Ձեզ էլ հանդիպած կլինեն դեպքեր, երբ երիտասարդ աղջկա դեմքին ցայտուն երևում են ստվերաներկի ոչ ճիշտ օգտագործման հետքեր: Ահա մի քանի խորհուրդներ՝ ստվերաներկից առավելագույն արդյունք ստանալու համար:
Նախ հիշեք, որ առօրյա դիմահարդարումը պետք է բնական լինի: Բնական դիմահարդարում ստանալու համար անհրաժեշտ է օգտագործել որակյալ վրձիններ և ստվերաներկ: Ստվերաներկի տարածման համար օգտագործվող սպունգապատ վրձիններն այնքան էլ հարմար միջոց չեն, խուսափեք դրանցից: Դիմահարդարման ժամանակ օգտագործեք տարբեր չափսերի վրձիններ՝ որակյալ արդյունք ունենալու համար: Բաց գույնի հիմք (սովորաբար մաշկագույն) քսելու համար անհրաժեշտ են մեծ կամ միջին չափսերի վրձիններ: Իսկ կոպերին քսվող ստվերաներկը պիտի տարածել միջին չափսի փափուկ վրձնով: Մի առանձին վրձին էլ պետք է տարածման համար (եթե գույների հստակ սահմանաբաժանում չեք ուզում):
1. Մեծ վրձնով քսում են ամենաբաց գույնի ստվերաներկը, որը ծառայելու է որպես հիմք: Տարածում եք՝ վրձնի ծայրը թարթիչներից դեպի հոնքեր շարժելով: Ցանկալի է հիմքից առաջ բարակ շերտով քսել դեմքի տոնային կրեմ, որպեսզի գունային անհամադրություն չառաջանա, և ստվերաներկը երկար պահպանվի:
2. Միջին չափսի, փափուկ վրձնով կոպերին քսեք վարդագույն, բրոնզագույն կամ բաց շագանակագույնի երանգներ: Ապա տարածեք մեծ վրձնով, որպեսզի գույներն ավելի բացանան:
3. Կլորավուն ծայր ունեցող վրձնով թարթիչների եզրագծում ավելացրեք մուգ գույնի ստվերաներկ՝ ընդգծելու համար: Անպայման այն տարածեք այնպես, որ ընդգծված մուգ գիծ չմնա:
Այսպիսով, կոպի վրա աչքի եզրագծով գույները պետք է «դասավորված լինեն» բացից դեպի մուգ: Ավելի լավ որակ ստանալու և դիմահարդարումը երկար պահելու համար կարելի է օգտագործել փոքր-ինչ խոնավ վրձիններ: