունի:
2. Մեր սաղմնային բջիջներում պարփակված ժառանգական հատկանիշների բազմազանությունը ոչ մի կապ չունի բնավորության այն գծերի հետ, որոնք մարդը ձեռք է բերում զարգացման ընթացքում։ Որքան էլ մենք ազնիվ լինենք, մեր երեխաներին տարիներ են պետք նույնքան դաստիարակված դառնալու համար, ինչպիսին մենք ենք։ Տղամարդը բազմամյա մարզումների շնորհիվ կարող է նույնպիսի անսովոր մկանունք ձեռք բերել, ինչպես հռչակավոր մի կուլտուրիստ, բայց նրա որդին, հորը նմանվելու համար, պետք է ստիվպած լինի կրկնել այդ բոլոր վարժությունները։
3. Սաղմնային բջիջների բազմազան զուգորդությունները կազմվում են միանգամայն պատահական ձեով: Ահա թե ինչպես է դա կատարվում։ Յուրաքանչյուր բջջում կան 46 ակտիվ տարրեր, որոնք կոչվում են քրոմոսոմներ։ Երբ բջիջները հասունանում են բեղմնավորման համար, ապա քրոմոսոմների թիվը կրճատվում և հասնում է 23-ի, այնպես որ, սպերմատոզոիդի և ձվաբջջի ձուլման դեպքում երկու սեռերի քրոմոսոմների թիվը կրկին 46 է դառնում։ Անհնարին է որոշել, թե դրանցից որ քսաներեքն է պատկանում կնոջը և որը՝ տղամարդուն։ Ցանկացած սեռի երեխա սկզբնավորման պահին քրոմոսոմների կեսը ստանում է հորից, իսկ մյուս կեսը մորից, և այդպես տեղի է ունենում սերնդե սերունդ։ Երեք սերնդի ընթացքում տասնչորս մարդ իրենց ներդրումն են կատարել նրա ֆիզիկական տեսքի ձևավորման գործում։ Այնպես որ, իր ծնողներին նման չլինելը երեխան կարող է նույն չափով ժառանգած լինել, ինչպես և նրանց հետ ունեցած նմանությունը:
Մարդկանց մեծ մասը շատ անարդարացի են վարվում իրենց և հարազատ երեխաների հետ՝ չափազանց մեծ նշանակություն տալով ժառանգականությանը։ Եթե դուք ասում եք. "Երեխան այդպին է ծնվել", ապա դա նույնն է, եթե ասեիք. "Ոչինչ ի վիճակի չեմ անել"։ Իսկ դա նշանակում է, որ դուք որևէ բան փոխելու փորձ իսկ չեք անի, իսկ նման դեպքում ոչ մի արդյունքի հասնել հնարավոր չէ։ Բայց նույնիսկ այսպես կոչված, ժառանգականությունները կարելի է վերացնել, եթե գործով զբաղվենք անհրաժեշտ լրջությամբ:
Ջանանք պարզել, թե երեխային շրջապատող միջավայրում որ հանգամանքներն են նրա համար դժվարություններ ստեղծել և փորձարկենք այն բոլոր հնարավոր եղանակները, որոնք թույլ կտան հասկանալ իրերի վիճակը, մինչև որ գտնենք դրանցից առավել արդյունավետը։ Գուցե երեխայի նյարդայնության պատճառը որոշելիս մենք սխալվենք, բայց ավելի լավ է այդպիսի սխալ թույլ տալ, քան ողջ մեղքը գցել ժառանգականության վրա։ Այս դեպքում մեր առջև գոնե հույսի դռները փակ չեն լինի։ Կար ժամանակ, երբ դեռահասների հանցագործությունները բոլորը բացատրում էին ժառանգական գործոններով։ Բայց գտնվեց մի խելացի մարդ, որն առաջարկեց դեռահասների համար ավելի շատ մարզահրապարակներ բացել և հանցագործության ու ժռանգականության կապի վերաբերյալ տեսակետն ինքնաբերաբար մերժվեց։
Իսկ գլխավոր բանը, որից ելնելով չպետք է առանձնահատուկ նշանակություն վերագրենք ժառանգականությանը, հետևյալն է. մինչև այժմ ոչ մի ապացույց չկա, որ խառնվածքի, բնավորության և մարդու անձի հիմնական գծերը ժառանգվում են։ Երկվորյակներից յուրաքանչյուրի առանձին գիտական ուսումնասիրությունները որևէ համոզիչ արդյունքի չեն հանգեցրել։ Եղբայրների և քույրերի փոխհարաբերությունները բացարձակապես կախված չեն այն բանից, թե ինչպիսին է նրանց նկատմամբ ընտանիքի մյուս անդամների վերաբերմունքը։ Անձի զարգացման համար հսկայական նշանակություն ունի այն հանգամանքը, թե, ըստ ավագության, երեխան ընտանիքում ինչ տեղ է գրավում, էլ չենք խոսում այն մասին, որ իրենք ծնողներն էլ երեխաների ծնունդների միջև ընկած ժամանակամիջոցում փոխվում են։ Ճիշտ այնպես, ինչպես յուրաքանչյուր տասնամյակում տարբեր հիվանդությունների բուժման համար նախատեսված նոր դեղեր են հայտնվում, այդպես էլ ամեն մի նոր տասնամյակ մեզ նոր ապացույցներ է բերում այն, թե ծնողները, անկախ իրենց կամքից, ինչպես են փոխում իրենց երեխաների վարքը:
Այնուամենայնիվ, ի՞նչ ենք մենք ժառանգում: Ֆիզիկական տե՞սքը։ Բայց այն մասնակիորեն կարող է փոփոխվել սննդի, բժշկական միջոցների և նույնիսկ կերակրման միջոցով։ Արդյո՞ք ժառանգում ենք խելագարվելու հնարավորություն։ Բոլորովին, թեև նևրոտիկ ծնողները երբեմն կարողանում են հալից գցել իրենց երեխաներին, որ նրանք սկսում են հոգեկան հիվանդների նմանվել։ Արդյո՞ք խելքն ու տաղանդը փոխանցվում են ժառանգականորեն։ Մասամբ, եթե նման երեխաներին ճիշտ չդաստիարակեն ու զարգացնեն, ապա նրանք արագորեն կթառամեն։
Ահա թե ինչու եկեք համարենք, որ մեր փոքրիկը լավ ժառանգականություն ունի և մնացած ամեն ինչի մասին մոռանանք։ Բոլոր հնարավորությունները ստեղծենք երեխայի տաղանդների դրսևորման ու զարգացման համար, ազնվորեն ընդունենք ինչպես ընդունակությունների առկայությունը, այնպես էլ դրանց բացակայությունը։ Եթե երեխան ընդունակություններ չունի, ապա դադարեցնենք երաժշտության դասերը։ Երեխան կարող է ծնվել երաժիշտների ընտանիքում, բայց բոլորովին երաժշտական ընդունակություններ չունենալ և ընդհակառակը, կարող է օժտված լինել հսկայական տաղանդով, թեև նրա նախնիներից ոչ ոք այդպիսի ընդունակությամբ աչքի չի ընկել։ Բացահայտենք նրա տաղանդը՝ առանց նրա ժառանգականությանը նայելու, և ձգտենք հասկանալ, թե իրականում ինչի է ունակ մեր երեխան։