Ամերիկացի գիտնականները պնդում են, որ գլոբալ տաքացման ընթացքում տեղի ունեցած կլիմայական փոփոխությունների հետևանքն են ոչ միայն սառցադաշտերի հալոցքը, առավել շոգ ամառները, ինտենսիվ տեղումները, այլև կենդանիների գաճաճությունը:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, հետազոտող գիտնականները պարզել են, որ կաթնասունների թիվը զգալիորեն կրճատվել է առնվազն երկու հնագույն համաշխարհային տաքացումների ընթացքում:
Հայտնաբերված գտածոներն ուսումնասիրելով՝ նրանք եկել են այն եզրակացության, որ կենդանական աշխարհի վրա նման անդրադարձ կարող են ունենալ նաև հետագա կլիմայական փոփոխությունները:
Գիտնականներին ավելի վաղ հայտնի էր, որ այնպիսի կաթնասուններ, ինչպիսիք են ձիերն ու եղնիկները փոքրացել են համաշխարհային տաքացման ժամանակաշրջանից հետո, որը տեղի է ունեցել 55 մլն տարի առաջ և տևել է 200 000 տարի, երբ ջերմաստիճանը ողջ աշխարհում բարձրացել է 6 աստիճանով՝ ըստ Ցելսիուսի սանդղակի:
Այժմ Միչիգանի համալսարանի գիտնականներն, ուսումնասիրելով հայտնաբերված բրածոները, պարզել են, որ կաթնասունների մոտ գաճաճություն է ի հայտ եկել նաև 53 մլն տարի առաջ, երբ համաշխարհային տաքացման առավել ցածր մակարդակ է գրանցվել: