Սաուդյան Արաբիայում կանանց՝ մեքենա վարելու արգելքին զուգահեռ ընթացող բողոքի ցույցերի ֆոնին, որոնք սկսվել են անցյալ շաբաթ, ամերիկյան հեղինակավոր Washington Post պարբերականը ներկայացրել է գենդերային խտրականության վրա հիմնված մի շարք անհեթեթ օրենքներ, որոնք կիրառվում են տարբեր երկրներում:

 

Համաշխարհային տնտեսական ֆորումը, որը գենդերային խնդիրների շուրջ հեղինակավոր վարկանշային աղյուսակներ է հրապարակում, 2013-ի իր զեկույցում ներկայացրել է այն երկրները, որտեղ կանանց իրավունքների ոտնահարման դեպքեր հաճախակի են տեղի ունենում: Այդ ցուցակում Սաուդյան Արաբիան գնահատվել է 10-րդ տեղում, որին նախորդել են Մալին, Մարոկկոն, Իրանը, Կոտդիվուարը, Մավրիտանիան, Սիրիան, Չադը, Պակիստանը և Եմենը:

 

Ստորև ներկայացնում ենք կանանց հանդեպ կիրառվող այլ ուշագրավ իրավական սահմանափակումներ, որոնք հանդիպում են տարբեր երկրներում՝ Ասիայից մինչև Լատինական Ամերիկա:

 

1. Հնդկաստան
Հնդկաստանի որոշ հատվածներում ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները չեն տարածվում կանանց վրա: Նրանց արգելվում է մոտոցիկլավարների սաղավարտ կրել, ինչի հետևանքով հազարավոր կանայք են վնասվում տարվա կտրվածքով:

 

2. Եմեն
Եմենում կինը դիտարկվում է որպես կես վկա: Ըստ 2005-ին ընդունված կանոնակարգի՝ դատարանում կինը լիարժեք վկա չի համարվում: Իրականում կնոջ վկայությունը իրավական հիմք չի ունենում, քանի դեռ այն չի հաստատվել որևէ տղամարդու կողմից:

 

3. Սաուդյան Արաբիա և Վատիկան
Այստեղ կանանց չի թույլատրվում քվեարկել: Սաուդյան Արաբիայում, ըստ թագավորական հրովարտակի, կանայք քվեարկելու իրավունք կունենան 2015-ից հետո: Վատիկանը մնում է այն միակ քաղաքը, որտեղ կանայք չեն կարող քվեարկել:

 

4. էկվադոր
Էկվադորում արգելվում է հղիության արհեստական ընդհատում անել, եթե կինը «ապուշ» չի համարվում: Ըստ Էկվադորի պետական քաղաքականության՝ հղիության արհեստական ընդհատումն անօրինական է յուրաքանչյուր կնոջ համար, բացի նրանցից, ովքեր «ապուշ» կամ «խելագար» են համարվում:

 

5. Սաուդյան Արաբիա և Մարոկկո
Այս երկրներում բռնաբարության զոհը կարող է մեղադրվել հանցագործության մեջ: Այստեղ բռնաբարության ենթարկված կինը կարող է խուսափել դատարանից միայն այն դեպքում, եթե ամուսնանա իրեն բռնաբարող տղամարդու հետ:

 

6. Եմեն
Այս երկրում կանանց արգելվում է տնից դուրս գալ առանց ուղեկցության և առանց ամուսնու թույլտվության, անգամ՝ ամենաանհրաժեշտ դեպքերում:

 

7. Սաուդյան Արաբիա
Այս երկրում կանանց արգելում են մեքենա վարել: Վերջերս կանայք և մի շարք ակտիվիստներ սկսել են պայքարել վարելու իրավունք ձեռք բերելու համար: