Այս տարի սեպտեմբերի 21-ին լրացավ «Ազատ գոտի» հաղորդաշարի հաղորդավար Էրիկ Անթառանյանի եթերային գործունեության 15 ամյակը: Մինչ «Ազատ գոտուն» անդրադառնալը, խոսենք Էրիկի անցած ճանապարհի մասին.
«1998թ. սեպտեմբերի 21-ին առաջին անգամ եթեր դուրս եկա հետևյալ բառերով' «Ռեջինալդ Քենեդ Դուայթ, այսինքն' Էլթոն Ջոն. 70-ականների ռոքի ներկայացուցիչ: Իմ եթերային կարիերան, կարելի է ասել, սկսվել է այս բառերով…»:
Վստահ եմ, որ բոլորն են հիշում ժամանակի լավագույն և հետաքրքրական հաղորդումներից մեկը' «Ռուբիկոնը», որում հաղորդավարներն անդրադառնում էին աստղերի առաջին գործերին, աստեղային ժամերին, առաջին տեսահոլովակներին և այլն: Էրիկի առաջին հաղորդման «հյուրը» Էլթոն Ջոնն էր: «Հաղորդումը համեմում էինք ամենատարբեր բաներով. շատ լավ հիշում եմ դերասան Վահագն Սիմոնյանը' Պոնչոն, Լուի Արմսթրոնգին նվիրված հաղորդման ժամանակ ստացել էր նրա կերպարը' ներկած դեմքով»,- ծիծաղով պատմեց Էրիկը:
Հեռուստատեսային գործունեության այս տասնհինգ տարիների ընթացքում Էրիկը տարբեր ժանրերի ու տարբեր ֆորմատների հաղորդումեր է վարել. «Այս տասնհինգ տարիների ընթացքում շփվել ու առնչվել եմ այնպիսի մարդկանց հետ, որոնց հետ շփումը հղկել է ինձ: Շատ լավ հիշում եմ, երբ Հենրիկ Հովհաննիսյանն ինձ նկատողություն արեց «կապվել» բառը սխալ' «կապնվել» արտասանելու համար: Այդ սխալը ես այլևս երբեք չեմ կրկնի: Շփվել եմ Տիգրան Նաղդալյանի հետ… մարդիկ, որոնցից շատ բան կարելի էր սովորել: Ռուբիկոնից հետո ծնվեց «Ռուբիկոն +»-ը, «Պարմանի»-ն, «Unplagged»-ը և «Թեժ տասնյակ», «Գառաժ Թիվի» և արդեն «Ազատ գոտին»»:
Կար մի ժամանակ, երբ շատերն էին խոսում Էրիկ Անթառանյանի աստղային հիվանդության մասին: Այս մասին ևս զրուցեցինք Էրիկի հետ. «Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդու կյանքում նման շրջան լինում է: Երբ մարդ հասնում է որոշակի հաջողությունների, ավելի շատ շրջապատի վերաբերմուքն է փոխվում տվյալ անձի նկատմամբ, քան հակառակը: Շատերը կարծում են, որ հայտնիները անհայտներին չպիտի բարևեն: Ինչ խոսք, աստղային հիվանդություն ունեցել եմ, բայց այդ շրջանը շատ արագ անցավ ինձ մոտ. բոլոր այն մարդիկ, ովքեր իմ հաջողության ճանապարհին կարող էին ինձ խանգարել, հեռու են…»,- մեկնաբանեց Էրիկը:
Էրիկը կիսվեց մեզ հետ իր փորձով և որոշ խորհուրդներ տվեց նաև սկսնակ հաղորդավարներին. «Նախ ասեմ, որ պետք չէ դերասնություն անել, քանի որ տեսախցիկն ամեն ինչ ֆիքսում է: Պետք է լինել անկեղծ, այնպիսին, ինչպիսին դու իրականում կաս: Շատ լավ հիշում եմ Իզայի խոսքերից մեկը, որն էլ նա իր ուսուցչից էր լսել. «Լավ է հեռանալ կես ժամ շուտ, քան 5 րոպե ուշ: Այս մտքին ես շարունակություն եմ տալիս' ասելով, լավ է ոչինչ չասել, քան ասել ոչինչ: Եթե հաղորդավարն այլևս ասելիք չունի, նա պետք է հեռանա էկրանից…»,- ասաց Էրիկ Անթառանյանը:
Ի դեպ «Ազատ գոտի» հաղորդաշարը սկսել է իր նոր եթերաշրջանը: Էրիկից հետաքրքրվեցինք նաև, թե ինչ նորություններով է նա հանդես գալու. «Առաջին փոփոխությունը, որ կնկատի մեր հանդիսատեսը, տաղավարն է: Տասնհինգ տարի եթերում լինելուց հետո ես չեմ վախենում դժվարություններից: Այս ֆորմատի խնդիրներից է այն, որ լինելով տղամարդ, անհրաժեշտություն է լինում կանանց հետ զրուցել ինտիմ թեմաներից կամ տղամարդու հետ խոսել ընտանեկան խնդիրներից ու ստանձնել «բամբասող կնոջ» դեր…»: Առհասարակ նման թոք-շոուների ժամանակ մի փոքր դժվար է կանխատեսել հաղորդման ընթացքն ու ավարտը, այստեղ հաղորդավարից նաև պահանջվում է արագ կողմնորոշվելու ունակություն: «Լավ փոփոխություններից մեկն էլ այն է, որ մեզ է միացել հայտնի լրագրող Արաքս Թադևոսյանը, ով հաղորդման ընթացքում ներկայացնում է տեսանյութեր' բացահայտողական, հետաքննական, որը հաղորդմանը նոր տեմպ է տալիս: «Ազատ գոտին» դարձել է հանրությանը հետաքրքրող ու հուզող, օրակարգային թեմաների հարթակ»,- ավելացրեց Էրիկ Անթառանյանը:
Զրուցեց Աշխեն Մնացականյանը /ArmStar.am/
Լուսանկարները՝ Էրիկ Անթառանյանի անձնական արխիվից