Հայաստանի Հանրապետությունը 2004 թվականի հոկտեմբերի 12-ին միացավ Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային, որը նպատակ ունի ներկա և ապագա սերունդներին պաշտպանել մարդկանց առողջության համար ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության քայքայիչ հետևանքներից:
Հայաստանի հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ և առողջապահության նախարարության ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի որոշմամբ հոկտեմբերի 12-ը նշվում է որպես «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր»:
Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի օգտագործումը և դրա հետևանքով առաջացած հիվանդությունների հիվանդացության ու մահացության բարձր ցուցանիշներն առողջապահական և տնտեսական լուրջ հիմնախնդիրներ են ստեղծում:
Տղամարդկանց շրջանում ծխախոտամոլության նման պատկերը երկրում պայմանավորում է այն հիվանդությունների հիվանդացության բարձր ցուցանիշը, որոնց համար ծխախոտի օգտագործումը հիմնական ռիսկի գործոն է:
Կան դեռ չլուծված խնդիներ, որոնցից մեկն այն է, որ Հայաստանում դեռ չի հաջողվել հասնել ծխախոտի գովազդի լիակատար արգելմանը, ինչը շրջանակային կոնվեցիայի պահանջներից մեկն է: Մյուս կարևոր խնդիրը կապված է ծխախոտի ծխից ազատ վայրերի հետ: Թեև հասարակական վայրերում ծխելը կանոնակարգող մի քանի օրենսդրական ակտեր արդեն ընդունված են, սակայն դեռևս գոյություն ունեն դրանց կիրառման հետ կապված խնդիրներ, կան այլ դժվարություններ ևս:
Ծխախոտային համաճարակը բավականին խորը արմատներ ունի Հայաստանում: Ուստի, նոր օրենքները և ակտերը, ինչպես նաև գործող օրենսդրության մեջ կատարվող լրացումներն ու փոփոխությունները, իրականացվող միջամտությունները դեռ պետք է քննություն բռնեն մեր իրականության մեջ: