Շոկոլադի միջազգային ցուցահանդեսի ոսկյա և արծաթյա մեդալները ստացել են թմրամոլները, բնակարանային գողերը և զինված կողոպտիչները։ Նրանք բոլորը հրուշակարանի աշխատակիցներ են, որը բացել են իտալական բանտերից մեկի ղեկավարները, հայտնում է lifenews.ru-ն։

Շոկոլադի գործարանը գտնվում է մարզադահլիճում։ Այստեղ կան վառարաններ, սարքավորումներ, սառնարան՝ այն ամենը, ինչ անհրաժեշտ է։ Գործարանում աշխատում է 20 մարդ՝ կալանավորներ, որոնք այստեղ են գտնվում առնվազն 2 տարի և այդ ժամանակահատվածում չեն խախտել խիստ ռեժիմը։ Նրանցից յուրաքանչյուրը սովորել է պրոֆեսիոնալ հրուշակագործների մոտ և այժմ ամսական ստանում է մինչև 600 եվրո։

Յուրաքանչյուր օր այստեղ արտադրվում է մոտավորապես մեկ տոննա բարձրորակ շոկոլադային արտադրանք։ Հատուկ պահանջարկ ունեն այն կոնֆետները, որոնք փաթեթավորված են ատրճանակ հիշեցնող տուփերում։