PanARMENIAN.Net - iPhone 5S-ն ու iPhone 5C-ն Հայաստանում հնարավոր կլինի գնել արդեն այսօր երեկոյան կամ էլ վաղն առավոտյան: Այս մասին PanARMENIAN.Net ին ասացին մեր երկրում Apple ապրանքանիշի լիազորված վաճառող iStore խանութ-սրահում' հավելելով, որ գների մասին դեռևս ոչ մի տեղեկություն չունեն:
Ինչպես տեղեկացրին Օրանժ Արմենիայում, թեև ընկերությունը Հայաստանում iPhone-ի միակ պաշտոնական ներկայացուցիչըն է, բայց իրենք դեռևս շարունակում են բանակցություններն Apple-ի հետ, որ կարողանան հնարավորինս շուտ սմարթֆոնը ներկայացնել Հայաստանում: Այնուամենայնիվ, կոնկրետ ժամկետներ, թե երբ դա կլինի՝ դեռևս հայտնի չեն:
Apple ընկերությունն երկու նոր սմարթֆոնները՝ iPhone 5S-ն ու iPhone 5C-ն, ներկայացրել էր սեպտեմբերի 10-ին՝ ԱՄՆ-ում:
Մետաղյա կորպուսով iPhone 5S-ը երեք գույնի է՝ արծաթագույն, ոսկեգույն ու սև: Դրա առանձնահատկություններն են 64-բիթային A7 պրոցեսորը, գաղտնաբառը փոխարինող մատնահետքերի սկաները, որը համատեղել են Home կոճակի հետ, ինչպես նաև ավելի հզորացված ֆոտո- ու տեսախցիկը:
Ինչպես շատերը սպասում էին, ընկերությունը վերջապես թողարկեց սմարթֆոնի ավելի մատչելի տարբերակը: Հինգ գունային տարբերակով iPhone 5C-ի կորպուսը պլաստմասե է, այն մոտավորապես ունի iPhone 5 մոդելի կարողությունները: Սմարթֆոնն ունի 4-դյույմանոց Retina-էկրան, 8-մեգապիքսել հզորությամբ տեսախցիկ ու А6 պրոցեսոր:
Նոր iPhone-ը սեպտեմբերի 20-ից արդեն վաճառվում է ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Չինաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, Սինգապուրում ու Մեծ Բրիտանիայում:
Ի դեպ, վաճառքի առաջին երեք օրերին ընկերությունն արդեն մոտ 9 մլն սմարթֆոն էր վաճառել: Apple-ի սահմանած գների համաձայն, iPhone 5C-ն արժի 550 ԱՄՆ դոլար, իսկ iPhone 5S-ը՝ 650 դոլար: