Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, դերասան, սցենարիստ, բեմադրիչ Լալա Մնացականյանը տոնում է իր 56 ամյակը:
TESADASHT.am-ի թղթակցի հետ զրույցում դերասանը տեղեկացրեց, որ զբաղված լինելու պատճառով այս տարի առանձնապես չի նշում տարեդարձը։ «Կնշեմ էլի»,֊ ասաց նա։
Դերասանուհին չի առանձնացնում իր տարեդարձներից ոչ մեկը՝ նշելով, որ բոլոր տարեդարձներն էլ յուրովի է տոնել ու ամեն մեկն էլ հիշարժան է իր համար։
«Ամեն տարեդարձս էլ հետաքրքիր է եղել, այնքան անակնկալներ են այդ օրերին եղել ինձ համար, երևի չկա իմ կյանքում մի տարեդարձ, որն անցած լինի աննկատ»,֊ ասաց դերասանուհին։ Նա նշեց, որ իր տարեդարձների հյուրերը հիմնականում լինում են այն մարդիկ, ում ինքը շատ է սիրում։
«Քանի որ ինձ հաճելի է այդ օրն անցկացնել մարդկանց հետ, ովքեր կուրախանան ինձ համար այնպես, ինչպես ինքս ինձ համար»,֊ նշեց Լալա Մնացականյանը։
Ըստ նրա՝ տարեդարձ նշանակում է որևէ շրջանի ամփոփում, անկախ նրանից ուզում է դա մարդը, թե ոչ։
«Պարտադիր պետք է ամփոփես անցածդ շրջանը նոր շրջան սկսելու համար։ Ինձ համար տարեդարձը նոր շրջանի սկիզբ է»,֊ նշեց դերասանուհին։ Նա մեզ հետ զրույցում նաև տեղեկացրեց, որ արդեն հասցրել է «միլիոն հատ» շնորհավորանքներ ու նվերներ ստանալ, անգամ՝ նախօրոք։
«Ես սնահավատ չեմ, մարդուն երբ հարմար է թող այդ ժամանակ էլ շնորհավորի, կլինի դա նախօրոք, թե ավելի ուշ»,֊ ասաց նա։
Լսելով հարցը, թե շատ կանանց նման չի թաքցնում արդյոք իր տարիքը՝ դերասանուհին անեկդոտ հիշեց․ «Կնոջը հարցնում են՝ քանի՞ տարեկան ես։ Կինը պատասխանում է՝ կինն այնքան է, ինչքան երևում է։ Պատասխանում են՝ բա ինչու՞ վաղու՜ց չես երևում»։
Այնուամենայնիվ դերասանուհին հաճույքով թույլատրեց գրել իր տարիքը։