Հանրային հեռուստաընկերության հաղորդումների ցանկում վերջին շրջանում դրական փոփոխություններ են նկատվում: Եթե նախկինում ուսուցողական հեռուստածրագրերի փոխարեն Հանրայինի եթերում գերակշռում էին ոչինչ չասող և անբովանդակ սերիալները, այժմ եթեր են մտել ազգային արժեքներ քարոզող որակյալ հաղորդումներ: Այս ցանկում աչքի է ընկնում հատկապես «Հայադարան» հաղորդաշարը, որը յուրաքանչյուր չորեքշաբթի ներկայացնում է անվանի հայ բանաստեղծների ստեղծագործությունները՝ յուրահատուկ ռեժիսորական ձևավորմամբ և թարմ մեկնաբանություններով: Հաղորդումները պատրաստված են գրեթե գեղարվեստական ֆիլմի որակի նկարահանումներով, հրաշալի երաժշտական ձևավորմամբ և իսկապես մեծ հետաքրքրությամբ են դիտվում հասարակության բոլոր շերտերի կողմից:

Հաղորդաշարի ստեղծման, նպատակների և այլ հարցերի շուրջ MediaMall.am-ը զրուցեց «32 production»-ի պրոդյուսեր Կարեն Բաբաջանյանի հետ:

 

-Վերջերս Հանրայինի եթերում տեղի ունեցավ «Հայադարան» հաղորդաշարի պրիեմերան, ինչո՞ւ և ինչպե՞ս ստեղծվեց հաղորդումը:

 

- «32 թատրոնի» կողմից «Պարույր Սևակ» ներկայացումը բեմադրելուց հետո առաջացավ «Հայադարան» հաղորդաշարի գաղափարը: Հաղորդման նպատակներից մեկն էր' վերադարձնել կորցրած արժեքները: Այսօր մենք կանգնած ենք ազգային դիմագիծը կորցնելու և գլոբալիզացիայի հետևանքով տարրալուծվելու վտանգի առջև: Մենք այսօր ազգային արժեքները ընկալելու խնդիր ունենք:

 

-Հաղորդման հեղինակը «32 production»-ն է, որն առ այսօր առավել հայտնի էր ավելի շատ հումորային հաղորդաշարերի թողարկմամբ: Ո՞րն էր նման ֆորմատային փոփոխության պատճառը:

 

-Իրականում մենք ֆորմատային փոփոխության չենք ենթարկվել, ուղղակի «32 ատամ»-ը դարձավ մեր իրականացրած ծրագրերից ամենահաջողվածներից մեկը, որը մեզ ճանաչում բերեց: Մենք ունենք մեր թիմում շատ լավ ու տաղանդավոր դերասաններ, իրականացրել և իրականացնում ենք տարբեր ֆորմատի ներկայացումներ:

 

- «32 ատամ»-ը շարունակվելո՞ւ է, թե՞ այլևս «Արմենիա» հեռուստաընկերության հետ չեք աշխատելու:

 

- «32 ատամ» հաղորդաշարն այս տարի այլևս եթեր չի հեռարձակվի, քանի որ մեր թիմը բավականին զբաղված է, իսկ հաջորդ տարի սպասեք «32 ատամին»' նոր որակով:

 

- Կարելի՞ է համարել, որ «Հայադարան» հաղորդաշարը վերադարձ է ակունքներին:

 

- Իհարկե´: Արդեն, իսկ շատ արձագանքներ կան՝ կապված հաղորդման հետ, շատերը հաղորդումից հետո փնտրել են մեծ գրողների գրքերը և ընթերցել: Կարծես հասնում ենք նրան, ինչին ի սկզբանե ձգտել ենք:

 

Զրուցեց Դավիթ Պոլոյանը