Rockstar կոնսորցիումը, որի մեջ մտնում է Apple-ը, Microsoft-ը, BlackBerry-ն, Ericsson-ը և Sony-ն, արտոնագրային իրավունքների խախտման մասին հայց է ներկայացրել Google-ի և Android-սարքավորումների յոթ արտադրողների՝ Samsung-ի, HTC-ի, Huawei-ի, Asustek-ի, LG-ի, Pantech-ի և ZTE-ի դեմ: Այդպիսով՝ առաջատար IT ընկերությունները փաստորեն երկու հակամարտող ճամբարների են բաժանվել, գրում է vesti.ru-ն:

Ինչպես ասվում է Rockstar-ի հայտարարության մեջ, ինտերնետ հսկան խախտել է վեց արտոնագիր, որոնք կապված են կոնտեքստային գովազդի հետ: Դրանցից ամենահինը տրված է եղել 1997 թվականին՝ մեկ տարի առաջ այն բանից, երբ Սերգեյ Բրինը և Լարի Փեյջը հիմնեցին որոնողական համակարգը:

Մյուս ընկերություններին, որոնք թողարկում են Android-սարքավորումներ, Rockstar-ը մեղադրել է յոթ արտոնագրերի խախտման համար: Հայցում ասվում է, որ Samsung-ը մասնավորապես անօրինական ձևով իր սարքավորումներն այնպես է ստեղծել, որ նրանց օպերացիոն համակարգով աշխատեն էլեկտրոնային փոստի, քարտեզի և դիտարկչի գործառույթները:

Rockstar ընկերությունը հունիսին ձեռք է բերել սնանկացած Nortel Networks-ի պորտֆելը, որը բաղկացած է 6 հազարից ավելի արտոնագրերից: