Բոլորն են հիշում, թե ինչ ազդեցություն ունեցավ ամենաառաջին iPhone-ի շնորհանդեսը, սակայն քչերը գիտեն, թե ինժեներների ինչպիսի ջանքերի շնորհիվ է կայացել այդ միջոցառումը։ Նայելով բեմին՝ թվում էր, թե Սթիվ Ջոբսի մոտ ամեն ինչ կատարյալ է, իսկ նոր սարքն աշխատում է անթերի։ Սակայն դա բոլորովին էլ այդպես չէր, գրում է iphones.ru-ն։
The New York Times պարբերականում հրապարակվել է մի հոդված, որը պատմում է բոլոր դժվարությունների մասին, որոնք ուղեկցել են iPhone-ի ամենաառաջին մոդելն աշխարհին ցուցադրելու ժամանակ։ Լրագրողների հետ իր հիշողություններով է կիսվել Էնդի Գրիգնոնը։
Նրա խոսքով՝ Ջոբսը պնդել է սմարթֆոնի շնորհանդեսի անցկացման հարցում, որն այդ ժամանակ կայուն չէր աշխատում։ Այն կարող էր ինքնուրույն դադարեցնել զանգը, կորցնել կապը ցանցի հետ կամ պարզապես անջատվել։
Շնորհանդեսի պահին արտադրվել էր ընդամենը 100 օրինակ, որոնց մի մասը քերծվածքներով էր, իսկ մյուսները խնդիրներ ունեին ապակու և շրջանակի հետ կապված։ Ծրագրային ապահովումը նույնպես մի շարք խնդիրներ ուներ։
Արդյունքում ամեն ինչ լավ է ընթացել, և iPhone-ը դիմացել է մեկուկես ժամանոց շնորհանդեսին։
Ըստ Գրիգնոնի՝ Սթիվ Ջոբսը սովորաբար գիտեր, թե ինչ առաջադրանքներ դնել աշխատակիցների առաջ՝ կատարյալ արտադրանք ստանալու, անհնարինն անելու համար։ Սակայն միևնույն ժամանակ նա միշտ ուներ Բ պլան, որից կարող էր օգտվել անհաջողության դեպքում։