Ֆրանսիացի լրագրող Բենյամին Կառլը յուրահատուկ կերպով է պայքարում իր երկրում տնտեսական վիճակի վատթարացման դեմ։ Ինչպես նշում է Oddity Central-ը, հայրենասեր տղամարդը տնտեսության աճին «զարկ տալու» համար վերջին 9 ամսվա ընթացքում օգտագործում է բացառապես հայրենական արտադրության մթերք ու ապրանքներ։
Բենյամինը լիահույս է, որ իր օրինակը կոգևորի մյուս ֆրանսիացիներին, ովքեր ևս կօգնեն ազգային տնտեսության վերելքին ու աշխատատեղերի պահպանմանը։
Նոր կենսակերպին անցնելով՝ ֆրանսիացին տանից հեռացրել է արտասահմանյան արտադրության ողջ կահույքն ու տեխնիկան, ինչպես նաև հրաժարվել իր զգեստապահարանի մեծ մասից, որոնք եղել են ամերիկյան, իտալական և բրիտանական արտադրության։
Բացի այդ, նա դադարել է ուտել էկզոտիկ մրգեր ու բանջարեղեն, դեն է նետել արտասահմանցի երգիչների ձայնասկավառակները՝ դրանք փոխարինելով ֆրանսիականներով։ Բենյամինը դադարել է նաև հոլիվուդյան ֆիլմեր դիտել՝ կրկին նախապատվությունը տալով ֆրանսիական ֆիլմերին։
Միակ ոչ ֆրանսիական բանը, որը տղամարդը դեն չի նետել, բջջային հեռախոսն է ու համակարգիչը։
Այժմ Բենյամինի փարիզյան բնակարանում մնացել է մի աթոռ, սեղան ու Ֆրանսիայում ծնված «Լուն» կատուն (համակարգիչն ու բջջայինը չհաշված)։