Երբեմն, նույնիսկ առանց գիտակցելու, մենք կարող ենք հայտնվել մի իրականության մեջ, որը խիստ տարբերվում է մեր պատկերացրածից: Սակայն դա վերջը չէ. ահա ինչպես ուղղել այդ սխալը:
Երբևէ վերանայե՞լ ես քո կյանքը (քո բնակարանը, աշխատանքը, ընկերներին և սիրելիիդ) և մտածել, թե ինչպես է այս ամենը պատահել: Ամենևին պարտադիր չէ, որ որևէ դժգոհություն գրանցես, բայց չե՞ս մտածել, որ գուցե դու այժմ ապրում ես, օրինակ, Չիկագոյում, քանի որ, համալսարանն ավարտելով, ընդունել ես աշխատանքի առաջին իսկ պատահած առաջարկը... Եվ կարող է այնպիսի տպավորություն ստեղծվել, թե կյանքն է ղեկավարում քեզ և ոչ՝ հակառակը: Այս երևույթը որոշ փորձագետներ անվանում են «դրեյֆ»: «Վերջինս դրսևորվում է այն դեպքում, երբ թողնում ես՝ հանգամանքները կամ մարդիկ որոշեն քո փոխարեն,- ասում է գիտությունների թեկնածու, Վիրջինիայի համալսարանի հոգեբանության ամբիոնի փորձագետ Մեգ Ջեյը: - Եվ այդ որոշումը կարող է քեզ դժբախտացնել»:
Իհարկե, լավ է, երբ աշխատանք ունես, ամեն գիշեր գրկախառնվում ես ընկերոջդ հետ, և այն քաղաքը, ուր տեղափոխվել ես, ևս հիանալի է: Բայց ժամանակի ընթացքում այդ հաճելի թվացող իրավիճակները կարող են դժգոհություն առաջացնել: «Որքան երկար ես ապրում նման պայմաններում, այնքան ավելի սահմանափակված ես քեզ զգում այն կյանքում, որն իրականում քո ընտրությունը չէ»,- ավելացնում է փորձագետը:
Արդյո ՞ք դու շարժվում ես դրեյֆի ուղղությամբ
Ամենաբարդը գիտակցելն է, որ այն կյանքը, որով դու ապրում ես, իրականում քո սեփական ընտրության արդյունք չէ: Ինչևէ, կարևոր է այդ ամենը գիտակցել այն ժամանակ, երբ դու դեռ կարող ես ինքդ քեզ վերահսկել և դեռ ձեռք չես բերել մի մասնագիտություն, որն իրականում ատում ես: «Դրեյֆն ի վերջո հանգեցնում է ափսոսանքի,- ասում է Մասաչուսեթսի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Սյուզան Կրաուս Ուիթբորնը: - Երբ ներդաշնակ չես ինքդ քեզ հետ, բաց ես թողնում բարեկեցիկ և պարգևներով լի կյանք կառուցելու հնարավորությունը»:
Եվ այսպես, ինչպե՞ս հասնել ներդաշնակության: Ուիթբորնն առաջարկում է երկու պարզ թեստ: Առաջին հերթին վերհիշիր քո ընդունած վերջին կարևոր որոշումները: Եթե քո աշխատանքը, կենսապայմանները կամ հարաբերությունները մեկ ուրիշի նախաձեռնության արդյունք են, ապա քեզ մոտ հավանաբար դրեյֆ է: Նաև ուշադրություն դարձրու, թե ինչպես ես դու պատասխանում ամենօրյա հրավերներին: Արդյոք հաճա՞խ ես օգտագործում հետևյալ արտահայտությունները' «Ինչո՞ւ ոչ», «Կարելի է» կամ «Լավ կլինի»: Նմանատիպ պատասխաններն ազդակ են՝ քո միտքն անցնում է դրեյֆի ռեժիմին:
Ղեկը վերցրու քո ձեռքը
Ամենևին պարտադիր չէ գլխիվայր շրջել կյանքը՝ այն վերափոխելու և նորովի սկսելու համար: Իրականում առօրյա իրավիճակներում վերաբերմունքի նույնիսկ չնչին փոփոխությունը կարող է վերափոխել քո հեռանկարը և քեզ մոտ առաջացնել սեփական կյանքը վերահսկելու զգացողություն: «Երբ գիտակցում ես, որ տրվել ես դրեյֆի, վարքագիծդ փոխելով՝ կարող ես ձեռք բերել այն ամենը, ինչ իրոք ցանկանում ես ունենալ»,- ասում է Ջեյը: Ազատվիր «ավտոպիլոտ» ռեժիմից հետևյալ վեց հնարքների միջոցով.
• Փոխարինիր «Ինձ համար միևնույն է» արտահայտությունը «Ես ուզում եմ/կարծում եմ/զգում եմ» արտահայտությամբ:
Լինի դա քո գործընկերը, ով հարցնում է, թե որտեղ ես ցանկանում գնալ լանչի, կամ մայրդ, ով հարցուփորձ է անում քո ապագա պլանների մասին, ինքդ քեզ ստիպիր պատասխանել' վերլուծելով, թե ինչ ես իրականում ցանկանում:
• Մեկ շաբաթ շարունակ մեկ ժամ շուտ արթնացիր։
Օգտագործիր լրացուցիչ ժամանակը՝ մարզվելու, սուրճ ըմպելու կամ որևէ հետաքրքիր հոդված կարդալու համար:
Ուշադրություն դարձրու Facebook-ի նորությունների ժապավենին։
Երբեմն դու ենթարկվում ես դրեյֆի, քանի որ հստակ չես պատկերացնում, թե ինչ ես սպասում կյանքից: Ահա մի հետաքրքիր փորձ. երբ հաջորդ անգամ նկատես, որ ձանձրանում կամ բարկանում ես՝ աչքի անցկացնելով Facebook-ի նորությունների ժապավենը, ինքդ քեզ հարցրու, թե ինչու է այն բարկացնում քեզ. գուցե պատճառը նկարում պատկերված իրը կամ երևույթն է, որ ինքդ նույնպես կցանկանայիր ունենալ:
• Գրանցվիր Pinterest կայքում։
Փորձագետները պնդում են, որ քեզ ոգեշնչող երևույթների ցանկ կազմելով՝ դու հնարավորություն ես ունենում բացահայտել այն ամենը, ինչն իրականում մոտիվացնում է քեզ:
• Ձեռք բեր մարզասրահի կտրոն։
Լինի դա ակրոբատիկայի մեկժամյա դասընթաց, թե ջրային շեյփինգ, մի՛ հապաղիր, մասնակցիր: Հենց նման ոչ ստանդարտ իրավիճակներն են օգնում հասունանալ և պարզել, թե հատկապես ինչ է քեզ հարկավոր:
• Սկսիր բլոգ վարել։
Քո առօրյայի մասին գրելով և քո արած լուսանկարը տեղադրելով' կարժևորես օրդ: Ըստ փորձագետների՝ դա նաև օգնում է գնահատել քո վարքագիծը' տեսնելով որքան հեռու ես գնացել և գիտակցելով, որ առօրյա անցուդարձն իրական հետևանքներ կարող է ունենալ: