Լուսանկարելը պարզապես ֆոտոխցիկի կոճակին սեղմելը չէ, այն պահանջում է բարդ աշխատանք, ֆիզիկական և հոգեկան շփում մարդու և իրերի հետ։ Այսպես է բնորոշում իր աշխատանքը մեր օրերի լավագույն կին - լուսանկարիչներից մեկը՝ Նազիկ Արմենակյանը։ Մարդասիրություն և իրատեսություն. Ահա´, թե ինչ է քեզ սպասվում առաջիկա մի քանի րոպեներին նյութն ընթերցելիս։
Զրուցեց Գայանե Ասրյանը
Լուսանկարելիս Նազիկը հաճախ է հարցնում ինքն իրեն՝ թույլ կտա՞ր արդյոք, որ իրեն լուսանկարեին։ Նա այս հարցում զգույշ է և ուշադիր, փորձում է ուսումնասիրել, հասկանալ իր հերոսներին, սակայն, միաժամանակ պահպանում է մասնագիտական սահման կոչվածը։
Սիրում եմ մարդկանց լուսանկարել
Նազիկն առավել շատ սիրում է մարդկանց լուսանկարել, քան ստատիկ վիճակները՝ ցույց տալով նրանց խնդիրները և փորձելով լուծումներ գտնել նրանց համար. «Իհարկե´, ինձ համար հետաքրքիր է նաև շրջապատող միջավայրը, քանի որ այն կարևոր ենթատեքստ է մարդկանց լուսանկարելիս»:
Հիմնականում լուսանկարչին հաջողվում է իր առաջ դրված խնդիրը կատարել նախքան տեսախցիկի կոճակին սեղմելը. «Կարևոր է մարդու հետ շփումը և երկխոսությունը, միայն դրանից հետո հնարավոր է հաջողված կադրեր ստանալ»:
Նազիկին ոգևորում է կնոջ ուժեղ տեսակը
Մեր հերոսուհին կարծում է, որ կնոջ հետ աշխատանքն ավելի հետաքրքիր է. «Կանայք մի քանի անգամ ավելի շատ աշխատանք են անում ինչ–որ գործում, նախաձեռնության մեջ կայանալու և հաջողության հասնելու համար։ Եվ ես փորձում է լուսանկարներով ցույց տալ նրանց հաղթահարած դժվարությունները և խորդուբորդ ճանապարհը»:
Նազիկի լուսանկարների հերոսուհիները ուժեղ, տարօրինակ և հետաքրքիր կանայք են, ովքեր փորձում են ինչ որ բան անել, ինչ որ բան փոխել:
«Այսօր կանայք ավելի պայքարող են, եթե հետևենք, թե ինչ է կատարվում քաղաքացիական հասարակության ակտիվության մեջ, կտեսնենք, որ ակտիվիստների գերակշռող տոկոսը խելացի և պայքարող կանայք են»,– նկատում է մեր զրուցակիցը:
Կինը պետք է հասկանա՝ ինչ է ուզում այս կյանքից
Նազիկը նշում է, որ կնոջ երջանկության համար անհրաժեշտ է, որ նա իմանա՝ ինչ է ուզում այս կյանքում: Կինը պետք է հասկանա՝ ինչ է կատարվում իր ներսում, եթե նա ուզում է ընտանիք և երեխաներ ունենալ, նա կարող է դա ունենալ, իսկ եթե այլ նպատակներ ունի, պետք է պայքարի դրանց համար:
«Այսօրվա կնոջ մեջ շատ բան է փոխվել, եթե համեմատենք հինգ տարի առաջվա կնոջ հետ, միանշանակ, կարող ենք ասել, որ այսօր կանայք սկսել են ավելի ազատ մտածել, նրանք սկսել են յուրահատուկ հագնվել: Նրանք ավելի շատ են կարդում, տեսնում, ճանապարհորդում: Դա ազատություն չէ, դա պարզապես կյանքն է»,-ավելացնում է լուսանկարիչը:
Կարծրատիպերից ու Ֆոբիաներից հեռու
Մեր հերոսուհու համար անընդունելի ոչինչ չկա, նա ֆոբիաներ չունի, ամեն ինչ ուսումնասիրում է, հասկանում, իսկ եթե չի հետաքրքրում՝ ուղղակի հեռանում է:
Ապրում է կարծրատիպերից հեռու. «Իմ մասնագիտության մեջ փորձում եմ շատ չմտերմանալ հերոսի հետ, քանի որ շատ մոտենալով՝ դու կորցնում ես լուսանկարելու քո հնարավորությունը. նա քո մեջ չի տեսնում պրոֆեսիոնալի, պետք է գործի մեջ կարողանաս քո դերը պահել»:
Ինչ վերաբերում է երազանքներին, նա նշում է, որ ինքը երազող չէ, երբեք երազանք չի ունեցել. «Ինչ որ բան ներսից ինձ վառում է, ես գնում եմ դրա հետևից և կարողանում եմ իմ ուզածին հասնել»:
Երբեմն կա´նգ առ, հե´տ նայիր...
Շատ կարևոր է կարիերայի ընթացքում գնահատել այն իրավիճակը, որում հայտնվել ես: Նման տեսակետ հայտնելով՝ մեր հերոսուհին ավելացնում է, որ կարևոր է հասկանաս ուր ես գնում, ինչու ես գնում, պետք է երբեմն կանգ առնել և հետ նայել ու այդ ճանապարհի ընթացքում գիտակացել՝ դու ով ես, ինչ արմատներ ունես...