Կանադացի ուսանողները, ովքեր առաջարկել են մորեխներից պատրաստված ալյուրն օգտագործել կարիքավորների համար հաց պատրաստելու համար, պարգևատրվել են 1 մլն դոլարով, հայտնում է РИА-Новости-ն՝ ՄքԳիլի համալսարանին հղումով։
Hult միջազգային բիզնես դպրոցի ու Քլինթոնի հիմնադրամի կազմակերպած այս տարվա մրցույթի պահանջն էր ներկայացնել կոմերցիոն մի նախագիծ, որը հնարավորություն կտար լուծել կարիքավորների սննդի հարցը։
Մոնրեալում գտնվող ՄքԳիլի համալսարանի ուսանողներն առաջարկել են հացի ալյուր ստանալ միջատներից, մասնավորապես՝ մորեխներից։ Ուսանողները նշել են, որ աշխարհում 2.5 մլրդ մարդ սնվում է միջատներով, ուստի նրանք առաջարկում են միջատների վերամշակման նորարարական մեթոդ, ինչը հնարավորություն կտա դրանցով սննդամթերք պատրաստել։
Այժմ ստացած 1 մլն դոլարով կանադացիները մտադիր են Մեքսիկայում ձեռնարկություն հիմնել, որտեղ ֆերմերները կհավաքեն մորեխներին։ Դրանից հետո միջատներին կլվանան, կչորացնեն և կաղան։ Արդյունքում, ստացված ալյուրը կառաքվի հացի փռերը։