Life.panorama.am-ի զրուցակիցն է «Շարմ» ընկերության տնօրեն, դերասան Հրանտ Թոխատյանը:


-Ըստ Ձեզ ինչպիսի՞ն է այսօրվա Երևանը:


-Իմ երիտասարդ տարիների Երևանն ուրիշ քաղաք էր՝ իր ջերմությամբ, իր գույներով: Այսօրվա Երևանը լրիվ ուրիշ, նոր քաղաք է: Փոփոխությունը կտրուկ էր. ամեն ինչ ընդհատվեց, եկան ծանր ժամանակներ, ամենավառ գույնը կազմող ամբողջ մի շերտ լքեց քաղաքը: Հետո սկսվեց ոչ թե վերածնունդ, այլ նոր ծնունդ: Նոր Երևան սկսվեց կառուցվել, ուրիշ մարդիկ սկսեցին ապրել: Կա երկու տարբերակ՝ կամ փնովել, կամ լավատես լինել: Պետք է առաջ գնալ: Պայքարել նորի դեմ անհնար է: Անճաշակության դեմ այն ժամանակ էին պայքարում: Երբ կառուցվեց երիտասարդական պալատը, իմ հայրիկի սերունդը չէր ընդունում, այն կոչում էին «կրծած կուկուռուզ»՝ նեգատիվ իմաստով: Իմ սերնդի համար այն դարձավ մեր քաղաքի սիմվոլներից մեկը, այսօր ինձ պակասում է այդ շենք, ամեն անգամ կողքով անցնելիս սրտիցս «արյուն է կաթում»: Մեր մեծերի կողմից դժվար է ընդունվել նաև Վարդան Մամիկոնյանի արձանը, ասում էին՝ Սասունցի Դավթի արձանից հետո դա՞, ո՞նց կարող է այդպիսի բան լինել: Իսկ իմ սերնդի համար դժվար էր ընկալել Առնո Բաբաջանյանի արձանը, բայց այսօր ով գալիս է Երևան առաջին հերթին գնում է այդ արձանը տեսնելու:

-Սերունդների հակասություն միշտ կա, բայց անճաշակությունն այսօր սկսել է գերիշխել:


-Այո՛, եկավ մի պահ, երբ մենք ստացանք ազատություն որը, ցավոք սրտի, վերածվեց ամենաթողության: Ով ինչ ուզեց, արեց՝ առանց հաշվի առնելու այն ավանդույթները, որոնք եղել են մեր քաղաքում: Մենք այսօր քաղաքացու ինստիտուտ չունենք: Փնովողներն էլ քաղաքացի չեն, թող իրենք իրենց նախ քաղաքացի զգան, հետո նոր խոսեն քաղաքից: Այսօր պսևդոպոպյուլար լինելը շատ հեշտ է: Բավական է դուրս գալ փողոց ու ասել՝ «էս ի՜նչ են անում», ու շուրջդ ահագին մարդ կհավաքվի ու կանեն՝ տեսեք ինչ ռիսկով է, ինչեր է ասում՝ մոռանալով, որ «էս ի՜նչ են անում»-ից հետո, պետք է ասել՝ «իսկ ինչ լավ կլիներ, որ անեին»: Այ դա ասողը չկա, փնովող շատ կա: Խոսքի ազատությունից ենք խոսում. որևիցե տեղ այն այդքան կա՞, ինչքան մեզ մոտ: Ով ինչի մասին ուզում, խոսում է: Սկսած ամենացածրից մինչև ամենավերևը կարող են հայհոյել, ու մեկը չի գալիս ասի՝ տղա կամ աղջիկ ջան էս ի՞նչ ես անում: Դու արդյոք դրա իրավունքը ունե՞ս, կամ ո՞նց ես քեզ թույլ տալիս:

-Ըստ Ձեզ, ստեղծված իրավիճակի պատճառը ո՞րն է:


-Մեր երկիրը սկիզբ առավ 91 թվականին ու մինչ այսօր չունենք ընդդիմություն. չենք ունեցել, չունենք և մոտակա ժամանակներս չենք ունենալու: Այն ինչ մեզ մոտ անվանում են արմատական ընդդիմություն և այն, ես այդ ամենին չեմ հավատում, որովհետև ոչ մեկից ոչ մի կառուցողական հայտարարություն չեմ լսել: Ամեն ինչը միայն «քանդողական» է' քանդենք, ոչնչացնենք, վռնդենք ու մեկը չեղավ, որ ասի՝ դա երկրորդ հերթին, առաջին հերթին եկեք այսպիսի երկիր կառուցենք՝ ոչ ոք…: Այդ պատճառով էլ մեր ժողովուրդը, ելք փնտրելու ակնկալիքով, հրապարակից հրապարակ է գնում, բոլորի դեպքում գոռում է՝ բռավո ու էն մարդուն ում ասում էին հեռացիր՝ այսօր ասում են վերադարձիր… ամեն ինչն իրար է խառնվել, կոպիտ ասած՝ շունը տիրոջը չի ճանաչում:


-Քաղաքում սիրված վայր ունե՞ք:


-Իհարկե, Երևանում կան փողոցներ, անգամ փողոցի մասեր, որոնք սիրում եմ: Երևանում չկա սանտիմետր, որտեղ եղած չլինեմ, բայց կան վայրեր, որտեղ կարող եմ ողջ օրս անցկացնել, ու ոչ միշտ է դա կապված հենց կենտրոնի հետ: Ինձ համար քաղաքի ամենահոգեհարազատ վայրը ֆիզիկայի ինստիտուտն է. այնտեղ է անցել իմ մանկությունն ու պատանեկությունը, այնտեղ իմ ընկերների մեծ մասն են ապրում: Այդ թաղամասում ապրում էին գիտնականներ, ֆիզիկոսներ: Ամենասուր, ամենաստեղծագործ միտքը կենտրոնացված էր քաղաքի այդ հատվածում: Ֆիզիկայի ինստիտուտի մշակութային պալատում ցուցադրվում էին ԽՍՀՄ տարածքում արգելված ֆիլմեր, Արթուր Մեսչյանն է այնտեղ ելույթ ունեցել, Առաքյալները և շատ հայտնի դեմքեր:


- Ձեզ ի՞նչն է պակասում այսօր:


-Իմ ընկերներն են պակասում: Ես շատ կուզենայի, որ մեր երկիրը դառնար այնպիսի, որ իմ ընկերները վերադառնային, որովհետև իրենց պակասը ես զգում եմ, մեր երկիրն է զգում: Մեծամասնությունը շատ հայտնի ու սիրված մարդիկ են, ապրում են բարեկեցիկ կյանքով, ունեն լավ աշխատանք և ես կուզեիր, որ նրանք իրենց հնարավորությունները օգտագործեին ի շահ մեր երկրի:

-Մշակութային կյանքն ի՞նչ մակարդակի վրա է Հայաստանում:


-Եթե մի կողմ թողնենք համացանցը, ապա մենք կտրված ենք աշխարհից, մենք մեր մեջ ենք ապրում: Թատրոնը չի կարելի էկրանով նայել, թատրոնի էֆեկտը բեմի շունչը զգալն է: Բայց տեսնելու համար կամ պետք է հրավիրենք, կամ ինքներս մասնակցենք փառատոնների. չենք անում, որովհետև ֆինանսական միջոցներ չկան: Այդ իսկ պատճառով մեր երիտասարդները ստեղծագործում են աչքերը հառած ավելի շատ դեպի երեկ, քան դեպի վաղը: Երկրներում, որտեղ լինում եմ, այցելում եմ գրախանութներ ու փորձում եմ գտել հայ որևիցե հեղինակ, բայց չկա: Երբ գոռում ու աղաղակում ենք՝ մենք ու մեր Նարեկացին, ի՞նչ ենք անում, որպեսզի օտարերկրացին ծանոթանա Նարեկացուն… ոչ մի բան: Ինչո՞ւ ես պետք է Մարկեսին իմանամ, բայց որևիցե մեկը չկարողանա ճանաչել իմ Հրանտ Մաթևոսյանին: Մարկեսն ու Մաթևոսյանը շատ նման են, ես Մաթևոսյանին համարում եմ նույն որակի գրող, ինչ Մարկեսն է: Մաթևոսյանը միայն մերը չպետք է լինի, պետք է բոլորինը լինի: Այդ ժամանակ որևէ հայի կերպար դրսում չեն համեմատի միայն շուկայում առևտուր անողի հետ: Մենք ոչինչ չենք անում աշխարհին մեր մասին իմաց տալու համար, մենք Կրեմլի հսկայական դահլիճում հավաքվում ու հայերով ուրախանում ենք, նույնը՝ ԱՄՆ-ում է: Ամեն մեկը կարող է չէ՞ 10 հոգի այլազգի բերել հետը: Կարող են, բայց չեն անում: Եվրոպայի լավագույն բեմերում կտեսնեք ազգությամբ հայ կատարողներ, սակայն բացի նրանց՝ ազգությամբ հայ լինելուց, ուրիշ «շահ» չկա պետության համար: Պետությունը պետք է կարողանա առաջ տանել տաղանդավոր մարդկանց և դրանից օգուտ ստանա՝ գումարի, զբոսաշրջության զարգացման տեսքով: