Ամազոնյան արևադարձային անտառներում գունավոր թիթեռների խումբը հավաքվում է կրիաների գլխավերևում՝ վերջիններիս արցունքներն ըմպելու համար: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Այս տարօրինակ տեսարանը Պերուի անտառում լուսանկարել են ճանապարհորդողները՝ լուսանկարիչ Ջեֆ քրեմերը և կենսաբան Ֆիլ Տոռեսը: Հետաքրքիրն այն է, որ Julia տեսակի նարնջագույն և Sulphur տեսակի դեղին թիթեռներին անհրաժեշտ է սնվել աղի ջրով, ինչի համար էլ նրանք հավաքվում են կրիաների շուրջը:

Քաղցրահամ ջրերում բնակվող այս կրիաները, կարծես դեմ չեն օգտակար ծառայություն մատուցել թիթեռներին, որոնց համար վերջիններիս արցունքները կենսական նշանակություն ունեն: