Ամերիկյան հեղինակավոր The Huffinghton Post պարբերականն ուշագրավ անդրադարձ է կատարել բավական հետաքրքիր ONEArmenia կազմակերպությանն ու դրա վերջին նախաձեռնությանը, որը կոչվում է Shift:Tech։
Հոդվածի հեղինակ Քրիստոֆեր Ադամյանը նշում է, որ «ONEArmenia-ն կառուցվածքային փոփոխություններ է իրականացնում Հայաստանում»։
«Կազմակերպության ղեկավար, գործարար Պատրիկ Սարգսյանը հիմնել է ONEArmenia-ն 2012թ.՝ նպատակ ունենալով օգտագործել երկրի մշակութային և «ուղեղների» ներուժը, որպեսզի հայ երիտասարդ սերունդը պաշտպանված լինի կոռուպցիայից ու ընդհանուր առմամբ հետխորհրդային բոլոր երկրներում առկա բացասական մթնոլորտից»,- գրում է նա։
Այնուհետ Ադամյանը վերհիշում է որոշ պատմական փաստեր հայ ժողովրդի անցյալից՝ խոսելով 3 հազար տարվա պատմության, դարերի ընթացքում աշխարհին տված տաղանդաշատ արվեստագետների ու հաջողակ գործարարների մասին։ Հեղինակը խոսում է նաև ԽՍՀՄ-ի փլուզման, Ադրբեջանի հետ պատերազմի, Սպիտակում և Գյումրիում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժի, ինչպես նաև Թուրքիայի իշխանությունների կողմից հայկական սահմանի շրջափակման մասին։
«Այս բոլոր իրադարձությունների արդյունքում շատ հայեր դարձել են մռայլ, աճել է արտագաղթը, իսկ կոռուպցիան ծաղկում է»,-շարունակում է հոդվածագիրը՝ նշելով, որ «բավական է նայել անցյալին»։
Ադամյանը նկատում է, որ «վերջին արտահայտությունը («բավական է նայել անցյալին») կարող է շատ համահունչ կարգախոս լինել Սարգսյանի ու ONEArmenia-ի նրա գործընկերների ծավալած գործունեության համար։ Բավական կարճ ժամանակահատվածում կազմակերպությունը կարողացել է միավորել նմանատիպ գաղափարներ ունեցող ձեռնարկատերերին, մշակութային աշխատողներին, ինչպես նաև իր հյուրընկալությամբ աչքի ընկնող ձեռնարկատեր Ջեյմս Թուֆենկյանին, ով արտադրում է հոյակապ արևելյան գորգեր ու նաև երկրով մեկ բացել է բարձրակարգ հյուրանոցների ցանց։
Հեղինակը բացատրում է, որ ONEArmenia-ի հիմքում ընկած են քրաուդսորսինգի (հասարակական նշանակություն ունեցող խնդիրների լուծումը կամավորականների միջոցով) ու քրաուդֆանդինգի (կամավորականների ֆինանսական միջոցների և այլ ռեսուրսների միավորումը հանուն մեկ նախագծի) ժամանակակից գաղափարները, որոնց միջոցով հնարավոր է դառնում գումար հավաքել ֆինանսավորման կարիք ունեցող մարդասիրական, բնապահպանական ու տեխնոլոգիական նախագծերի իրականացման համար։
Նա հատուկ ընդգծում է, որ «յուրաքանչյուր նախագծին որոշակի գումարի հատկացման գործընթացը բացարձակապես զերծ է կոռուպցիոն երևույթներից, ինչը պոտենցիալ ներդրողներին ամենից շատն է գրավում»։
Ադամյանը նշում է, որ «կազմակերպության բազմաթիվ նախագծերի շարքում ներդրողների համար առավել «գայթակղիչը» Shift։։Culture-ն է, որը դիմումներ է ստացել ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի ամենատարբեր անկյուններում սփռված հայերից»։
«Shift։։Culture-ի հաղթող է ճանաչվել Epsidon Theater Group-ը, որը Նար-Դոսի «Ես և նա» վիպակի հիման վրա ժամանակակից ռոք օպերա է բեմադրել։ Այս նախագիծն այնպիսի հաջողություն է ունեցել, որ դրանով ոգեշնչված՝ Սարգսյանը նախաձեռնել է ONEArmenia-ի ներկայում ընթացող SHIFT::Tech ծրագիրը»,-շարունակում է Ադամյանը։
Հոդվածագրի բնորոշմամբ՝ «Shift::Tech-ը մի ծրագիր է, որը կոչ է անում Հայաստանում ստեղծել համաշխարհային շուկայի համար նախատեսված բջջային հավելված»։
Խոսելով Հայաստանի տեխնոլոգիական ներուժի նվաճումների մասին՝ հեղինակը ներկայացնում է անչափ ուշագրավ մի փաստ այն մասին, որ «լուսանկարների մշակմամբ զբաղվող (photo editor) Picsart Inc.-ը, որն այժմ ունի 77 մլն օգտատեր, նախագծվել ու ստեղծվել է մայրաքաղաք Երևանի բազմաթիվ փոքրիկ գրասենյակներից մեկում»։
Այս համատեքստում հեղինակը նմանատիպ գրասենյակները համեմատում է Սիլիկոնային հովտի հսկաներից մեկի՝ ամերիկյան Apple-ի հետ, որն իր ճանապարհը ևս սկսել է այսպիսի փոքր գրասենյակներից։
«Հայաստանի ծաղկում ապրող ՏՏ ոլորտը համարվում է կոռուպցիոն երևույթներից զերծ, ինչպես նաև ապահովում է երկրի տարեկան ՀՆԱ-ի 20%-ը»,-շարունակում է Ադամյանը՝ մեջբերելով ONEArmenia-ի տնօրեններից մեկի՝ Դևիդ Բեքետի տեսակետը, ըստ որի՝ «ՏՏ ոլորտում Հայաստանի հզոր ներուժը քննարկման ենթակա չէ, քանի որ կան շատ-շատ երիտասարդ ու տաղանդավոր հայ ինժեներներ, ծրագրավորողներ, դիզայներներ ու համակարգչային ապահովման ծրագրերի ստեղծողներ, ովքեր մեծ ապագա ունեն»։
Ադամյանը նշում է, որ «SHIFT:: Tech-ի հաղթողին կորոշի հանձնաժողովը, որի կազմում են ՏՏ ոլորտի լավագույն մասնագետներից մի քանիսը՝ Reddit-ի և Hipmunk-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, Magento-ի և Oro CRM-ի համահիմնադիր Յով Կուտները»։
«SHIFT:: Tech-ը բավականաչափ աջակցության կտրամադրի հաղթողին, որպեսզի վերջինս կենտրոնանա բացառապես հավելվածի կատարելագործման և այն համաշխարհային շուկայում պահանջարկ ունեցող արտադրանքի վերածելու վրա։ Հաղթողը հնարավորություն կունենա աշխատել Social Objects-ի սկսնակ ընկերության հետ, որը , Երևանում զբաղվում է բջջային հավելվածների ստեղծմամբ։ Դա հնարավորություն կտա հաղթողի վերացական գաղափարը վերածել բացառիկ հավելվածի, որը լուրջ ներդրում կլինի ՏՏ ոլորտի համար։
Բացի այդ հաղթողին հավելվածն իրականություն դարձնելու հարցում կօգնեն համաշխարհային մակարդակի մասնագետներ, իսկ որպես պարգև տրվելիք 25 հազար դոլարն էլ կուղղվի մարքեթինգին ու նոր հավելվածը շուկա հանելուն»,-գրում է հեղինակը՝ որպես վերջաբան ասելով, որ «OneArmenia-ի վարած քաղաքականության համաձայն՝ նախագծից ստացված եկամտի մի մասը կներդրվի կազմակերպության մեկ այլ նախագծի իրականացման մեջ»։