Բազմապիսի կոշիկներից, շորիկներից ու պայուսակներից հետո կանայք ծրագրեր են կազմում ավելի մեծ ու թանկարժեք շքեղության' մեքենայի վերաբերյալ: Կար ժամանակ, երբ երևանյան փողոցներում կնոջը ղեկին տեսնելիս մարդիկ այնպես էին նայում, կարծես այլմոլորակայինի տեսնեին: «Ես վարում եմ դեռևս դպրոցական տարիներից, բայց վարորդական իրավունք ստացել եմ 1995 թվականին: Այն ժամանակ իսկապես հազվադեպ կտեսնեիր կին վարորդի և բնականաբար զարմանք կար տեսնելիս: Բայց վերջին տասը տարիներին կարծես թե համակերպվել են այդ մտքի հետ: Ինչքան էլ դա սովորական դառնա, միևնույնն է' կին վարորդը միշտ էլ ուշադրության կենտրոնում է»,- LN-ի հետ զրույցում նշեց Կին վարորդների ակումբի նախագահ Մագա Մարտիրոսյանը:
Վարորդական իրավունք ստանալու համար կանայք նույն ճանապարհն են անցնում, ինչ տղամարդիկ: Իր անցած ճանապարհի մասին LN-ին կպատմի Անուշ Պետրոսյանը, ով վերջերս է ստացել վարորդական իրավունք. «Նախապես մասնավոր վարորդական դասընթացների եմ այցելել (LN- մեկ ժամը միջինը 3000-6000 դրամ է), նաեւ ինքնուրույն սովորել եմ վարելու կանոններն ու երթևեկության ազդանշանները: Այդ ամենից հետո հանձնել եմ քննություններ, որի հիման վրա էլ 30-40 օրվա ընթացքում ինձ տվեցին վարորդական իրավունք»: Քննությունները երկուսն են' տեսական և գործնական: Առաջինի համար պետք է վճարել 3000 դրամ: Տեսական քննության ժամանակ Դուք լրացնում եք համակարգչային թեստ: Դրական արդյունք ստանալու համար թեստում նշված 10 հարցերից ամենաքիչը 9-ին պետք է տաք ճիշտ պատասխաններ: Տեսական քննության պատասխանները կարող եք իմանալ հենց նույն օրը: Այս քննությունը դրական հանձնելուց հետո Ձեզ ևս մեկ՝ 25000 դրամանոց փորձություն է սպասվում: Նշված գումարը նախապես վճարելով' Դուք գործնական քննություն եք հանձնում, որի ընթացքում ստուգվում են Ձեր վարելու հմտությունները: Քննության պատասխանի մասին իմանում եք ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը: Երկու քննությունները բարեհաջող հանձնելուց հետո 30-40 օրվա ընթացքում կստանաք Ձեր վարորդական իրավունքը: Ընդհանուր առմամբ այն կխլի Ձեզնից ամենաշատը 2 ամիս և 28.000 դրամ:
Ինչպես LN-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչությունից, 2011 թվականին վարորդական իրավունք ստացած 153761 վարորդներից 5107-ը կանայք են: Իսկ 2010-ին վարորդական իրավունք է ստացել 2534 կին. փաստորեն, գրեթե կրկնակի աճ է նկատվում: Ասում են' կանայք մեքենա վարել սովորելիս են սկսում յուրացնել աշխարհի կառավարման սկզբունքները: Եվ քանի որ մեր երկրում էլ օր օրի ավելանում են կին վարորդները, ապա Հայաստանին խոստումնալից ապագա է սպասվում:)
«Դվին» ավտոդպրոցի ուսուցիչ Հովհաննեսը LN-ի հետ զրույցում ասաց, որ իր աշակերտների 70%-ը կազմում են կանայք: «Կանայք ավելի շատ վստահում են ավտոդպրոցի ուսուցիչներին, իսկ տղամարդիկ հիմնականում սովորում են ծանոթ վարորդներից: Կանանց հետ ավելի հեշտ է աշխատել, քան տղամարդկանց: Նրանք ավելի պարտաճանաչ են, զգույշ, հետևում են երթևեկության կանոններին»: Ի տարբերություն տղամարդկանց, կանայք հիմնականում նախընտրում են շքեղ մեքենաներ: Բայց թյուր է այն կարծիքը, որ կանանց համար մեքենան միայն շքեղություն է, այն առաջին հերթին հարմար փոխադրամիջոց է: «Այո, կանայք շատ մեծ ուշադրություն են դարձնում մեքենայի դիզայնին, գեղեցկությանը: Առհասարակ պետք չէ նորաձևությանը տուրք տալով մեքենա վարել»,- ասում է Մագա Մարտիրոսյանը:
Իսկ այն, որ կանայք մեքենայի հայելին օգտագործում են շպարվելիս, իրենց արտաքին տեսքին հետևելիս, շատ բնական է: Ասում են' ղեկի առջև նստած կինն այն ժամանակ է իրեն վստահ զգում, երբ բոլոր երեք հայելիներում էլ տեսնում է իր արտացոլանքը: «Կանանց կողմից կատարված խախտումները հիմնականում վարելու ընթացքում իրենց տեսքին հետևելու պատճառով են լինում: Կանայք մի թերություն ևս ունեն. հիմնականում չեն տարբերում աջ և ձախ կողմերը: Դրա համար ստիպված սովորեցնելիս ես ասում եմ' իմ կողմ, քո կողմ: Նաև մի փոքր ուշ են կողմնորոշվում, բայց երկար տարիների փորձից հետո դա այնքան էլ նկատելի չի լինում»,- ասում է վարորդ Հովհաննեսը: Իսկ Մագա Մարտիրոսյանը հավատացնում է, որ իր մոտ երբեք աջ և ձախ կողմերը շփոթելու հետ խնդիրներ չեն եղել:
«Պատահում է, երբ մեքենայի մեջ մազերս եմ հարդարում, բայց ոչ երկար ժամանակ կամ մեքենայաշատ փողոցում: Հիմնականում, երբ երկար ժամանակ կարմիր լույսի տակ եմ կանգնում, այդ ժամանակ էլ հարդարում եմ: Բայց այ աջն ու ձախը երբեք չեմ շփոթել (ծիծաղում է-LN)»:
Ինչևիցե, կանայք հետզհետե ներխուժում են նաև ավտոաշխարհ և ինչպես փորձն ու փաստերն են ցույց տալիս, այստեղ ևս նրանք չեն զիջում տղամարդկանց: Դե ինչ, զգուշացե՛ք տղամարդիկ. ղեկին կանայք են:
Նելլի Ղարիբյան