-Պարոն Պողոսյան, երեկ Դուք հայտարարել էիք, որ եթե Վարդան Պետրոսյանի քննիչը պատասխանատվության չենթարկվի, այստեղ ապրելն ու արարելը անիմաստ կդառնա: Այս հայտարարությունն արդյո՞ք նշանակում է, որ դեռ ավելի վաղ ու լրջորեն եք մտածել երկրից հեռանալու մասին եւ հնարավոր է, որ մի օր էլ Ձեր գնալու մասին իմանանք:
-Ես ոչ մի պարագայում չեմ գնա երկրից: Այս երկիրը մեր պապերն են կառուցել, մեր հայերը: Մենք էլ տերն ենք այս երկրի, ու ոչ մի կերպ ոչ մի երեւույթ, ոչ մի անհասկանալի հայի տեսակ չի կարող մեզ վտարել այս երկրից: Ուղղակի այդ հայտարարությունն իմ կողմից վրդովված մի ճիչ էր: Ես տեր եմ այս երկրին ու պատասխանատու եմ թե լավի, թե վատի համար:
-Շատերն այնպիսի տպավորություն ունեն, որ երկիրը դատարկելու միտումնավոր քաղաքականություն է վարվում: Դուք երբեւէ մտածե՞լ եք այդ մասին:
-Բացարձակ: Ոչ մի միտում չկա: Սա բոլորիս երեւակայությունն է: Պետք է այդ դեպքում ուղղակի ազգությունը փոխել: Ես այդպես չեմ մտածում: Ես բոլոր իրավիճակներում ունեմ իմ սկզբունքները, եւ առաջին հերթին դա կապված է այստեղ մնալու, այստեղ գործելու հետ եւ կոչ անելու, որ բոլոր արժանվույն մարդիկ շարունակեն այս դժվարին պայմաններում մնալ հավատարիմ իրենց կոչմանը: Մեր իրականության մեջ ամեն բան տեղի ունենում է, հիմնականում' բարոյական անկում, որ երբեւէ այսպիսի անկում չենք ունեցել, բայց վստահ կարող եմ ասել, որ շնորհիվ այն մարդկանց ովքեր մնացել են, այսինքն'կանգնած են այս հողի վրա, ամեն ինչ կփոխվի դեպի լավը: Ես համոզված եմ:
-Իսկ այսօր որ խնդիրներն են, ըստ Ձեզ, որ դժվար են դարձնում արվեստագետի ու առհասարակ մարդու համար Հայաստանում ապրելը:
- Խնդիրների մասին բոլորս էլ գիտենք, շատ լավ բոլորս էլ հասկանում ենք, ուղղակի պետք չէ դա անընդհատ մատնանշել: Ես համոզված եմ, որ այն մարդիկ, որոնցից ինչ-որ մի բան կախված է, հաստատ փորձում են անել լավը: Բայց եթե չի ստացվում, դա բոլորիս, ամեն մեկիս խնդիրն է, ոչ միայն այդ մարդկանց: Պետք չէ բարդել ամեն ինչ ինչ-որ անձերի, ինչ-որ երեւույթների վրա: Բոլորս ենք այս ճաշը եփում ու բոլորս ենք պատասխանատու թե լավի, թե վատի համար: Ինձ վրա ամենշատ ազդել է Վարդան Պետրոսյանի գործով քննիչ «դեռասան», «մեյմուն» արտահայտությունները: Ուղղակի ցավում եմ, որ այդպիսի հայեր էլ կան, որ իրենց համար մշակույթը երկրորդական ինչ-որ մի բան է: Ինձ համար ամենացավալին դա է: Այն, ինչ-որ կապված է Վարդանի հետ, ես ցավում եմ, որ իմ կոլեգան այդպիսի կացության մեջ է հայտնվել որովհետեւ, ինչ թաքցնեմ, ամեն մեկս կարող էինք այդ վիճակում հայտնվել, թե´ այս կողմից, թե´ այն կողմից, թե´ մյուս: Սա է իրականությունը: Ուղղակի ամենաէքստրեմալ իրավիճակներում բոլորս պիտի կարողանանք մնալ պատշաճ մեր մակարդակի վրա, մեր ցավին տեր կանգնենք, մեր արարծին տեր կանգնենք, ինչպես կկանգնի Վարդան Պետրոսյանը, ես համոզված եմ: Ուղղակի պետք չէր ճնշել այդ տղային:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում: