Մհեր Մկրտչյանը հայրենական կինոյի ամենասիրելի դերասաններից է։ Սակայն նրա ընտանիքի մասին քիչ բան է հայտնի։ Ռուսական НТВ հեռուստաալիքի «Խոսում և ցուցադրում ենք» հաղորդաշարը գտել է հայտնի դերասանի միակ թոռնիկին, որը բնակվում է Արգենտինայում։
Ողջ Խորհրդային Միությունում հայտնի դերասան Ֆրունզիկ Մկրտչյանը (НТВ-ի ձևակերպմամբ) հանդիսատեսի սերը շահել է կատակերգություններում։ Նրա այցեքարտը դարձել է «Միմինո» ֆիլմում վարորդ Ռուբիկ Խաչիկյանի դերակատարությունը։
Արտիստը փայլել է նաև «Կովկասի գերուհին» ֆիլմում։ Եվ քչերը գիտեն, որ ֆիլմում նրա կինը դերասանի իրական կինն էր։
Ֆրունզիկ Մկրտչյանի անձնական կյանքը, ի տարբերություն էկրանի, ավելի շատ ոչ թե կատակերգություն, այլ ողբերգություն է հիշեցնում։ Երկու երեխա ունենալուց հետո դերասանի կնոջը՝ Դոնարային, սարսափելի ախտորոշում են տվել. շիզոֆրենիա։
Մնացած ողջ կյանքը նա անցկացրել է հոգեբուժարանում։
Հոգեկան հիվանդությունը ժառանգաբար անցել է նաև նրանց որդուն՝ Վահագին։ Դերասանը փորձել է փրկել որդուն։ Նրան անգամ Ֆրանսիա է տարել, սակայն օտարերկրացի բժիշկները միայն հաստատել են ախտորոշումը։ Այլևս պայքարելու ուժ չունենալով՝ Մկրտչյանը դադարել է տանից դուրս գալ։ Նրա անշունչ մարմինը հարևանները գտել են տանը։
Նրա որդին՝ Վահագը, ապրել է ևս 9 տարի և մահացել հոգեբուժարանում։ Դերասանի դուստրը՝ Նունեն, մահացել է քաղցկեղից։
«Խոսում և ցուցադրում ենք» հաղորդաշարը գտել է խորհրդային կինոյի լեգենդի վերջին շառավղին։ Կարճ սանրվածքով, խոշոր աչքերով աղջիկը Ֆրունզիկ Մկրտչյանի թոռնուհին է՝ Իռեն Տերտերյանը։ Նա բնակվում է Արգենտինայոում և Մոսկվա առաջին անգամ այցելել է НТВ-ի հրավերով, որպեսզի պատմի հայտնի պապիկի հետ իր վերջին հանդիպման մասին։