Հայկական շոուբիզնեսի ամենացանկալի փեսացուներից Արամեն վերջերս ամուսնացավ: Life.panorama.am-ի հետ զրույցում Արամեն պատմեց իր առաջին սիրո, ապագա ծրագրերի ու բիզնեսի մասին, անդրադարձավ իր ամուսալուծության մասին մտացածին լուրերին ու շատ այլ հարցերի:
-Որտե՞ղ եք ծանոթացել Ձեր կնոջը և ե՞րբ հասկացաք, որ հենց նա է այն միակը:
-Անկեղծ ասած չեմ հիշում: Մենք իրար ճանաչում էինք դեռևս 2000 թվականից: Երկար տարիների դադարից հետո հանդիպեցինք և հասկացանք, որ երկուսս էլ միմյանց համակրում ենք: Մենք միասին ենք որոշել, որ մեր հետագա կյանքում պետք է միասին լինենք:
-Ինչպի՞սին է եղել Ձեր սիրո և ամուսնության առաջարկությունը Աննային:
Առաջարկություն չի եղել, ուղղակի ասել եմ: Կար ներքին փոխհամաձայնություն: Հատուկ պատրաստվելու և ամուսնության առաջարկություն անելու անհրաժեշտություն չեղավ: Ես չեմ սիրում ձևականությունների հետևից ընկնել՝ թյունինգ արված մեքենան, բնականից լավը չէ: Կինս՝ Աննան, եղել է այն միակը, ում ես եմ առաջինը սիրո խոստովանություն արել: Դեռ դպրոցական հասակից միշտ ինձ էին սիրահարվում և առիթ չէր լինում, որ ես սեր խոստովանեի: Միշտ վախենում և ամաչում էի այդ քայլը անելուց:
-Ինչպե՞ս նշեցիք ձեր միությունը:
Վերջին դեպքերից հետո իմ կյանքում շրջադարձային փոփոխություններ եղան: Դրանից հետո ես լիովին փոխվել եմ: Իմ կյանքի ամենակարևոր մարդու ֆիզիկական կորուստը թույլ չտվեց ինձ անգամ շնորհավորանքներ ստանալ (ցավոք, վերջերս մահացավ Արամեի հայրը-Life.panorama.am): Քանի որ մեր ամուսնության օրը նախապես որոշված էր և երկար գործընթաց էր պահանջում փոփոխման համար, ես որոշեցի, որ մեր միությունը պետք է լինի այդ օրը: Մեր ամուսնությունը հաստատել ենք միայն ԶԱԳՍ- ում' առանց, նույնիսկ, փոքրիկ արարողության:
-Առաջնեկը տղա, թե՞ աղջիկ երեխա եք ցանկանում:
Երկուսիս ցանկությունն է տղա երեխա ունենալն է: Դա ինձ համար նպատակի է վերածվել: Եթե Աստծո կամքով առաջնեկս տղա լինի, նա կկրի հայրիկիս անունը:
-Ի՞ նչ խենթությունների եք պատրաստ հանուն Ձեր կնոջ:
Ոչ մի: Ես ռոմանտիկ չեմ: Եթե նրան որևէ մեկը նեղացնի պատրաստ եմ ամենանկանխատեսելի քայլերին, բայց հետաքրքրություն մտցնելու համար, ոչ մի խենթության պատրաստ չեմ:
-Ձեր կինը նույնպես երգչուհի է: Կարողանո՞ւմ եք ազատ ժամանակ գտնել միմյանց համար:
-Հիմա կինս ավելի հաճախ տանն է լինում: Իսկ իմ յուրաքանչյուր ազատ վայրկյանը նախընտրում եմ տանն անցկացնել' նրա հետ: Անգամ շատ զբաղվածության դեպքում ևս միշտ միասին լինելու համար ժամանակ գտնում ենք:
-Որքանո՞վ է Աննան, մասնակցություն ունենում Ձեր գործերին: Պատրաստվում եք նրա հետ հանդես գալ որևէ նախագծով:
-Կոնկրետ մասնակցությունը այն է, որ կինս միշտ իմ կողքին է լինում նոր տեսահոլովակի կամ երգի ստեղծման գործում: Սակայն չեմ պլանավորել նրան ներառել իմ տեսահոլովակներում:
-Բազում աղջիկների կուռքը հանդիսացող երգիչն այսօր արդեն ամուսնացած է: Ամուսնությունից հետո երկրպագուների թվի պակաս նկատո՞ւմ եք:
-Գուցե շատ կտրուկ կլինի, բայց իմ արվեստն ու ինձ սիրող իրական երկրպագուները միշտ իմ կողքին են: Նրանք իմ կնոջն ու ինձ սիրում են հավասարապես: Իսկ այն երկրպագուները, ովքեր հիվանդագին կերպով են վերաբերվում ինձ ու մտածում էին, որ իրենց հետ եմ կյանքս կապելու, ցավում եմ, բայց սխալվել են:
-Օրերս լուրեր տարածվեցին, թե Դուք ու Ձեր կինը բաժանվել եք: Դուք այդ հրապարակմանը բավականին լուրջ արձագանքեցիք: Պատրաստվու՞մ եք հերքում պահանջել այդ լրատվամիջոցից կամ պատասխանատվության ենթարկել տվյալ լրագրողին:
-Նյութի հեղինակն արդեն պարզ է: Նրա քայլը ինձ համար շատ վիրավորական և խոցելի էր: Ես նրան դեռ հնարավորություն եմ տալիս հերքում գրելու կամ ներողություն խնդրելու, հակառակ դեպքում ես պատրաստ եմ ամենավատ քայլերին, մինչև անգամ դատական գործ հարուցելու' հաշվի չառնելով անգամ նրա աղջիկ լինելու փաստը:
-Ժամանակին մամուլում հրապարակումներ եղան, որ Ձեր և Ձեզ հետ ազգակցական կապի մեջ գտնվող Արտավազդ և Արմեն Ամիրյանների միջև ընդհարում է եղել, որից հետո Արտավազդը դադարեց լինել Ձեր պրոդյուսերը: Ի՞նչ կասեք այս թեմայի շուրջ
-Չեմ հերքում, որ որոշակի խնդիրներ եղել են, սակայն դրանից հետո մեր հարաբերություններում լարվածություն չի եղել: Մենք միասին աշխատում էինք արդեն հինգ տարի ու եկավ ինքնուրույն իմ ճանապարհը շարունակելու ժամանակը: Ես գնահատում եմ այն աշխատանքը, որ մենք միասին արել ենք: Սակայն գալիս է մի պահ, որ դու քո առաջ ավելի մեծ ցանկություններ ես դնում, իսկ մյուսներին չես կարող ստիպել քո երազանքի կամ նպատակի հետևից քայլել:
- Հայտնի է, որ քաղաքի ամենահայտնի կարաոկե ակումբներից մեկը Ձեզ է պատկանում: Ինչո՞ւ բիզնեսի հենց այս տեսակն ընտրեցիք:
-Շրջագայությունների ընթացքում հաճախ էին լինում նման վայրերում, իսկ Հայաստանում' ոչ այնքան: Հետո որոշեցի, որ ինքս էլ կարող եմ այդ բիզնեսով զբաղվել: Սկզբում ուղղակի ցանկություն էր' ունենալ հետաքրքիր զբաղմունք: Հետո հասկացա, որ եթե բիզնես չլինի, այդ հաստատությունը չի աշխատի:
-Հիմա այնքան էլ հաճախ չեք երևում եթերում: Չե՞ք նախատեսում Ձեր հանդիսատեսին ներկայացնել նոր տեսահոլովակներ կամ ծրագրեր: Ինչո՞վ եք այժմ զբաղված:
-Իմ աշխատանքային պրոցեսում գործնական դադար երբեք չի լինում: Առաջիկայում կունենամ նոր տեսահոլովակ, որը կոչվում է «Հայ սեր»: Գեղեցիկ սիրո պատմության վրա հիմնված երգ է, որը ծնվում է Հայաստանում: Բացի դա, շուտով թողարկվելու է իմ նոր ձայնասկավառակը, ինչպես նաև պատրաստվում ենք նոր համերգային ծրագիր Բեյրութի հայ հանդիսատեսի համար: