Ճապոնացիները փախչող դրամապանակ են ստեղծել, որը բառի բուն իմաստով դիմում է փախուստի, երբ դրա տերը սկսում է չափից ավելի գումար ծախսել։
Ինչպես նշում է Daily Mail-ը, Living Wallet կոչվող դրամապանակն ունի փոքրիկ անիվներ, ինչպես նաև բարձրախոս, որով իր դժգոհությունն է հայտնում տիրոջը, երբ վերջինս սկսում է շատ գումար ծախսել։
«Գումարի խնայողությունն այնպիսի խնդիր է, որն առկա է գրեթե յուրաքանչյուրի մոտ։ Ուստի, մենք որոշեցինք այնպիսի դրամապանակ ստեղծել, որը կարձագանքեր ավելորդ ծախսերին»,-նշել է Living Wallet-ի ստեղծողներից մեկը։
Դրամապանակը գործում է հատուկ հավելվածի միջոցով, որով կարողանում է հետևել տիրոջ բանկային հաշվի վրա եղած գումարին՝ ըստ այդմ կողմնորոշվելով, թե որքան տերը պետք է ծախսի։
Եթե տիրոջ հաշվին քիչ գումար կա, սակայն նա, անտեսելով այդ փաստը, շռայլում է փողերը, ապա դրամապանակը նրան նախազգուշացնում է ու դիմում փախուստի։ Իսկ եթե տերը փորձի այն բռնել, դրամապանակը սկսում է «գոռալ»։