Այս անգամ մեր «ԵՍ մանկիկ» խորագրի ներքո ներկայացնում ենք ամերիկաբնակ մի արքայազնի, ով իր անուշիկ տեսքով և ոսկե գանգուրներով անտարբեր չի թողնում ոչ մեկի:
Փոքրիկ հրաշամանուկը' Ալլեն Արիսը, ծնվել է 2011թ. մայիսի 24-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում' Գլենդելում: Փոքրիկի անունն ընտրել են ծնողները. Ալլեն Արիսի անվան առաջին բաղադրիչը' Ալլենը, նրա մայրիկի' Քրիստինայի սիրելի անուններից է, իսկ երկրորդը' Արիսը, պապիկի պատվին է:
Չնայած փոքրիկի ընտանիքն ապրում է հայրենիքից հեռու, բայց նրանց համար շատ կարևոր է որդու հայեցի դաստիարակությունը: Դեռ օրորոցային տարիքից Ալլենն այնքան է լսել Հայաստանի ու Երևանի մասին, որ նրա արտաբերած առաջին բառը Երևանն էր: Նա պապիկի հետ էլ հաճախ այցելում է հայկական եկեղեցի:
Ալլենի ծնողների հավաստմամբ' նա դեռ լիարժեք չի խոսում, բայց արդեն անգիր գիտի այբուբենը, հաճախ է ուշադիր նայում իրենց տան պատից կախված Մարտիրոս Սարյանի կտավներին. կարծես դրանց մեջ Հայաստանն է տեսնում:
Օրվա մեջ նա երկար ժամանակ կարող է անցկացնել նաև իր սիրելի կենդանիների հետ: Ըստ նրա ծնողների' փոքրիկը կենդանիների հավաքածու ունի, որոնք շարում է կողք կողքի և նրանց ձայները նմանակում: Նրա անբաժան ընկերն էլ իր արջուկն է. նրանք ամբողջ օրը միասին են անցկացնում:
Հայրենասեր փոքրիկը շատ է սիրում նաև հայկական երաժշտության տակ պարել: Ալլենի մայրը պատմեց, որ երբ տղան ժողովրդական երգեր է լսում, վերցնում է թաշկինակն ու սկսում պարել:
Օրերս ավանդապաշտ քրիստոնյա ընտանիքում շատ կարևոր արարողություն է տեղի ունեցել. մկրտել են իրեց երկամյա որդուն: Մկրտության արարողությունն իր յուրահատուկ զգեստներով ու այլ զարդարանքներով գեղեցկացրել ու ավելի հիշարժան է դարձրել դիզայներ Լիլիթ Մարգարյանը, ում խնջույքի տիրուհին' Քրիստինան, շատ շնորհակալ է:
Չնայած Ալլենը դեռ երկուսուկես տարեկան է, բայց արդեն շատ զբաղված օրակարգ ունի. նա մի շարք մանկական մրցույթների է մասնակցում ու ֆոտոսեսիաներ անցնում:
Հրաշք փոքրիկին ներկայացրեց' Մերի Պողոսյանը