Նրանց սիրո պատմությունը նման է բլյուզի' կրքոտ, արկածախնդիր և կլանող:
Հոլիվուդյան ճանաչված դերասանուհի Ավա Գարդներ. գեղեցկադեմ, բարեկազմ, կանաչ աչքերով սևահեր գեղեցկուհի, ով համարվում էր իր ժամանակի ամենագեղեցիկ կանանցից մեկը: Նա փոխում էր տղամարդկանց և սիրեկաններին ինչպես ձեռնոցները, համընդհանուր հիացմունքն ու սերն ընդունում ինչպես սովորական մի բան:
Հայտնի երգիչ Ֆրենկ Սինատրա. «իտալացի ինքնահավան», որի' իտալական մաֆիայի հետ ունեցած կապերի մասին խոսում էին բոլորը: Նա բարձրահասակ չէր, սակայն շատ ճարպիկ էր ու հմայիչ, նրա ձայնից խենթանում էին գրեթե բոլոր կանայք' անկախ տարիքից:
Ֆրենկ Սինատրայի և Ավա Գարդների առաջին հանդիպումը կայացել է 1950թ.-ին «Ջենթլմենները նախընտրում են շիկահերներին» ֆիլմի պրեմիերային: Այն ժամանակ արդեն բավականին ճանաչված և երգչի կարիերայից բացի նաև կինոկարիերայով զբաղվող Սինատրան դժվար փուլ էր ապրում, քանի որ պարբերաբար ենթարկվում էր լրատվամիջոցների հարձակումներին: ԶԼՄ-ների ներկայացուցիչները չէին կարողանում ներել այն փաստը, որ իր հաջողություններին Սինատրան հասել էր առանց մամուլի օգնության:
Յուրաքանչյուր նոր ֆիլմ կամ համերգ ենթարկվում էր լրատվամիջոցների կողմից խիստ քննադատության: Մամուլում գրում էին, որ Սինատրայի մասնակցությամբ ֆիլմերն ու համերգները կարող են դուր գալ միայն վատ գեղարվեստական ճաշակ ունեցողներին: Արդյունքում'«МGМ» կինոստուդիան դադարեցնում է Սինատրայի հետ պայմանագիրը' չցանկանալով դառնալ երգչի մասնակցությամբ սկանդալների թիրախ: Այս ամենի արդյունքում' Սինատրան փոքր-ինչ ապշած էր և չգիտեր, թե ինչ կարելի է ձեռնարկել ԶԼՄ-ների հարձակումները կանխելու համար:
Ավա Գարդների մոտ հակառակ իրավիճակն էր, նա իր ճանաչվածության և հաջողության ամենափայլուն փուլում էր: Կինոմատոգրաֆը, որն Ավային դարձրել էր աստղ, վերջինիս համար մեծ նշանակություն չուներ, ինչպես նաև' նրանով հիացող տղամարդիկ: Ավելին' Ավան անտարբեր էր ԱՄՆ-ի այն ժամանակվա ամենահարուստ մարդկանցից մեկի' Հովարդ Հյուզի սիրահետումներին, վերջինս բազմաթիվ թանկարժեք նվերներ էր անում Ավային' աղաչելով, որ նա դառնա իր կինը: Գարդները, սակայն, չէր շտապում ընդունել Հյուզի ամուսնական առաջարկը, իսկ հետագայում նա պարզապես մոռացավ միլիոնատիրոջ մասին:
Ֆրենկն առաջին հայացքից սիրահարվում է Ավային: Հետագայում նա պատմում էր, որ Ավային տեսնելուն պես գլուխը կորցրել է:
Սինատրան միանգամից հասկանում է, որ միլիոնատեր Հյուզի համեմատ նա շատ անբարենպաստ դիրքերում է: Նա իր ֆինանսական հնարավորություններով չէր կարող մրցել Հյուզի հետ' բացի այդ Սինատրան արդեն ամուսնացած էր և երեք երեխա ուներ:
Ֆրենկի կինը' Նենսի Սինատրան, ամուսնու սիրավեպերին փիլիսոփայորեն էր մոտենում, սակայն Ավայի դեպքում ամեն ինչ փոխվեց: Նենսին կարծում էր, որ այն ինչ զգում է իր ամուսինը Գարդների նակտմամբ, ավելին է, քան սերը: Սինատրան նույնպես հասկանում էր դա և Ավային նվիրված «Ես հիմար եմ, որ ցանկացա քեզ» երգի ձայնագրության ժամանակ Ֆրենկը արցունքներն աչքերին դուրս է վազում ձայնագրման սենյակից:
Ավայի և Ֆրենկի սիրավեպը բավականին բուռն և սկանդալային էր: Սկզբում նրանք գաղտնի էին հանդիպում, որպեսզի Հովարդ Հյուզն ու Սինատրայի կինը տեղյակ չլինեն, սակայն պապարացիների ջանքերով' նրանց սիրային հանդիպումները դարձան հանրության քննարկման առարկա: Ավան և Սինատրան բաժանվում են, այդ ընթացքում երգիչը նյարդային լարվածությունից կորցնում է իր ձայնը և ինքնասպան լինելու մի քանի փորձ անում: Տեսնելով Սինատրայի տառապանքները' կինը համաձայնում է ամուսնալուծվել, և Ֆրենկն ու Ավան կրկին միանում են:
Ավան և Ֆրենկը պսակադրվում են. ամուսնության արարողության ժամանակ Գարդները Սինատրային ոսկե մեդալյոն է նվիրում իր լուսանկարով, իսկ վերջինս' թանկարժեք մորթի զմրուխտե կոճակներով:
Նրանց ամուսնական կյանքը նման էր հրաբուխի վրա անցկացվող խնջույիք. Ամուսինները խանդում էին միմյանց գրեթե բոլոր ծանոթների նկատմամբ, բուռն սկանդալներ և վեճեր էին ունենում, որոնք ուղեկցվում էին սպասք և կահույք կոտրելով: Շուտով Սինատրան «Օսկար» է ստանում «Հիմա և միշտ» ֆիլմում գլխավոր դերի համար, այս իրադարձությունը կրկին հաջողություն է բերում Սինատրային' վերադարձնելով նրան անխկին հանրաճանաչությունը: Սինատրան սկսում է ակտիվ բոհեմական կյանք վարել և կամաց-կամաց հեռանում է ընտանիքից, Ավան, ամուսնուն չզիջելով, բազմաթիվ սիրավեպեր է ունենում իր երկրպագուների հետ: 60-ականների կեսերին զույգը վերջնականապես բաժանվում է:
Ավան այդպես էլ չամուսնացավ: Նա տեղափոխվում է Լոնդոն և մեկուսացված կյանք վարում այնտեղ: Ավայից հետո Սինատրան ամուսնանում է ևս երկու անգամ, երրորդ կնոջ' դերասանուհի Միա Ֆերոուի հետ նա ապրում է ընդամենը մեկ տարի, իսկ չորրորդ կնոջ' Բարբարա Մարքսի հետ' մինչև մահը: Սինատրան մահանում է 1998թ.-ին' Ավայի մահվանից 8 տարի անց: