Էջմիածնում գտնվող «Մեր տունը» ՀԿ-ն երեկ նշել է ծննդյան տոնը: ESem.am-ը շնորհավորել է ՀԿ-ի նախագահ Տիգրանուհի Կարապետյանին, այնտեղ հանգրվանած աղջիկներին ու հետաքրքրվել, թե ինչպես է անցել տոնական օրը:
«Այս տարի որոշել էինք ոչ ոքի չհրավիրել, սակայն այն մարդիկ, ովքեր տեղյակ էին մեր տոնի մասին, եկան ու շնորհավորեցին մեզ: Մեր դռները միշտ բաց են»,- ասաց տիկին Տիգրանուհին և հավելեց, որ «Մեր տան» աղջիկներն էլ չեն ցանկացել ոչ ոքի նեղություն տալ ու հրավիրել իրենց տոնին:
Մանկատնից հետո «Մեր տանը» հանգրվանած աղջիկները տոնի կապակցությամբ փոքրիկ միջոցառում են կազմակերպել, որի ընթացքում հիշել են «Մեր տան»' յոթ տարի անցած ճանապարհը, ձեռքբերումներն ու դժվարությունները: Տիկին Տիգրանուհու փոխանցմամբ' աղջիկներն այնպիսի բաներ են հիշել, որոնց մասին իրենք արդեն մոռացել էին:
Միջոցառման ընթացքում նրանք հնարավորություն են ունեցել իրենց ազատ խոսքն ասել ու պատմել են անցած ճանապարհի, «Մեր տանը» հայտնվելու ու իրենց կյանքի փոփոխության մասին:
«Մեր աղջիկներից Անին յոթ տարի է' «Մեր տանն» է: Նա շատ համարձակ, անմիջական աղջիկ է: Միջոցառման ժամանակ Անին պատմեց, որ նախորդ կիրակի առաջին անգամ հանդիպել է եղբայրներին: Նա ամբողջ կյանքում մտածել է, թե ոչ ոք չունի, սակայն վերջերս իմացել է, որ երեք եղբայր և քույր ունի: Այդպես, ամեն մեկն իր հաջողությունների մասին պատմեց: Աղջիկները նաև շնորհակալություն հայտնեցին այն բարերարներին, ովքեր մշտապես օգնել են մեզ»,- պատմեց ՀԿ-ի նախագահը:
Բացի աղջիկներից, ՀԿ-ի աշխատակիցները ևս հնարավորություն են ունեցել պատմելու, թե իրենց կյանքում ինչ է փոխել «Մեր տունը»: «Յոթ աշխատողներն էլ հուզված էին: Նրանք նշեցին, որ այդ աշխատանքով ոչ միայն օգտակար են եղել աղջիկներին, այլև իրենց կյանքն է իմաստավորվել: Տարբեր մասնագիտության մարդիկ այսօր մանկատան շրջանավարտների դաստիարակ են»,- պատմեց տիկին Տիգրանուհին:
«Մեր տան» անդամներին անակնկալ հյուրընկալվել է օպերային երգչուհի Ռոզին ու կատարել «Մայրիկ» երգը, ինչպես նաև «Մեր տան» լավագույն բարեկամներից Հովիկ Նավասարդյանը: Իսկ Շվեդիայից ժամանած բարեգործ Ալիսան նրանց ջրի սարք է նվիրել: Տիկին Տիգրանուհու խոսքերով' բազում զանգեր ու շնորհավորանքներ է ստացել. իրենց շնորհավորել է նաև Էջմիածնի քաղաքապետը, ՀԿ-ի նախկին սան Լուսինե Հունայանը, ով իր բալիկի հետ նույնպես մասնակցել է տոնին:
ESem.am-ը շնորհավորում է «Մեր տան» անդամներին և հաջողություններ մաղթում նրանց:
Շնորհավորեց Արևիկ Իսաջանյանը