Սովորաբար, փողոցներում անօթևանների տեսնելով՝ մարդկանց մոտ խղճահարության ու կարեկցանքի զգացում է առաջանում, սակայն իրապես հասկանալու համար, թե անօթևան լինելն ինչ է նշանակում, միայն կարեկցանքի զգացումը քիչ է. անցորդները պետք է սեփական մաշկի վրա զգան նման կենսակերպի բոլոր «լավ» ու վատ կողմերը։

Ինչպես նշում է Oddity Central-ը, արկածախնդիր ամերիկացի Մայք Մոմանին որոշել է հետաքրքրասեր մարդկանց միջոցով գումար վաստակել: Նա առաջարկում է բավական ուշագրավ մի ծառայություն. 2 հազար դոլարի դիմաց Մայքն իրեն դիմողին 3 օրով վերածում է իսկական անօթևանի, ով ապրում է Սիեթլ քաղաքի փողոցներում, քնում է նստարանին, սնվում ինչով պատահի ու մուրացկանությամբ է զբաղվում։

Հարկ է նշել, որ 3 օրերից ամեն մեկն ունի իր առանձին ծրագիրը. առաջին օրն «անօթևանի» տեսքը հիմնովին փոխվում է, որպեսզի նա իսկապես գլխի վերևում ծածկ չունեցող մարդու տպավորություն թողնի։ 2-րդ օրն «անօթևանը» սկսում է զբաղվել մուրացկանությամբ, իսկ 3-րդ օրը նա գիշերն անցկացնում է որևէ ազատ նստարանի վրա։