«Ո՞վ կհաղթի մարդու ու վագրի միջև պայքարում»,-հարց է հղում Oddity Central-ը՝ պատասխանելով, որ «հաղթողն անհայտ է, իսկ այ տուժողը հայտնի՝ հավերը»։
Կայքը նշում է, որ չինական կենդանաբանական այգիներից մեկում այցելուները վագրերի հետ ճոպան քաշելու բացառիկ հնարավորություն ունեն, ինչը բարձրացնում է ադրենալինի քանակը մարդկանց մոտ, իսկ կենդանիներին էլ օգնում է պակաս ալարկոտ դառնալ ու մարզել մարմինը։
Խաղի օրենքները պարզից էլ պարզ են. այցելուները պետք է քաշեն ճոպանի մի ծայրից, իսկ վագրերը՝ մյուս, որին ամրացված է հավով մի պարկ։ Այս պարագայում հավը որպես բոնուս է գիշատիչների համար՝ նրանց ստիպելով ջանասիրաբար մասնակցել խաղին։
Ընդամենը 7 դոլարի դիմաց ցանկացած մարդ կարող է իր ուժերը փորձել վագրի հետ պայքարում։ Oddity Central-ը նշում է, որ առայսօր հաղթել են միայն վագրերը։