ESem.am-ի գերմանաբնակ ընթերցողները մեզ խնդրել էին պարզել' ճի՞շտ են լուրերը, ըստ որոնց, երգիչ Հայկոն կոկորդի հետ կապված առողջական խնդիրներ ունի և բուժման կուրս է անցնում Գերմանիայում:
Տարածված խոսակցությունների իսկությունը պարզելու համար զրուցեցինք Հայկոյի հետ, ով հաստատեց, որ բուժման նպատակով եղել է Գերմանիայում, սակայն հերքեց լուրերը, թե առողջական լուրջ խնդիրներ ունի: «Ես ունեցել եմ թեթև առողջական խնդիր, որի համար արտերկրում ստուգվել եմ, արագ լուծել այն և հետ վերադարձել: Իմ մասին շատ ծանր բաներ են խոսում, այդ ամենն ինձ էլ է հասել, սակայն դա չի համապատասխանում իրականությանը»,- ESem.am-ին ասաց Հայկոն և հավելեց, որ այժմ ամեն ինչ կարգին է:
Երգչից տեղեկացանք, որ ստեղծագործական տևական դադարը պայմանավորված էր ոչ թե առողջական խնդիրներով, այլ հետնաբեմային աշխատանքով: «Լռությունս պայմանավորված էր ստուդիայի աշխատանքներով: Այս ընթացքում արդեն ավարտել եմ նոր ալբմիս աշխատանքները և մի քանի նոր նախագծերում եմ աշխատել: Հեղինակել եմ Հրաչ Քեշիշյանի նոր ֆիլմի սաունդթրեքը, որը համատեղ աշխատանք է ռուսական հեռուստաընկերություններից մեկի հետ»,- ասաց Հայկոն և հավելեց, որ նոր ալբոմի շնորհանդեսը ձգձգվում է «Հայաստանի ձայնը» նախագծի նկարահանումների պատճառով, որտեղ որպես ժյուրիի անդամ է ներկայանում:
Այս ընթացքում երգիչը նաև նոր տեսահոլովակ է նկարահանել, որի պրեմիերան կլինի առաջիկայում:
ESem.am-ն առողջություն է մաղթում երգչին:
Պարզաբանեց Ամալյա Հովհաննիսյանը