Դերասան Սոս Ջանիբեկյանը, երգչուհիներ Էմմին, Սոֆի Մխեյանը, Վրեժ Կիրակոսյանը Հայաստանյայց առաքելական եկեղեցու անդամներ են և վիրավորված ու վրդովված են երեկ «Միացյալ երիտասարդական լիգա» կազմակերպության հրապարակած տեղեկատվությունից, որ աղանդավորական կազմակերպության անդամ են:
Այսօր լրագրողների հետ հանդիպման եկած շոու բիզնեսի ներկայացուցիչները նկատեցին, որ նման վերաբերմունքը եզակի չէ, իսկ Սոֆի Մխեյանի վերաբերյալ նմանօրինակ հրապարակումներ լինում են պարբերաբար:
«Վերջին ժամանակահատվածում բլոգերների կողմից շատ է լինում այսպիսի սխալ վերաբերմունք արտիստների կամ ոչ արտիստների նկատմամբ։ Ի վերջո կարելի՞ է հասկանալ, որ այս անունը ձեռք են բերել քրտնաջան աշխատանքով և ոչ թե բլոգերների հաշվին: Ինչո՞ւ են նրանք ուզում մեր հաշվին դառնալ հայտնի բլոգեր»,- հարցրեց Էմմին:
Սոս Ջանիբեկյանը որպես նախաբան նշեց, որ վիրավորված է ոչ թե աղանդավոր որակվելուց, քանի որ այդ երևույթին վերաբերում է ոչ լավ, ոչ վատ, այլ ապատեղեկատվությունից:
«Եթե հիմա զուգահեռ անցկացնեմ, որ ինչ-որ կայքերում գրված է, որ Սոս Ջանիբեկյանը սևամորթ է (ես նրանց վերաբերում եմ շատ լավ և գնահատում եմ արվեստում, սպորտում) դա ինձ նույնքան կբարկացնի, որքան էս փաստը: Այսինքն՝ ուղղակի ինձ բարկացրել է ապատեղեկատվությունը»,- ասաց դերասանը:
Սոս Ջանիբեկյանի դիտարկմամբ՝ նման նյութերը մոլորության մեջ են գցում իրենց երկրպագուներին, որոնց հանդեպ արտիստները մեծ պատասխանատվություն ունեն:
Սոֆի Մխեյանն էլ հատկապես բարկացած է այն փաստից, որ համացանցում հայտնված նյութը հրապարակված է եղել հենց իր նկարով:
«Ու դրա համար մի քիչ ավելի լուրջ եմ վերաբերվելու այդ հարցին, ու արդեն կան մարդիկ, իրավաբաններ, որոնք շատ լուրջ կզբաղվեն այդ հարցով»,- իր կողմից ասաց Սոֆի Մխեյանը:
Թեև «Միացյալ երիտասարդական լիգան» պատրաստակամություն է հայտնել հանդես գալ հերքմամբ և հրապարակավ ներողություն խնդրել Սոս Ջանիբեկյանից, էմմիից, Սոֆի Մխեյանից, Վրեժ Կիրակոսյանից, այսուհանդերձ նրանք չեն բացառում դատարան դիմելու տարբերակը: Ինչպես Սոս Ջանիբեկյանը ձևակերպեց՝ հարցը նախաքննարկման փուլում է «Am» իրավաբանական գրասենյակի հետ:
Ի պատասխան լրագրողների դիտարկման, որ, այնուամենայնիվ, հերքման պատրաստակամություն եղել է, դերասանն ասաց. «Դա նման է նրան, որ ես ինչ-որ մի տեղ լուր տարածեմ, որ օրինակ՝ չգիտեմ ինչ ինչյանը հիմար կամ թզուկ է, եթե ճշտվում է,որ նա հիմար կամ թզուկ չէ, ապա հերքվու՞մ է: Շատ անլուրջ վերաբերմունք է, սկզբից ճշտեք, հետո հանրային սարքեք էս թեման: Եթե դու տեղեկատվություն ունես, որը պետք է հանրային սարքես, դու պետք է երկրորդ կողմի հետ էլ ճշտես»:
Սոս Ջանիբեկյանն ,առհասարակ ,մարդու իրավունքների ոտնահարում է համարում չճշտված լուրը տպագրելը:
Իսկ արտիստների հետ ասուլիսի եկած «Am» իրավաբանական գրասենյակի ներկայացուցիչը հայտնեց, որ նայած հերքումն ինչպիսին կլինի:
Ամեն դեպքում վերջում Սոս Ջանիբեկյանը հայտարարեց, որ հաշվի առնելով այն, որ հրապարակման հեղինակը 1993 թվականին ծնված երիտասարդ տղա է, որն ապրում է մարզում, նաև հաշվի առնելով նրա տարիքն ու անփորձությունը նրա դեմ զրպարտության հայցով դատական հայց չի ներկայացնի՝ պայմանով, որ իրենից ներողություն խնդրեն:
Ի պատասխան հարցի, թե «Միացյալ երիտասարդական լիգայի» կողմից հսկա ցուցակ էր հրապարակվել, սակայն ասուլիսին միայն իրենք են եկել, ասուլիս հրավիրողները ասացին իրենք պատասխանատու են միայն իրենց համար: