Պանիրը համեղ և օգտակար սննդամթերք է: Իսկ եթե դուք հաշվում եք կալորիաները և վերահսկում եք ձեր քաշը, ապա օգտագործեք չհասունացած պանիր:

Չհասունացած պանիրը փափուկ պանիրների այն տեսակներից է, որը տեսքով հիշեցնում է ոչ այն է պանիր, ոչ այն է կաթնաշոռ: Չհասունացած պանրի տեսակները տարբերվում են պատրաստման մեթոդով: Ինչպես և կարծր տեսակները, չհասունացած պանիրը պատրաստվում է բարձրորակ կաթից՝ մակարդման ճանապարհով (կաթնաթթվային բակտերիաներ, մակարդող ֆերմենտներ և այլ նյութեր ավելացնելու միջոցով): Ի տարբերություն սովորական պանիրների՝ չհասունացած պանիրը կարելի միանգամից օգտագործել: Չհասունացած պանրի տեսակների շարքում ամենահայտնիներից են ֆետա, բրինզա, մոցառելլա, և սուլուգունի պանիրները:

Սննդաբանները միակարծիք են այն հարցում, որ չհասունացած պանիրը շատ ավելի օգտակար է, քան հասունացածը և նույնիսկ խորհուրդ են տալիս ներառել այն որոշ դիետաների մեջ:

Չհասունացած պանիրը պարունակում է ջուր, կազեին, կաթնային շաքար, հանքային աղեր և ճարպեր, իսկ դրանց օգտակար նյութերը ավելի հեշտությամբ են մարսվում: Չհասունացած պանրի տարատեսակ բաղադրիչները բարելավում են սրտի, լյարդի, նյարդային համակարգի աշխատանքը, ամրացնում մկանային և ոսկրային հյուսվածքները, կարգավորում նյութափոխանակությունը:

Չհասունացած պանրի մեջ ներառվող ճարպերը դեռևս մածուցիկ վիճակում են, և նյութափոխանակման արդյունքում չեն վերածվում վնասակար խոլեստերինի: Շատ հեղուկ պարունակելու շնորհիվ դրա կալորիականությունը ցածր է, հետևաբար այն կարելի է շաբաթական 3-4 անգամ օգտագործել: Չհասունացած պանիրը խորհուրդ է տրվում գրեթե բոլորին, հատկապես շաքարախտ կամ գլյուկոզայի նյութափոխանակության խախտում ունեցող մարդկանց: Ի հավելումն այս ամենի՝ չհասունացած պանրի մեջ լակտոզայի (կաթնային շաքար) մակարդակը ցածր է, հետևաբար այն կալցիում է մատակարարում՝ միաժամանակ օրգանիզմը զերծ պահելով ավելորդ շաքարից:

Սակայն նույնիսկ ամենաօգտակար մթերքները նույնպես սահմանափակումներ են ունենում: Խորհուրդ չի տրվում չհասունացած պանիրը ընդգրկել վեց տարեկանից ցածր երեխաների, հղի կանանց, ինչպես նաև երիկամների հիվանդություն ունեցող մարդկանց սննդակարգում: Նախքան չհասունացած պանիր պարունակող դիետայի անցնելը պետք է խորհրդակցել սննդաբանի հետ: Այն կարելի է օգտագործել որպես տարբեր ուտեստների բաղադրիչ մթերք: