Ինչպես հայտնի է, հղի կինը պետք է սնվի ոչ միայն իր, այլ նաև' իր ապագա երեխայի փոխարեն: Պտղի ճիշտ զարգացումը հիմնականում կախված է այն բանից, թե ինչքանով է հղի կնոջ օրգանիզմն ստանում զանազան սննդանյութեր: Մուտք գործելով օրգանիզմ' վիտամինների, հանքանյութերի, ինչպես նաև այլ սննդանյութերի մեծ մասը յուրացվում է պտղի կողմից: Դա է պատճառը, որ հղիության ընթացքում սովորաբար նկատվում է ախորժակի մեծացում: Այդ ձևով օրգանիզմը փորձում է լուծել ապագա մոր և պտղի նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ արժեքավոր նյութերի պակասի խնդիրը:

 

Ինչո՞վ է վնաս դեֆիցիտը

 

Հղիության ընթացքում այս կամ այն բաղադրիչի դեֆիցիտը ծայրահեղ բացասաբար է անդրադառնում ապագա երեխայի առողջության վրա: Այն կարող է բերել ինչ-ինչ ինֆեկցիաների և գենետիկ անոմալիաների զարգացմանը: Այդ հիվանդությունների ճնշող մեծամասնությունը, որպես կանոն, դրսևորվում է ծնվելուց անմիջապես հետո (օրինակ, ներքին օգանների բնածին արատ), իսկ մի մասն էլ' որոշ ժամանակ անց:

 

Վիտամինների պակասը հատկապես վտանգավոր է հղիության առաջին եռամսյակում, երբ ձևավորվում են պտղի ներքին օրգանները: Առավել հաճախ դիտվում է վիտամին B-ի, C-ի և ֆոլաթթվի, իսկ հանքանյութերից' յոդի դեֆիցիտը: Երրորդ եռամսյակից սկսած պտղի մոտ մեծանում է յոդի պահանջը: Այս միկրոէլեմենտն անհրաժեշտ է վահանաձև գեղձի հորմոնների սինթեզի համար, որն իր հերթին մեծ ազդեցություն ունի ուղեղի զարգացման վրա: