Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն ու նրա ամուսինը՝ երգահան Վահրամ Պետրոսյանը, Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ չեն: Մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի հայտարարությամբ էին հանդես եկել Միացյալ երիտասարդական լիգայի ներկայացուցիչները: Լուրն անմիջապես տարածվեց հայկական լրատվամիջոցներում և համացանցում քննարկումների առիթ հանդիսացավ: Թե որքանով է այս տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը՝ MediaMall.am-ը փորձեց պարզել Վահրամ Պետրոսյանից, ով նաև Լիլիթի պրոդյուսերն է:
Երգահանը հերքեց իրենց կապը որևէ աղանդավորական կառույցի հետ:
«Այդ կազմակերպությունը զբաղվում է իրենց PR-ով, ես նմանատիպ հրապարակումների՝ այլ հայտնի անձանց վերաբերյալ, կրկին հանդիպել եմ համացանցում: Ակնհայտ է, որ այդ կազմակերպությունը, անհեթեթություններ տարածելով, սեփական վարկանիշի խնդիր է լուծում: Ցանկանում եմ ընդգծել, որ մենք Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ ենք, հաճախում ենք Հայ առաքելական եկեղեցի, որևէ ավանդավորական կազմակերպության չենք հարում»,- հայտարարեց Պետրոսյանը:
Վահրամ Պետրոսյանը նշեց, որ իրենք ընդհանրապես կայքերին հարցազրույցներ չեն տալիս, սակայն քանի որ թեման շատ լուրջ է և, ինչ որ առումով, վտանգավոր, քանի որ վերաբերվում է մարդու հոգևոր արժեքներին, այս անգամ բացառություն է անում: «Ամեն օր համացանցում բազմաթիվ անհիմն հրապարակումներ են հայտնվում, որոնց հետ կապված հարցազրույցները պարզապես կկլանեին մեր ժամանակի առյուծի բաժինը, ուստի խնդրում եմ, որ լրատվամիջոցները ըմբռնումով մոտենան մեր լռությանը: Պարզապես քանի որ իմ և Լիլիթ Հովհաննիսյանի անվան շուրջ անհիմն սկանդալ հրահրելու միտում կար՝ ինչ որ կառույցի կողմից, որոշեցի մեկ անգամ բացառություն անել և փակել թեման ընդհանրապես՝ ես և Լիլիթը Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ ենք»,- ամփոփեց Վահրամ Պետրոսյանը:
Վարուժան Բաբաջանյան