Ընտանիքը միշտ եղել է սրբություն հայի համար: Այն պետության հիմքն է և երջանկության ամենացանկալի հանգրվանը: Ավելի լավ չես ասի. «Մարդը երջանիկ է, եթե երջանիկ է տանը»:
Ցավոք, բոլոր վիճակագրություններն արձանագրում են, որ ամուսնալուծությունների թիվն օր օրի աճում է մեզանում:

 

Ինչու՞ է աճում ամուսնալուծությունների թիվը

 

Ինչպե՞ս պատճառաբանել այս տհաճ միտումը, ինչպե՞ս հաղթահարել համատեղ կյանքում ժամանակ առ ժամանակ առաջացող «ճգնաժամային փուլերը»…

 

Դավիթ ՀայրապետյանՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է ՀՈԳԵԲԱՆԸ

Դավիթ Հայրապետյան

 

Դավիթ Հայրապետյան, հոգեբանական գիտությունների թեկնածու

 

- Ինչո՞վ եք պատճառաբանում երիտասարդ ամուսինների շրջանում ավելի հաճախակի արձանագրվող ապահարզանները: Ինչն է նպաստել դրանց:

 

Ապահարզանը' որպես ամուսնության իրավաբանորեն ամրագրվող քայքայում, իր էությամբ ամուսնության անտիթեզն է' նրա ստվերային մասը: Սա նշանակում է, որ ապահարզանի ավելի լավ հասկացման համար անհրաժեշտորեն պետք է մանրամասն վերլուծենք և հասկանանք ամուսնության տարիներին առաջացող խնդիրները: Կարևոր է հասկանալ, որ ապահարզանը «ծնվում և հասունանում» է հենց ամուսնության, թվում է թե լավագույն տարիներին, իսկ բուն ապահարզանի իրավաբանական գրանցման երևույթը երևույթի հասունացման միայն կուլիմինացիոն կետն է:
Ապահարզանների քանակության աճ գրանցվում է բոլոր երկրներում: Ըստ էության դա ոչ միայն մեր երկրի այլև համամարդկային առաջնահերթ խնդիրներից է: Ապահարզանների աճի առաջնահերթ հիմնախնդիրներից է ուրբանիզացման մակարդակը: Մեծ քաղաքը ամուսիններից յուրաքանչյուրին բնակության վայրի, աշխատանքի, մտերիմների և ընկերների ընտրության լայն հնարավորություններ է ընձեռում: Ինչպես նաև թուլանում է հանրության կարծիքի ազդեցությունը ամուսինների վարքի վրա: Հասարակությունում կնոջ դերի ավելացումը բերում է ամուսնության և ամուսնական զուգընկերոջ հանդեպ կնոջ պահանջների ավելացում: Որքան բարձր է կնոջ կրթության մակարդակը, մասնագիտական որակավորումը, որքան լայն է նրա անձնական և հասարակական շփումների մակարդակը, որքան ավելի անկախ և ինքնուրույն է կինը, այնքան շատ են նրա պահանջները ամուսնությունից: Նույնիսկ մակերեսային սոցիալ-հոգեբանական ուսումնասիրությունը թույլ է տալիս ամուսնալուծության հիմքերում տեսնել նախկին ամուսինների ավելի շատ սուբյեկտիվ պատկերացումները իրողության մասին, քան բուն իրական հանգամանքները: Հարցումներում ամուսնալուծվողներն ավելի հաճախ նշում են հետաքրքրությունների և ընդհանուր հայացքների բացակայությունը, բնավորության անհամապատասխանությունը, սիրո զգացման բացակայությունը, քան ամուսնու հիվանդությունը, երեխա ունենալու անհնարինությունը, կամ էլ վատ կենցաղային պայմանները:

 

- Հաճախ ենք օգտագործում այն արտահայտությունը, թե ամուսնության համար պետք է հոգեպես պատրաստ լինել: Ի՞նչ է մտնում այդ «պատրաստվածության» մեջ: Արդյո՞ք ամուսնալուծությունների պատճառը շատ հաճախ հենց այդ պատրաստվածության բացակայության ու հարցին թեթևամիտ վերաբերվելու մեջ չէ:

 

Իսկապես, հաճախ ենք լսում, որ ժամանակակից ամուսնալուծությունների ավելացման հիմնական պատճառը երիտասարդների թեթևամտությունն է: Նույնիսկ արտասահմանում այս ուղղությամբ համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարելու առաջարկություններ են հնչում, որոնք կդժվարացնեն երիտասարդներին կատարել ամուսնության գրանցում: Օրինակի համար ամուսնության ստորին տարիքային սահմանի ամրագրում, անպայման նշանադրության ներմուծում և այլն:

 

Ունե՞ն այդյոք այս կարծիքները և առաջարկությունները գիտական հիմք: Ամենայն համոզվածությամբ կարող եմ պնդել, որ այսպիսի քայլերը շատ ավելի վտանգավոր և թաքնված հետևանքներով են հղի' չգրանցված ամուսնությունների ավելացում, արտամուսնական ծնունդների և կամ աբորտների թվի ավելացում:
Սակայն հիմնախնդրի մի փոքր ավելի գիտական ուսումնասիրումը թույլ է տալիս փաստել, որ ապահարզանների կեսից ավելին 5-10 տարի տևած ամուսնություններն են, իսկ քայքայված կարճատև ամուսնությունների մեջ որոշակի տոկոս են զբաղեցնում հասուն տարիքում կատարված ամուսնությունները: Սա ևս մեկ անգամ վկայում է, որ ապահարզանների սպառնալի աճը ոչ միայն «երիտասարդական» խնդիրների հետևանք է և պետք է փնտրել առավել ծանրակշիռ պատճառներ: Անհատական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բաժանվող ամուսինները ապահարզանի դիմելուց առաջ դեռևս երկար ժամանակ փորձում են կարգավորել ընտանեկան կյանքը և հարաբերությունները: Հարցումները ցույց են տալիս, որ մարդկանց ճնշող մեծամասնության համար ամուսնությունը լուրջ կենսական քայլ է, որից պետք է սպասել ինտելեկտուալ և բարոյական բավականությունը: Ելնելով սրանից՝ ես հակված չեմ աճող ամուսնալուծությունների հիմնական պատճառ դիտարկել երիտասարդների թեթևամտությունը, առավել ևս, որ վերջին ժամանակներս մենք գրանցում ենք ամուսնության «միջին տարիքի» աճ:

- Ձեր խորհուրդները. Ինչպե՞ս հաղթահարել հարաբերություններում ժամանակ առ ժամանակ առաջացող «ճգնաժամային փուլերը»:

Գիտե՞ք, հարցի շուրջ մտորելիս ակամայից հիշեցի Լ. Տոլստոյի հանրահայտ արտահայտությունը. «Բոլոր ընտանիքները միանման են երջանիկ: Յուրաքանչյուր ընտանիք դժբախտ է յուրովի»: Սա նշանակում է, որ ամուսնալուծության պատճառները յուրաքանչյուր զույգի համար յուրովի են ու տարբեր, և հոգեբանը խորհրդատվություն իրականացնելիս պետք է ելնի կոնկրետ իրավիճակից և պայմաններից: Սակայն ընթերցողներին որոշակի կողմնորոշիչներ տալու համար փորձենք առանձնացնել ամուսնալուծության տանող որոշ կոնկրետ խումբ գործոններ և նշենք այդ գործոնների հաղթահարման միջոցներն ու ճանապարհները:

 

 

Գործոնների առաջին խումբը «բազային» կենսական արժեքների անհամապատասխանությունն է: Սրանց թվին են պատկանում այն հարցերը, թե երբ և ինչքան երեխաներ ունենալ, ինչքան պետք է վաստակել և ինչպես այն ծախսել, ինչպես կազմակերպել հանգիստը, ինչպես նաև սննդային և սեռական նախընտրությունները: Սակայն այս բոլոր հարցերին էլ կարելի է գտնել պատասխաններ, որոնք ամուսիններին կբավարարեն:

 

Գործոնների երկրորդ խումբը պայմանավորվելու և «կոնֆլիկտները» խաղաղ ճանապարհով լուծելու անընդունակությունն է: Շատ հաճախ ինքներդ էլ նկատել եք, որ երկու վիճաբանող կողմերը խոսում են տարբեր «լեզուներով»: Երբ ինքներդ եք վիճաբանող կողմ, չեք կարողանում հասկանալ, թե ինչպես դիմացինը չի «հասկանում» Ձեր ասած «պարզ ճշմարտություններ»: Անհրաժեշտ է միայն այդ պահին ընկալել, որ դիմացինն էլ է գտնվում ձեր վիճակում: Հոգեբան-մասնագետը այս իրավիճակում առավելապես ստանձնում է «թարգմանչի» դեր:

 

Ապահարզանների առավել ցավոտ խնդիրներից է ամուսիններից մեկի «կախվածությունը» (հարբեցողություն, նարկոմանիա, մոլախաղեր): Այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ այս բոլոր սովորություններից էլ հեշտ է ազատվել, սակայն դրա համար անհրաժեշտ է հենց այդ մարդու ցանկությունը: Սակայն, եթե զգում եք, որ կախվածությունը զարգանում է, հոգեբանները խորհուրդ են տալիս ամուսնալուծվել, դրանով իսկ ազատվելով «համակախվածությունից» և հեռու պահելով երեխաներին ոչ ադեկվատ մարդու ներկայությունից:
Երրորդ գլխավոր պատճառը ընտանիքում երեխայի բացակայությունն է: Շատ հաճախ ամուսինները չեն կարողանում պայմանավորվել թե, երբ և քանի երեխա ունենալ: Իսկ ամուսիններից մեկի կողմից երեխա ունենալու ցանկության բացակայությունը մյուսի կողմից մեկնաբանվում է որպես իր սեփական անձի մերժում: Այն դեպքերում, երբ բնական ճանապարհով երեխա ունենալն անհնար է ամուսնությունը փրկելու միակ ճանակարհն է մնում երկուսի համատեղ և անկեղծ երեխա որդեգրելու ցանկությունը: Եթե ցանկությունները տարամիտում են, ապա ամուսնությունն, ամենայն հավանականությամբ փրկել հնարավոր չի լինի:

 

Մյուս պատճառը իրական կամ էլ երևակայական դավաճանությունը ներելու անհնարինությունն է: Այս դեպքում տառապում են երկու կողմն էլ: Եթե ամուսինները որոշում են հաղթահարել առաջացած խնդիրները, ապա վերականգնողական գործընթացը երկար է և դժվար: Այն անցնելուց հետո ձևավորվում են «նոր» հարաբերություններ և ոչ թե վերականգնվում են «հները»:

 

Ինչպես նկատում եք, պատճառները շատ են, իսկ մենք քննարկեցինք միայն դրանցից մի քանիսը: Եվ դրանցից միայն մեկը' վնասակար սովորություններից «կախվածությունը», անվերապահորեն տանում է ամուսնալուծության, իսկ մնացածները միանշանակորեն հաղթահարելի են ցանկության դեպքում: Միշտ էլ կարելի է դիմել հոգեբան-խորհրդատուի, ով կարող է օգնել «վերականգնողական» աշխատանքում:

 

- Ապահարզանի ազդեցությունը երեխաների վրա: Ինչու են հաճախ ամուսնալուծված կինը կամ ամուսինը իրենց տրամադրվածությունը փոխանցում երեխաներին:

 

Եթե նույնիսկ ամուսնալուծությունը կատարվում է չափազանց հարգալից և նրբանկատ, ապա առավելապես տառապում են երեխաները: Հետևանքները հատկապես սուր են անդրադառնում երեքից տասներկու տարեկան երեխաների հոգեկան աշխարհի վրա: Երեխաների հոգեկան կայունության և հավասարակշռվախության վրա ազդում են հատկապես հետևյալ գործոնները.

 

•Ամուսնալուծությանը, որպես կանոն, նախորդում են տարաձայնությունների ամիսները, որոնց հանդեպ հատկապես զգայում են երեխաները: Դրան գումարած' վիճաբանող ամուսինները հիմնականում ժամանակ չեն գտնում երեխաների համար:

 

•Երեխան սուր զգում է հոր բացակայությունը և այն մեկնաբանում է որպես իրենից հրաժարում, եթե նույնիսկ դա չի արտահայտում:

 

•Բաժանումից հետո հայրը որոշ ժամանակ այցելում է երեխային: Ինչքան նա ուշադիր և հոգատար է երեխայի հանդեպ, այնքան երևույթը երեխայի համար դառնում է տանջալից և անհասկանալի: Նա նաև սկսում է մեղադրել մորը հորից բաժանելու համար: Իսկ եթե հայրը չոր և անտարբեր է, ապա երեխան հանդիպումները ընկալում է որպես պարտադրանք:

 

•Ընկերների հետ հարաբերությունները հաճախ տուժում են անհարկի տրվող հարցերից, որոնց հաճախ երեխան չի կարողանում պատասխանել:

 

•Հոր բացակայությունը բերում է տանը տղամարդկային սկզբի բացակայության: Տղան չի կարողանում հաճախել զուտ տղամարդկային միջոցառումների' ասենք ստադիոն, ֆուտբոլային խաղի դիտման, իսկ աղջկա մոտ աղճատվում են արական սեռի հետ հարաբերությունները' հոր հանդեպ դրսևորվող վիրավորանքից և մոր դժբախտ փորձառությունից:

 

•Նոր պայմաններում կինը ոչ ամբողջովին է կարողանում կատարել իր պարտականությունները, որոնց հետևանքով էլ երեխան չի կարողանում անտարբեր տանել մոր տառապանքները և ապրումները:

 

Հոգեբանական հետազոտությունները վկայում են որ տարբեր սեռի երեխաները տարբեր կերպ են ընկալում ծնողների ամուսնալուծությունը: Աղջիկները առավել հաճախ ապրումները թաքցնում են իրենց ներաշխարհում և նրանց վարքը համարյա չի փոխվում: Սակայն առաջ են գալիս հարմարման այլ աղճատումներ' աշխատունակության նվազեցում, գերհոգնածություն, հրաժարում շփումից, գերգրգռողականություն: Հաճախ սա ուղղված է բաժանվող ծնողների ուշադրությունը գրավելու, համոզվելու, որ իրեն չեն մոռացել: Հաճախ դա բերում է ներքին օրգանների ֆունկցիոնալ խախտման' առանց դրանց անատոմիական փոփոխության: Առաջատար ապրումները թախիծն ու վիրավորանքն է: Աղջիկների երկու երրորդը, որոնք թվում է հաղթահարել են ճգնաժամը, հասնելով հասուն տարիքի, դառնում են խորապես անհանգստացած, կորցնում են ընտրության ընդունակությունը, ապրում դավաճանության վախ ինտիմ հարաբերություններում:

 

Տղաներին առավել յուրահատուկ են վարքի ակնհայտ փոփոխություններ, որոնք հրահրիչ բնույթ են կրում: Կարող է դրսևորվել հայհոյանքների, տնից փախուստի, գողության տեսքով: Առաջատար ապրումները զայրույթն ու ագրեսիվությունն են:
Հաճախ, չկարողանալով ղեկավարել սեփական ապրումները, մեծահասակները փոխվում են երեխաների հանդեպ: Ոմանք նրանում են տեսնում բաժանման պատճառը և խոսում են այդ մասին, ոմանք իրենց ամբողջովին նվիրում են երեխայի դաստիարակությանը, ոմանք տեսնում են երեխայի մեջ նախկին զուգընկերոջ ատելի գծերը, իսկ ոմանք էլ ուրախանում են դրանց բացակայությունից: Սակայն ինչպիսին էլ լինեն հակազդումները, վերաբերմունքի փոփոխությունը էապես պայմանավորում է երեխայի դաստիարակության գործընթացը:

 

- Ինչպե՞ս անել, որ ամուսնալուծված ընտանիքի երեխան չմեծանա թերարժեքության բարդույթով և այլ հոգեբանական խախտումներով:

 

Սա առավել հուզող և աշխատատար հարցերից է: Հիմնական ռազմավարությունը պետք է լինի աշխարհի հանդեպ երեխայի վստահության պահպանումը: Սրա համար անհրաժեշտ են հետևյալ քայլերը.

 

1. Երեխային իրեն հասկանալի լեզվով բացատրել կատարվածը և ոչ թե թաքցնել իրողությունը: Ընդ որում այդ գործընթացում խուսափել մեղադրելուց: Մայրը պարտավոր է վստահեցնել, որ հայրը սիրում է իրեն: Ասեք, որ նման բան լինում է շատերի հետ և ավելի լավ է, որ լինի այն, ինչ լինում է:

 

2. Հեռու պահե՛ք երեխային ավելորդ հուզումներից, եթե բաժանման փաստը վերջնական է: Ինչքան փոքր է երեխան, այնքան հեշտ է նրան նախապատրաստել հոր հեռանալուն: Հոր այցելությունները, եթե դրանք գնալով ավելի հազվադեպ են դառնում, ամեն անգամ բերում են երեխայի կողմից մերժման զգացման սրացմանը:

 

3. Աշխատե՛ք հաճախակի չփոխել բնակության վայրը: Երեխային այդ ժամանակ անհրաժեշտ են հին ընկերական կապերը:

 

4. Օգնեք երեխային մեծանալ և դառնալ ինքնուրույն, որպեսզի չզարգանա ավելորդ կախվածություն Ձեր անձից:

 

5. Եվ առավել կարևոր է ինչքան հնարավոր է շուտ նորից ամուսնանալ: Մի՛ փորձեք միաժամանակ լինել և մայր, և հայր: Այն բերում է երեխայի սեռային իդենտիֆիկացիայի աղճատումներ: Երեխային պետք է հնարավորություն ընձեռել հորը տեսնել տղամարդու մեջ:
Համենայն դեպս, չեմ զլանա ևս մեկ անգամ շեշտել, որ երեխայի հետ աշխատանքը ամուսնալուծության ընթացքում և դրանից հետո դժվար ղեկավարվող և ուղղորդվող գործընթաց է և անհրաժեշտորեն պահանջում է մասնագիտական մոտեցում: Այս գործընթացում պետք է հեռու մնալ փորձարարականությունից ու սիրողական մոտեցումներից և դիմել համապատասխան մասնագետների, որոնք կօգնեն հաղթահարել առաջացող ճգնաժամերը: