Մի քանի օր է, ինչ վաճառքում է հայտնվել Գրողների միության անդամ, բազմաթիվ գրական մրցանակների արժանացած, ժամանակակից արձակագրի՝ Արեգ Ազատյանի նոր գիրքը՝«Թռչող Աֆրիկացին» (որը կարելի է նաև արկածային համարել), որը հեղինակի՝ թվով չորրորդ գիրքն է։
Քիչ են արդի հայ գրողները, ովքեր ինտելեկտուալ գրականություն են ստեղծում, երբ ընթերցումը հարստացնում է գիտելիքներդ, մի ինչ-որ «նորը» տալիս։ Արեգ Ազատյանն այդ «քչերից» է, և այդ «գրիչը», «ձեռագիրը» գնահատել է պետք։ Արկածային գրականության տեսակը քիչ է հանդիպում ժամանակակից արձակում։ Գուցե պատճառն այն է, որ հեղինակից պահանջվում է երևակայական մեծ մտահորիզոն կամ ընթերցողների քիչ լսարան է գտնում, այդ իսկ պատճառով գրողներն այլ շեշտադրմամբ են գրում։ Այս տեսակետին ի պատասխան'հեղինակը նշեց.


- Այսօր գրեթե ամեն ինչ մարդիկ կապում են, սուր, անմարդկային ու պոռնոգրաֆիկ գործոնների հետ։ Հատկապես «արդիական» է վերջինը։ Միայն դրա մասին գրե՞նք։ Ստացվում է, որ եթե ցանկանում ես «հետաքրքրել» մարդկանց, լինել ուշադրության կենտրոնում, պետք է ստեղծագործես ինտիմ թեմաների մասին, ու կարժանանաս լրագրողների ուշադրությանը։ Ամենուրեք մոռացվում է արվեստի, տվյալ դեպքում՝ գրականության բուն առաքելության մասին։


Արեգը անկեղծացավ, նշելով, որ ցավալի է այն, որ արդի գրականություն մեջ հաճախ կարելի է հանդիպել «տեղային» մոտեցմանը, այսինքն՝ գրում են կաղապարված՝ դուրս չգալով տվյալ ժամանակի և իրականության սահմաններից։ Շատերի հետաքրքրության սահմանը նույնն է։ Իսկ դրանից տուժում է գրողի «Ես»-ը, քանի, որ գրում է այն, ինչ պահանջարկ ունի, ոչ թե այն, ինչը «անսովորի», «նորի» մասին է, ու որում կա ենթատեքստ, տողատակ, որ ընթերցողը մտածի, գտնի իրեն հարազատ մի բան։


Անդրադառնալով «Թռչող Աֆրիկացուն»՝ հետաքրքիր է իմանալ՝ ինչո՞ւ հենց Աֆրիկան, հատկապես այն դեպքում, երբ Արեգն Արֆրիկայում չի եղել։


֊- Դժվա՞ր չէր իրականը պատկերել առանց տեսնելու։


- Այո , շատերին է հետարքրել այս հարցը։ Իհարկե, դժվար էր գրել մի պատմություն, որում հերոսի գործողությունները ծավալվել են մի մայրցամաքում, ուր բազում երկրներ կան, ու ամեն մի երկիր ունի որոշակի կոլորիտ, իսկ հերոսիս արկածային ճանապարհն անցնում է մայրցամաքի բոլոր երկրներով։ Սխալ պատկերացումներ ունենալու դեպքում կտուժեր ոչ միայն գիրքը, այլև խեղաթյուրված կլիներ Աֆրիկայի մասին պատմությունը։ Բայց մինչ կգրեի գիրքը, ուսումնասիրել եմ ավելի քան 2000 աղբյուր, որոնք հիմնավոր փաստերով ընդգրկուն կլինեին՝ որպես գեղարվեստական գիրք։


Կարծում եմ՝ ավելի քան համոզիչ և տպավորիչ կլինի Աֆրիկան ընթերցողի համար, անգամ' առանց տեսնելու։
Հեղինակը պատահական չի ընտրել Աֆրիկան. ըստ նրա՝ ուղիղ, թաքնված կապ կա Հայաստանի և Արֆրիկայի երկրներում բնակվող մարդկանց կյանքում։ Նրանք ևս դժվարություններ ունեն։ Հերոսի բացահայտած մայրցամաքը մինչ օրս դեռ ոչ ոք չի բացահայտել։ Գուցե դրա համար է, որ Արեգը, թեկուզ և այդքան եռանդով է ուսումնասիրել մայրցամաքը, հերոսի ուղին մատնանշել, բայց չգիտեր' ինչ է լինելու վերջում։ Հեղինակը նշեց. «Վերջը վերջում հասկացա, մինչ այդ չգիտեի»։

- Իսկ ինչ-որ նմանություն կա՞ քո և հերոսիդ միջև, դու քեզ պատկերացնո՞ւմ ես նրա դերում:


-Այո, ու մեծ կապ կա, մենք երկուսս էլ միամիտ ենք, հավատում ենք հրաշքներին, ու կարծում եմ՝ երկուսս էլ թոչելիս ինչ-որ մի արտասովոր իրողություն ենք բացահայտել։ Իսկ ի՞նչն է հեղինակի բացահայտումը, և ի՞նչ կբացահայտի ընթերցողը, դա միայն ընթերցումից հետո, իսկ մինչ այդ Արեգ Ազատյանը խոստացավ.
- Եթե քո մեջ կա խիղճ, երջանկություն զգալու ցանկություն, և դու գնահատում ես այդ աշխարհը, որը թեկուզ և երազկոտ է, բայց' այդքան իրական, խոստանում եմ' կզգաս։ Համենայն դեպս, ես գրելու ամբողջ ընթացքում հաճույք եմ ստացել։


Հ.Գ Բարի ընթերցում ։)

 


Զրուցեց Հասմիկ Բոյաջյանը